Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

11:35 21.4.2022

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան Մոսկվայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի:

Մևլյութ Չավուշօղլուն պնդել է, որ Թուրքիան չի կարող ազնիվ միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եթե միանա պատժամիջոցներին։

Ըստ նրա՝ Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկը դեռ սեղանին է։

Չավուշօղլուն հայտնել է, որ Էրդողանը մտադիր է առաջիկա օրերին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի և Զելենսկու հետ։

Թուրքիան նաև Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներին առաջարկում է հանդիպել Ստամբուլում կամ Անթալիայում։

11:38 21.4.2022

Ուկրաինան Կիևից Լեհաստան գնացք է գործարկել: Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, գնացքը կաշխատի օրական երկու անգամ։ Լեհական սահմանամերձ Պերեմիշլ քաղաքից ուղևորները կարող են համեմատաբար հեշտությամբ հասնել Կրակով և Վարշավա, իսկ ավելի ուշ՝ եվրոպական այլ երկրներ:

Պատերազմի երկու ամիսների ընթացքում մոտ 5 միլիոն մարդ է հեռացել Ուկրաինայից, հիմնականում՝ արևմտյան ուղղությամբ, և այդ փախստականների մեծ մասը, գոնե սկզբնական շրջանում, մեկնել է Լեհաստան։ Ընդ որում, նրանք, որպես կանոն, սկզբում հասնում էին Լվով, իսկ հետո Լեհաստանի սահմանն անցնում մեքենաներով, ավտոբուսներով կամ ոտքով։

11:41 21.4.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գրասենյակը կազմակերպությունում Ռուսաստանի և Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններին առանձին նամակներ է փոխանցել՝ ուղղված նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն։ Ինչպես հայտնել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, իր ուղերձներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախագահներին խնդրել է իրեն ընդունել Մոսկվայում և Կիևում։

Օրերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել էր բանակցություններ վարել հումանիտար հարցերի, այդ թվում՝ հրադադարի և մարդասիրական միջանցքների բացման շուրջ։

12:29 21.4.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ազգայնական «Ազով»-ի մայրաքաղաք» Մարիուպոլը վերցվել է վերահսկողության տակ՝ բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի։ «Ուկրաինացի մարտիկներն ու օտարերկրյա վարձկաններն» այնտեղ «ապահով փակված են», - հավելել է Շոյգուն։

Պուտինը Մարիուպոլում «մարտական աշխատանքը» «հաջող» է անվանել և խնդրել է պարգևատրման ներկայացնել ռուս զինվորականներին։ Նա հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում «Ազովստալ»-ի գրոհը և հրամայում է չեղարկել այն՝ բացատրելով իր հրամանը ռուսաստանցի զինվորականների կյանքը պահպանելու նկատառումներով։

15:41 21.4.2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի ավագանին հաստատել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության առջև գտնվող մայթն «Ուկրաինայի հերոսների պուրակ» անվանելու որոշումը:

Բացի այդ, Ռուսաստանի դեսպանատան մոտ գտնվող ևս մեկ անանուն տարածք կստանա Բորիս Նեմցովի անունը:

Սոֆիայի ավագանին, համերաշխություն հայտնելով ռուսների ագրեսիայից պաշտպանվող ուկրաինացիներին, քվեների մեծամասնությամբ թույլատրել է քաղաքապետարանի շենքի վրա Բուլղարիայի ազգային դրոշի կողքին բարձրացնել նաև Ուկրաինայի կապույտ-դեղին դրոշը:

16:25 21.4.2022

Ռուսաստանցի գործարար, «Լուկօյլ» ընկերության համասեփականատեր, հիմնադիր և նախագահ Վագիտ Ալեքփերովը հայտնել է պաշտոնն ազատելու և ընկերության տնօրենների խորհրդի կազմից դուրս գալու մասին:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ վերջերս Վագիտ Ալեքպերովը հայտնվել է Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների ցանկում:

Ծնունդով բաքվեցի և ազգությամբ ադրբեջանցի Ալեքպերովի հիմնադրած «Լուկօյլը» Ռուսաստանում ամենախոշոր մասնավոր նավթային ընկերությունն է:

«Ալեքպերովի համապատասխան դիմումը փոխանցվել է «Լուկօյլի» տնօրենների խորհրդին»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում, որում նշվում է, որ գործարարը հանդես չի գալիս իբրև վերահսկիչ բաժնետեր: Նրան պատկանում է ընկերության բաժնետոմսերի 3.12 տոկոսը, ինչպես նաև առանձին հիմնադրամների միջոցով ևս 5.43 տոկոս, որոնց վերաբերյալ Ալեքպերովը ձայնի իրավունք չունի:

17:04 21.4.2022

Լիտվայի խորհրդարանը՝ Սեյմն ընդունել է Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ սահմանված արտակարգ դրությունը երկարաձգելու որոշում:

Արտակարգ դրության ժամկետը գործել է մինչև ապրիլի 20-ը: Խորհրդարանը 124 կողմ, 0 դեմ և 6 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ որոշել է սահմանել արտակարգ դրություն, որը վաղը կմտնի ուժի մեջ և կգործի մինչև հունիսի 29-ը ներառյալ:

Արտակարգ ռեժիմի մեկօրյա դադարը բացատրվում է տեխնիկական հանգամանքներով, քանի որ Սեյմը պետք է այսօր դեռ քվեարկությամբ հաստատի սահմանադրական երեք լրամշակումներ, ինչն արգելվում է անել արտակարգ դրության պայմաններում:

17:50 21.4.2022

Մոսկվան տակավին սպասում է ուկրաինացիների պատասխանին խաղաղություն հաստատելու վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած գրավոր առաջարկին: Այդ հայտարարությամբ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով երեկ ասել է, թե տեղեկություն չունի ռուսական կողմի առաջարկի մասին:

«Բանագնացների կազմը նույնն է, փորձագետները մշակում են նախագիծը, կրկնում եմ, ինչպես երեկ էի ասել՝ մեր պահանջները, դրանց վերջին տարբերակը, փոխանցվել են մյուս կողմին, ուստի, մենք պատասխանի ենք սպասում: Թեպետ, մենք լսել ենք, որ նախագահ Զելենսկին ասել է, թե ոչ մի տեքստ չի տեսել, և դա էլ է հարցեր հարուցում, քանի որ ոչ ոք Զելենսկուն չի զեկուցում մեր առաջարկների մասին»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:

18:04 21.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Դանիայի և Իսպանիայի վարչապետեր Մետե Ֆրեդերիկսենին և Պեդրո Սանչեսին:

Երկու վարչապետերը Զելենսկու հետ հանդիպունից զատ նաև այցելել են Կիևի շրջանի Բորոդյանկա գյուղ, որտեղ ռուսական բանակը, ենթադրաբար, պատերազմական հանցագործություններ է կատարել:

Դանիան և Իսպանիան խոստանում են մարդասիրական և ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:

Սանչեսն ասել է, որ Իսպանիան Ուկրաինա կուղարկի 200 տոննա զինամթերք, իսկ Ֆրեդերիկսենը հայտնել է, որ Դանիան առաջիկայում զենքի նոր խմբաքանակ կփոխանցի Ուկրաինայի բանակին:

18:54 21.4.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր հանդես է եկել Ուկրաինայի պատերազմի մասին հատուկ ուղերձով, հայտնելով, որ Վաշինգտոնը ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային:

Այս նոր փաթեթով Ամերիկան ուկրաինական բանակին կփոխանցի ծանր հրետանի, հարյուր հազարավոր արկեր, տակտիկական անօդաչուներ, նռնականետեր, ռադարներ, 15 միլիոն միավոր զինամթերք, ռուսական յուրաքանչյուր տանկի հաշվով 10-ը հակատանկային համակարգ:

Ջո Բայդենն ասել է, որ ամերիկացիները կարող են հպարտանալ, որ օգնում են Ռուսաստանի ագրեսիայի դեմ պաշտպանվող Ուկրաինային:

Նա ասել է, թե հիացած է այս պայքարում ուկրաինացիների դրսևորած աներևակայելի արիությամբ և խիզախությամբ:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG