Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

08:16 10.5.2022

Եվրոպական միության հանձնակատար Իլվա Յոհանսոնը և միության այլ պաշտոնյաներ մայիսի 9-ին Ուկրաինայի հետ համերաշխություն են հայտնել՝ Բելգիայում Եվրամիության կենտրոնակայանի մոտ երկինք բաց թողնելով սպիտակ աղավնիներ: Արարողությանը մասնակցել են նաև մի խումբ ուկրաինացի դիվանագետներ:

Այսօր Եվրոպայի օրվա առթիվ հրապարակած ուղերձում Ուկրաինայի հարցին է անդրադարձել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ելույթ ունենալով Ստրասբուրգում տեղակայված Եվրախորհրդարանում, նա ասել է, թե խաղաղության և համերաշխության տեսարանը «շատ ավելի հզոր է, քան ինչ-որ զինվորական զորահանդես, որը հիմա տեղի է ունենում Մոսկվայի փողոցներում»:

Ուրսուլա ֆոն դեր Լայենի ուղերձը համընկել է այդ պահին Ռուսաստանում Հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացվող զորահանդեսի հետ:

08:18 10.5.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, թե կարևոր է հարգել նացիստական Գերմանիայի դեմ պատերազմում զոհված խորհրդային մարդկանց հիշատակը:

«Ռուսները ճիշտ են անում, որ հպարտանում են նացիզմին պարտության ենթարկելու գործում իրենց հերոսական դերով», - նշել է Ջոնսոնը Evening Standard օրաթերթին տված հարցազրույցում:

Խոսելով Ուկրաինայի պատերազմի մասին, Ջոնսոնն ասել է, թե Ռուսաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որից հնարավոր չէ հաղթող դուրս գալ:

«Պուտինը սոսկ հանուն սնափառության է ներքաշվել այս անիմաստ պատերազմի մեջ, որում անհնարին է հաղթել, և նվաստացումից խուսափելու համար մահվան է դատապարտում երիտասարդ ռուսներին և ուկրաինացիներին», - հայտարարլ է Բրիտանիայի վարչապետը:

08:21 10.5.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցումը Եվրամիությանը կարող է երկար տևել:

«Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ անդամակցության գործընթացը կարող է տևել տարիներ և նույնիսկ տասնամյակներ: Դա է իրականությունը, եթե, իհարկե, մենք չմեղմենք թեկնածուների նկատմամբ պահանջները կամ չվերանայենք մեր մոտեցումը Եվրոպայի միասնության հանդեպ», - ասել է Մակրոնը:

«Բայց նույնիսկ առանց Եվրամիության անդամ ի պաշտոնե համարվելու հանգամանքի Ուկրաինան եվրոպական ընտանիքի անդամ է, որովհետև այսօր խիզախորեն պայքարում է Եվրոպայի համար», - շեշտել է Ֆրանսիայի նախագահը:

08:23 10.5.2022

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեկ Օդեսայում հրթիռակոծության կապակցությամբ ստիպված ընդհատել է հանդիպումներն ու տեղափոխվել է ռմբապաստարան:

Միշելն Ուկրաինայում վարչապետ Դենիս Շմիգալի հետ քննարկել է Կիևին տնտեսական, մարդասիրական և ռազմական օգնություն տրամադրելու հարցերը: Քննարկմանը Կիևից տեսակապով մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Ուկրաինայի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում զրուցակիցները ստիպված ընդհատել են քննարկումը և իջել են ռմբապաստարան, քանի որ ռուսական ուժերը սկսել են հրթիռակոծել Օդեսան», - ասել է Միշելին ուղեկցող մի պաշտոնյա:

Եվրոպայի խորհրդի նախագահը նախապես չհայտարարված այց է կատարել Ուկրաինա:

08:24 10.5.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «լենդ-լիզի» մասին օրենքը, որը դյուրացնելու է զենք, զինամթերք, տեխնիկա և ռազմական նշանակության այլ օգնություն Ուկրաինային տրամադրելու գործընթացը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղարի օգնական Էնջելա Պերեսը:

Այդ նախաձեռնության մասին դեռ պատերազմից առաջ խոսել են մի խումբ հանրապետական սենատորներ: Նրանք առաջարկել են նախագահին շնորհել առավել ընդարձակ լիազորություններ Ուկրաինայի կառավարությանը վարձակալության տարբերակով ամերիկյան զենք և տեխնիկա ժամանակավոր տրամադրելու համար:

08:25 10.5.2022

Մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված հանրային միջոցառումների, երթերի և զորահանդեսների ընթացքում Ռուսաստանում ձերբակալվել է առնվազն 125 մարդ:

Իրավապահներն այդ քաղաքացիներն ձերբակալել են հակապատերազմական ակցիաների, կարգախոսներ վանկարկելու, պաստառներ կամ խորհրդանշաններ կրելու համար:

10:22 10.5.2022

Ռուսական ռեզերվները, արժութային պահուստներից սառեցված ակտիվները պետք է բռնագրավվեն և օգտագործվեն Ուկրաինան վերականգնելու համար։ Սա Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի կարծիքն է, որ նա հայտնել է հեղինակավոր Financial Times-ին։

Բորելն ասել է, որ սա նման մի բան կլինի, ինչ Վաշինգտոնն արեց Աֆղանստանի կենտրոնական բանկի ակտիվների հետ, երբ թալիբները վերադարձան իշխանության։

Մարտին Ռուսաստանը հայտարարել էր, որ պատերազմի պատճառով սառեցվել են մոտ 300 միլիարդ դոլարի իր ակտիվները՝ արտասահմանում երկրի ոսկու և արժույթի պահուստների մոտ կեսը։

Ըստ Եվրահանձնաժողովի գնահատականների՝ Ուկրաինայի վերակառուցման գինը կարող է հասնել հարյուր միլիարդավոր եվրոների։

10:28 10.5.2022

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ևս մեկ ռուս մագնատ է մահացել՝ առեղծվածային հանգամանքներում։ Խոսքը «Լուկօյլ»-ի նախկին թոփ մենեջեր Ալեքսանդր Սուբոտինի մասին է։

Լրատվամիջոցները, վկայակոչելով Մոսկվայի մարզային ոստիկանության մոտ աղբյուրները, հայտնել են, որ դատաբժշկական փորձաքննություններ են սկսվել՝ Սուբոտինի մարմնի մեջ հնարավոր թմրանյութեր հայտնաբերելու համար։

Նրա դին մեկ օր առաջ հայտնաբերվել էր մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի տներից մեկում: Աղբյուրների համաձայն, այդ տան սեփականատեր Ալեքսեյ Պինդյուրինը ցուցմունք է տվել, համաձայն որի, Սուբոտինը եկել էր իր տուն՝ տոնը նշելու, նրա մոտ նկատվել են խումհարի նշաններ։

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր կասկածելի հանգամանքներում մահացել են ռուսական այլ էներգետիկ ընկերությունների մի քանի մենեջերներ:

21:28 10.5.2022

Ռուսական հրետանու կողմից Կիևի շրջանի Շևչենկովե գյուղի գնդակոծության ժամանակ սպանվել է ուկրաինացի լրագրող Օքսանա Գայդարը։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն։

Վերջինիս խոսքով՝ գնդակոծության հետևանքով մահացել է նաև լրագրողի մայրը։ Գայդարը ամուսնու և ընտանիքի հետ բնակվում էր Մոսկվայում, Ուկրաինա էր վերադարձել պատերազմի ընթացում։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր շուրջ երկու տասնյակ տեղացի և արտասահմանցի լրագրողներ են սպանվել։ Ապրիլի 28-ին Կիևում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով սպանվել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակից Վերա Գիրիչը։

21:30 10.5.2022

Եվրամիության գործադիր մարմինը հաջորդ ամիս իր կարծիքը կհայտնի Ուկրաինայի անդամակցության հայտի վերաբերյալ, ինչը կարևոր քայլ է մինչև 27 անդամ երկրների կողմից հարցի քննարկումը։ Այս մասին երեկ հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Թվիթերում նա գրել է, որ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և անհամբեր սպասում է Ուկրաինայի անդամակցության հարցաշարի պատասխաններին։

Ավելի վաղ Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ֆոն դեր Լայենն ասել էր՝ Եվրոպայի ապագան նաև «Ուկրաինայի ապագան է»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG