Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

10:49 4.5.2022

Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների, Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների պաշտոնյաների, ինչպես նաև ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ։

Ավստրալիայի ներքին գործերի նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցները վերաբերում են Պետդումայի 75 պատգամավորների, Դոնեցկի 20 և Լուգանսկի 12 նախարարների։

10:51 4.5.2022

Երեկ հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասի միջև, նրանք քննարկել են Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հարցը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները «քննարկել են Ուկրաինային հավելյալ հումանիտար ու ռազմական օգնությունն ու տրանսատլանտյան միասնության պահպանումը»։

Բլինքենը և Թրասը խոսել են նաև «տնտեսական հետևանքների մասին նրանց համար, ովքեր շարունակում են ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերել» Ուկրաինայում ռուսական ռազմական ներխուժմանը։

13:02 4.5.2022

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, դաշինքի գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ը մինչև տարեվերջ ամբողջությամբ կսահմանափակի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումը։

«Մենք վեց ամսվա ընթացքում աստիճանաբար կդադարեցնենք ռուսական հում նավթի մատակարարումները, իսկ մինչև տարեվերջ՝ նավթամթերքի», - ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հնարավոր բացառությունների մասին չի խոսել, մինչ այդ Հունգարիան և Սլովակիան, որոնք մեծապես կախված են ռուսական էներգակիրներից, ավելի վաղ հայտարարել էին, որ դեմ են արգելքին:

14:10 4.5.2022

Մոսկվան սպառնում է ոչնչացնել Ուկրաինայի համար սպառազինություն տեղափոխող ՆԱՏՕ-ի տրանսպորտային միջոցները։

«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենք լցնել Ուկրաինա: Նշեմ, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած տրանսպորտ, որը երկրի տարածք է ժամանել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար նախատեսված զենքով կամ նյութական միջոցներով, մեր կողմից համարվում է ոչնչացման օրինական թիրախ», - հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

15:57 4.5.2022

Հաղթանակի օրը Ռուսաստանում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու ծրագրերի մասին հրապարակումներին չպետք է հավատալ, դա անհեթեթություն է և սուտ։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Արևմտյան մի շարք աղբյուրներ՝ այդ թվում CNN-ը, վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել են, թե Ռուսաստանի նախագահը կարող է մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ և պահեստազորի մոբիլիզացիա հայտարարել։ Հավելյալ ուժերն, ըստ նույն աղբյուրների, անհրաժեշտ են Ուկրաինայի արևելյան և հարավային տարածքները գրավելու համար։

07:48 5.5.2022

Ռուսական իշխանությունները հետախուզում են հայտարարել երկրի հայտնի հեռուստալրագրողներից մեկի՝ Կրեմլի կոշտ քննադատ Ալեքսանդր Նևզորովի նկատմամբ։

Նևզորովի անունը Ներքին գործերի նախարարության կողմից հետախուզվող անձանց ցանկում է հայտնվել չորեքշաբթի օրը, գերատեսչության տվյալներով՝ նախկին պատգամավորը, որը ներկայումս Ռուսաստանում չէ, կասկածվում է «Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»:

Ռուսաստանյան նոր օրենքը, որը Պուտինը ստորագրել է Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ֆոնին, երկարաժամկետ՝ ընդհուպ մինչև 10 տարվա ազատազրկում է նախատեսում ռուսական ռազմական գործողությունների մասին «կանխամտածված կեղծ տեղեկություններ» տարածելու համար։

07:51 5.5.2022

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, թե անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում:

«Անդամակցությունից կբխեն համապատասխան հետևանքներ, այդ թվում՝ ժամանակի փորձությանը դիմացած մեր բարիդրացիական հարաբերությունների համար: Արդյո՞ք դրան են ձգտում Շվեդիայի և Ֆինլանդիայի ժողովուրդները», - նշել է Զախարովան:

«Մենք նախազգուշացնում ենք Հյուսիսային Եվրոպայից մեր հարևաններին, որ ՆԱՏՕ-ի ուղեծիր ներքաշվելու փաստը կարող է քայքայել եվրոպական անվտանգության համակարգը, ընդ որում՝ դա վերջին շաբաթների միտում չէ, դա բավական վաղուց է սկսվել և պարբերաբար է արվում», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

10:25 5.5.2022

Ուկրաինական լրատվամիջոցները գիշերը հաղորդեցին, որ երկրի բոլոր քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին օգնել փրկել մարդկանց, ովքեր դեռ չեն կարողանում լքել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խաղաղ բնակիչների համար «Ազովստալ»-ից մարդասիրական միջանցքներ կբացի երեք օրով՝ մայիսի 5-ին, 6-ին և 7-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8-ից մինչև 18-ը։

13:59 5.5.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հատուկ ուղերձով դիմել է Դանիայի ժողովրդին: Նա ասել է, որ Դանիան 77 տարի առաջ կարողացել է վտարել նացիստներին:

Նրա խոսքով՝ ամեն տարի եվրոպացիները մայիսյան այս օրերին տոնում են հրեշավոր չարիքի՝ նացիզմի դեմ հաղթանակը:

«Բայց միայն հիշել բավական չէ, անհրաժեշտ է կանխել այն, ինչ նացիստները ժամանակին արել են Եվրոպայում: Հիմա ուկրաինացի կանայք և տղամարդիկ՝ մեր բարեկամ և գործընկեր երկրների աջակցությամբ, ինչպես հակահիտլերյան կոալիցիայի օրերին, պայքարում են չար ուժերի դեմ և ետ են պահում նրանց, ովքեր մոռացել են, թե ինչն է մարդկանց ուրախություն բերել 1945 թվականին: Եթե Ռուսաստանում բոլորը դա հիշեին, այս պատերազմը պարզապես չէր սկսվի», - հայտարարել է Զելենսկին:

14:44 5.5.2022

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է հրետանու հարվածներով ուկրաինացի ավելի քան 600 զինծառայողների ոչնչացնելու մասին:

«Հրետանու միավորները հարվածներ են հասցրել 32 թիրախներին, 5 պահեստներին, մարդուժի և տեխնիկայի կուտակման վայրերին, 403 հենակետերին և ուկրաինական հրետանու 51 դիրքերին, ոչնչացվել է ավելի քան 600 «նացիոնալիստ», 61 միավոր զենք և տեխնիկա»,- ասել է գեներալ-մայոր Կոնաշենկովը:

Նրա փոխանցմամբ, ռուսական ուժերը հրթիռակոծել են Կիրովոգրադի շրջանում Կանատովո օդակայանը և Նիկոլաևում վառելիքի խոշոր պահեստ: Ուկրաինայի բանակը շարունակում է դիմադրել:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG