Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:40 5.5.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փոխանցմամբ, Ուկրաինան հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ բանակցություններով: Այդ մասին Լուկաշենկոն ասել է Associated Press ամերիկյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Ես գիտեմ Ռուսաստանի դիրքորոշումը, գիտեմ, թե ինչ է առաջարկում Ռուսաստանը: Բայց ինչու Ուկրաինան, որի տարածքում փաստացի պատերազմ է ընթանում, ռազմական գործողություններ են, մարդիկ են զոհվում, հետաքրքրված չէ այդ բանակցություններով, դա էլ հարց է, և այդ հարցի պատասխանը կարելի է գտնել Վաշինգտոնում», - ասել է Լուկաշենկոն:

Նա ենթադրում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը ցանկանում է հարցը լուծել դիվանագիտական եղանակով, սակայն չի կարող դա անել, քանի որ նախագահ Վլադիմիր Զելենսկին գործնականում այսօր չի կառավարում երկիրը:

«Դուք եք {Արևումտքը} այնտեղ իշխում: Հերիք է Ջո Բայդենն ասի՝ «բա՛վ է, տղերք, կռվեցիք, իրար մռութ ջարդեցիք, հիմա ավարտե՛ք, այս պատերազմը ոչ մեկին պետք չէ, ոչ մեկին ձեռնտու չէ», և մեկ շաբաթում պատերազմը կավարտվի», - ասել է Բելառուսի նախագահը:

16:36 5.5.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախաձեռնում է համաշխարհային դրամահավաք: Նվիրատվությունները կուղղվեն Ռուսաստանի ագրեսիան դիմագրավելու և երկիրը պատերազմից հետո վերակառուցելու խնդիրներին:

Դրամահավաքի մասին Զելենսկին հայտնել է Twitter-ում այսօր տեղադրած անգլերեն տեսաուղերձով:

Վլադիմիր Զելենսկու փոխանցմամբ, այս նախաձեռնությունն ամբողջ աշխարհի շարքային մարդկանց թույլ կտա միանալ Ռուսաստանի բանակի հարձակման դեմ Ուկրաինան պաշտպանելու առաքելությանը:

Դրամահավաքի կայքում նշվում է, որ նվիրատվությունները կուղղվեն երեք հիմնական նպատակների՝ պաշտպանությանը և ականազերծմանը, առողջապահությանը և երկրի վերակառուցմանը:

08:48 6.5.2022

Ֆրանսիայում կալանք է դրվել ռուս օլիգարխ, «Ալֆա-Բանկի» հիմնադիր Միխայիլ Ֆրիդմանին պատկանող շքեղ առանձնատան վրա:

Copab անվամբ վիլլան գտնվում է Սեն-Տրոպեում և ունի 580 քառակուսի մետր տարածք: Ըստ կադաստրի փաստաթղթերի, առանձնատունը պատկանում է SNC COPAB ֆրանսիական մասնավոր ընկերությանը, որի շահառուներն են ռուս օլիգարխի դուստրեր Լարիսա և Եկատերինա Ֆրիդմանը: Գույքի ևս 1 տոկոսն էլ պատկանում է Ֆրիդմանի նախկին կնոջը՝ Օլգա Այզիմանին:

Copab վիլլայում կա 10 ննջասենյակ, տարածքում կա լողավազան, շոգեբաղնիք և առանձին հարթակ ուղղաթիռի համար:

Այս վիլլան համացանցում ունի իր կայքը և վարձով է տրվում ամսական 180-ից 440 հազար եվրո գումարով:

Միխայիլ Ֆրիդմանը դարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի կապակցությամբ Եվրոպական միության պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ռուսաստանցի առաջին օլիգարխներից մեկը: Նրան պատժամիջոցի ենթարկելու հիմնավորման փաստաթղթում ասվում է, որ նա սերտ կապեր ունի նախագահի աշխատակազմի հետ և նպաստել է 2014 թվականին Ղրիմի բռնազավթմանը:

Ֆրիդմանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում «անարդար» է անվանել սանկցիայի որոշումը:

08:50 6.5.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ տեսակապով մասնակցել է Վարշավայում անցկացվող Ուկրաինայի դոնոր երկրների համաժողովին:

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան Ուկրաինային տրամադրվող օգնությունը 2022 թվականին 1 միլիարդ 700 միլիոն եվրոյից կհասցնի 2 միլիարդ եվրոյի:

Ֆրանսիայի նախագահի փոխանցմամբ, գումարն ավելացվում է, քանի որ մեծացել են թե՛ բնակչությանը տրվող մարդասիրական օգնության և թե՛ ավերված ենթակառուցվածքների վերականգնման ծավալները:

Ուկրաինայի դոնոր երկրների համաժողովը հովանավորում են Լեհաստանը և Շվեդիան: Համաժողովի ընթացքում արդեն հավաքվել է 6,5 միլիարդ դոլար:

Եվրոպական հանձնաժողովը 200 միլիոն եվրո է տրամադրել: Միլիոնավոր եվրոներ են խոստացել Չեխիան, Ֆինլանդիան և մի շարք այլ երկրներ:

08:53 6.5.2022

Կրեմլը հայտարարել է, թե տեղյակ է, որ արևմտյան երկրները հետախուզական տվյալներ են տրամադրում Ուկրաինային:

«Մեր զինվորականները տեղյակ են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և ընդհանրապես ամբողջ ՆԱՏՕ-ն հետախուզական և կարևոր այլ տեղեկատվություն են փոխանցում Ուկրաինային», - ասել է Պեսկովը:

Նա նշել է, թե չնայած այդ տեղեկատվական և նյութական օգնությանը, Ռուսաստանի բանակը միևնույն է կլուծի հանձնարարված խնդիրները:

«Զենքը, որը ՆԱՏՕ-ն փոխանցում է Ուկրաինային, այդ բոլոր գործողությունները, այսպես ասենք՝ թույլ չեն տալիս արագ ավարտել օպերացիան, բայց միևնույն ժամանակ դրանք չեն խարխլել նպատակներին հասնելու կարողությունը», - ասել է Պեսկովը:

08:54 6.5.2022

Reuters լրատվական գործակալությունը լայնածավալ հետազոտություն է անցկացրել և հայտարարել է, որ Կիևի շրջանում գտնվող Բուչա ավանում մարդկանց սպանդի հետ առնչություն ունեն գրավման պահին այնտեղ գտնվող ռուսական ուժերը:

Ըստ հետազոտության, Կիևի շրջանի այդ հատվածում տեղակայված են եղել «Ռոսգվարդիա» կառույցի «Վիտյազ» ստորաբաժանումը, Պսկովից ժամանած 76-րդ դեսանտային դիվիզիան և չեչենական զորամիավորումները:

08:56 6.5.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի խնդիրը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշրայտը:

«Կանցլերը և նախագահն ընդգծել են, որ չեն ճանաչի որևէ քայլ, որը կհակասի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Նմանօրինակ քայլերն իրավակարգ չեն համարվի», - ասել է Հեբեշրայտը:

Նրա փոխանցմամբ՝ Շոլցը և Բայդենը միակարծիք են, որ հարկ է շարունակել Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված էական և մշտական օգնության տրամադրումը:

«Երկու լիդերները համոզված են, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել պատերազմը, դուրս հանել զորքն Ուկրաինայից և այդպես ապահովել այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - նշել է խոսնակը:

11:46 6.5.2022

Ֆինլանդիան պատրաստ է Ռուսաստանի կողմից բնական գազի մատակարարման հնարավոր դադարեցմանը։ Այս մասին Reuters լրատվական գործակալությանն ասել է Ֆինլանդիայի նախարարների կաբինետի անդամներից մեկը։

11:47 6.5.2022

Սպիտակ տունը հայտարարել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ձգտումներին:

«Ակնհայտ է, որ մենք վճռականորեն աջակցում ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և յուրաքանչյուր երկրի՝ իր արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքին», - ասել է Միացյալ Նահանգների նախագահի մամլո խոսնակ Ջեն Սաքին։

11:48 6.5.2022

Մարիուպոլից և «Ազովստալ» գործարանի տարածքից մոտ 500 մարդ է դուրս բերվել, առավոտյան հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Մարիուպոլից, բայց դեռ ոչ կոնկրետ «Ազովստալ»-ից տարհանումը շարունակելու մասին լուրը հաստատել է նաև Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Նա հորդորել է ցանկացողներին այսօր մինչև կեսօր հավաքվել համապատասխան կետում։

Բացի այդ, Վերեշչուկը գրել է, որ երեկ Մարիուպոլից, ինչպես նաև Բերդյանսկից և մի քանի այլ բնակավայրերից դուրս է բերվել ավելի քան 340 մարդ՝ կանայք, երեխաներ և ծերեր։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեկ Անվտանգության խորհրդին հայտնել է Մարիուպոլից և պաշարված «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչներին տարհանելու երրորդ մարդասիրական օպերացիայի մասին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG