Մատչելիության հղումներ

Եվրոպացիներն ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության սպիտակ աղավնիներ են բաց թողել երկինք


Եվրոպական միության հանձնակատար Իլվա Յոհանսոնը և միության այլ պաշտոնյաներ այսօր Ուկրաինայի հետ համերաշխություն են հայտնել՝ Բելգիայում Եվրամիության կենտրոնակայանի մոտ երկինք բաց թողնելով սպիտակ աղավնիների: Արարողությանը մասնակցել են նաև մի խումբ ուկրաինացի դիվանագետներ:

Այսօր Եվրոպայի օրվա առթիվ հրապարակած ուղերձում Ուկրաինայի հարցին է անդրադարձել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ելույթ ունենալով Ստրասբուրգում տեղակայված Եվրախորհրդարանում, նա ասել է, թե խաղաղության և համերաշխության տեսարանը «շատ ավելի հզոր է, քան ինչ-որ զինվորական զորահանդես, որը հիմա տեղի է ունենում Մոսկվայի փողոցներում»:

Ուրսուլա ֆոն դեր Լայենի ուղերձը համընկել է այդ պահին Ռուսաստանում Հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացվող զորահանդեսի հետ:

«Եվրոպայի ապագան նաև ձեր [ուկրաինացիների] ապագան է, մեր դեմոկրատիայի ապագան ձեր դեմոկրատիայի ապագան է: 77 տարի առաջ է պատերազմը փոխարինվել է մի նոր բանով, եվրոպական համայնքով, որն այսօր դարձել է Միություն: Այդ օրն է սկսվել ապագան: Կա ապագա, որը մենք միասին ենք ստեղծում, և Եվրոպայի կառուցման հաջորդ փուլի պատմությունը, սիրելի ուկրաինացի բարեկամներ, դուք եք գրում, Սլավա Ուկրայինե, կեցցե Եվրոպան»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրոպայի օրը 1964 թվականից սկսած ամեն տարի նշվում է մայիսի 9-ին: 1950 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանն առաջարկել է քարածխի և երկաթի արդյունահանման ոլորտում համագործակցության ծրագիր, որին 1951-ին միացել են Ֆրանսիան, Արևմտյան Գերմանիան, Բելգիան, Իտալիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը:

«Շումանի ծրագրով» կազմվել է «Ածխի և պողպատի եվրոպական ընկերակցությունը», ինչը համարվում է առաջին քայլը Եվրոպական միության ստեղծման ուղղությամբ: Հետագայում ծրագրին միացել են Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Դանիան: Ավելի ուշ այդ կազմավորման հիման վրա ստեղծվել է Եվրոպական միությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG