- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը կրկին կոչ է արել քաղաքացիներին տարհանվել, քանի որ իրավիճակն ամեն ժամ վատթարանում է։ Գայդայը Թվիթերում գրել է, որ այսօր Սևերոդոնեցկից, Լիսիչանսկից, Ռուբեժնոյեից, Գոռնիից և Պոպասնայայից մարդկանց դուրս բերելու «հերթական փորձն» է լինելու։
«Իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է, մենք ավտոբուս և մարդասիրական օգնություն ենք ուղարկում, օրինակ, Պոպասնայա, և վստահ չենք, որ դրանք կհասնեն իրենց նպատակակետին: Սնունդ, ինչպես նաև դեղորայք գնելու տեղ գրեթե չկա։ Տարհանվեք և համոզեք ձեր հարազատներին՝ կարող է գալ մի օր, երբ մենք չկարողանանք դեղորայք և սնունդ հասցնել: Պաշտպանեք ձեզ՝ մոտեցեք տարհանման տրանսպորտին և հեռացեք», - գրել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Կիևի պնդմամբ՝ ռուսական բանակի հարձակումը երկրի արևելյան շրջաններում շարունակվում է։ «Ռուսական ստորաբաժանումների հարվածների հիմնական ուղղությունը Դոնբասում է», - հայտարարում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։
«Թշնամին փորձում է խորանալ Պոպասնայա բնակավայրի տարածքում։ Ռուբեժնոյե և Սևերոդոնեցկ քաղաքների ուղղությամբ իրականացված գրոհներից հետո շուրջ 130 վիրավոր ռուսաստանցի զինվորականներ տեղափոխվել են այդ շրջանում գտնվող Նովոայդար քաղաքի հիվանդանոց։ Ռուսական կողմի գրոհների հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Մարիուպոլը։ Ռուսական բանակը շարունակում է հարձակումը «Ազովստալ» գործարանի տարածքում», - հայտարարում է Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շպուտունը։
Ուկրաինական բանակի հրամանատարության տվյալներով՝ անցած 24 ժամերին ռուսական բանակը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում կորցրել է 12 տանկ, 28 հետևակի մարտական մեքենա և մեկ հրետանային համակարգ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Առաջիկա օրերին ուկրաինական բանակը կստանա ամերիկյան սպառազինության հերթական խմբաքանակը, մասնավորաբար, հզոր հրանոթներ՝ հաուբիցներ», - անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Հաուբիցների պահով կարող եմ միայն ասել, որ դրանց մատակարարումը իրականացվելու է շատ շուտով։ Նախօրեին արդեն նշել էի, որ [Ուկրաինա մատակարարման համար] հավաքագրված հաուբիցների ընդհանուր թիվը հասնում է 18-ի։ Դրանք ուղարկվում են Միացյալ Նահանգներից, և ես կարծում եմ, որ այդ սպառազինության տեղ հասնելը օրերի հարց է», - ասել է Քիրբին։
Ամերիկյան ռազմական գերատեսչության խոսնակը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ՆԱՏՕ-ն Կիևին է տրամադրել շուրջ 50 միլիոն միավոր փոքր տրամաչափի զենք և զինամթերք։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Մոսկվան ուկրաինական կողմին է փոխանցել երկկողմ համաձայնագրի իր տարբերակը, այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ փաստաթուղթը շատ հստակ, մշակված ձևակերպումներ է պարունակում։ Այժմ գնդակը ուկրաինացիների դաշտում է, սպասում ենք նրանց պատասխանին», - ասել է նա։
Հարցին, թե արդյո՞ք ռուսական կողմը հստակ ժամկետներ է սահմանել իր առաջարկին արձագանքի համար, Կրեմլի խոսնակը միայն նշել է. «Դա կախված է ուկրաինական կողմից»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Աշխատանքային այցով Կիևում է Եվրամիության ղեկավար մարմնի՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելուց անմիջապես հետո եվրոպացի պաշտոնյան այցելել է Կիևի մերձակայքում գտնվող Բորոդյանկա ավան։ Այստեղ կատարած շրջայցից հետո Միշելը Twitter-ում գրել է. «Պատմությունը չի մոռանա այստեղ կատարված ռազմական հանցագործությունները։ Առանց արդարության խաղաղություն լինել չի կարող»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Փետրվարի 24-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, Ուկրաինայի տարածքը ավելի քան 5 միլիոն խաղաղ բնակիչ է լքել։ Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։
Այս կառույցի հրապարակած վիճակագրության համաձայն` վերջին երկու ամիսներին 2 միլիոն 800 հազար ուկրաինացիներ հատել են Լեհաստանի հետ սահմանը, ավելի քան 700 հազար մարդ տեղափոխվել է Ռումինիա։
«Հունգարիան և Մոլդովան ավելի քան 400 հազարական ուկրաինացի փախստական են ընդունել», - նշում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ խորհրդարանում հնչեցրած ելույթի ընթացքում կոչ է արել պաշտոնական Մոսկվային «մարդասիրաբար և կարեկցանքով» վերաբերվել Մարիուպոլում գերեվարված Միացյալ Թագավորության քաղաքացիներ Էյդեն Էյսլինին և Շոն Փիներին։
«Իմ ընտրատարածքից սերող Էյդեն Էյսլինը վերջին չորս տարիներին ծառայում էր Ուկրաինայի Զինված ուժերում։ Նախորդ շաբաթ Մարիուպոլում նա գերեվարվել է ռուսական բանակի կողմից։ Երեկ արդեն շրջանառության մեջ դրվեց քարոզչական նպատակներով արված մի տեսանյութ, որում պատկերված էր Էյսլինը՝ ձեռնաշղթաներով և ֆիզիկական բռնության հետքերով։ Դա Ժնևյան կոնվենցիայի աղաղակող խախտում է», - հայտարարում էր Մեծ Բրիտանիայի վարչապետը։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ կառույցի անդամները կշարունակեն էներգետիկայի բնագավառում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից:
Այդ նպատակով Եվրամիությունը կրճատելու է ռուսական նավթի և գազի ներկրման ծավալները:
Բորելի փոխանցմամբ՝ այդ հարցը կքննարկվի Եվրամիության առաջիկա գագաթնաժողովներում:
«Եվրոպական հանձնաժողովն ունի ռուսական գազի սպառումը երկու երրորդով կրճատելու ծրագիր: Մենք պետք է ազատվենք այդ կախվածությունից, և դա անելու լավագույն ձևը վերականգնվող էներգետիկայի զարգացումն է, մենք չպետք է վերադառնանք ածխին»,- ասել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին ասել է, թե «Սարմատ» տեսակի նոր միջմայրցամաքային ռուսական հրթիռի փորձարկումը չի կարող որևէ կերպ փոխել Միացյալ Նահանգների դիրքորոշումն Ուկրաինայի հարցում:
Խոսնակի փոխանցմամբ, Վաշինգտոնը որպես նախազգուշացում կամ սպառնալիք չի ընկալում ռուսական ռազմական նոր հրթիռիարձակումը:
«Նրանք ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի պահանջին համաձան մեզ տեղեկացրել են այդ հրթիռի փորձարկման մասին: Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ փորձարկումները չի համարում վտանգ Միացյալ Նահանգների կամ դաշնակիցների համար»,- ասել է Սպիտակ տան մամլո պատասխանատուն:
Ջեն Սաքիի խոսքով, «ռուսական հրթիռների փորձարկումների ժամանակը կամ ծավալը չեն կարող փոխել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը հակազդելու Միացյալ Նահանգների մոտեցումը»:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մեծ յոթնյակի երկրները կուժեղացնեն տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ Այս մասին ասվում է G7-ի ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունում։
Երեկ Վաշինգտոնում կայացած նիստի մասնակիցները նաև ընդգծել են, որ G7-ը գործընկերների հետ միասին կշարունակի քայլեր ձեռնարկել՝ ուղղված «Ռուսաստանի համար այս պատերազմի արժեքը բարձրացնելուն»։
Համատեղ հայտարարությունում նշվում է նաև, որ Մեծ յոթնյակի երկրները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ ուղղված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների իրականացմանը և դրանք շրջանցելու ցանկացած փորձի կանխմանը։
Մեծ յոթնյակի երկրները նաև ափսոսանք են հայտնել Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի մասնակցության համար։
Ի դեպ, աշխարհի առաջատար երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ֆինանսների նախարարները, ինչպես նաև Ուկրաինայի ներկայացուցիչները, լքել են G20-ի փակ հանդիպումը Վաշինգտոնում ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի՝ տեսակապի միջոցով ելույթի ընթացքում։