- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ձեռնարկած «աննախադեպ թշնամական քայլերի պատճառով» անհատական պատժամիջոցներ է սահմանում այդ երկրի մի շարք ղեկավարների նկատմամբ։
Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն` Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, արտգործնախարար Էլիզաբեթ Թրասի, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և կառավարության ևս վեց անդամների մուտքը երկրի տարածք այսուհետ արգելվելու է։
Ռուսաստանի տարածք չեն կարող այցելել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյլը, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթարջընը, Անգլիայի և Ուելսի Գլխավոր դատախազ Սուելա Բրավերմանը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Օրերս Ուկրաինայում ձերբակալված ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, այսօր դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ առաջարկելով կազմակերպել իր ամուսնու փոխանակումը Մարիուպոլում գերեվարված այն բրիտանացիների հետ, որոնք ուկրաինական բանակի կազմում մասնակցում էին ռազմական գործողություններին։
«Դիմում եմ Էյդեն Էսլինի և Շոն Փիների հարազատներին։ Ձեր հնարավորությունների շրջանակում է դիմել վարչապետ Բորիս Ջոնսոնին, որպեսզի նա ազդի ուկրաինական ղեկավարության վրա և հասնի Էյդենի և Շոնի ազատմանը՝ փոխանակելով նրանց իմ ամուսնու` ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ», - հայտարարել է Մարչենկոն։
Այս հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց Ռուսաստանի արտգործնախարարությունը ակնարկել է, որ պաշտոնական Մոսկվան կարող է քննարկել նման փոխանակում կազմակերպելու հարցը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանցիների ձեռքում գտնվող ուկրաինացի ռազմագերիների թիվը հասնում է 700-ի, այսօր ուկրաինական հեռուստաալիքների միասնական եթերում հայտարարել է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։
Նրա խոսքով` գրեթե նույնքան ռուսաստանցի ռազմագերիներ էլ այս պահին գտնվում են Ուկրաինայի տարածքում։ «Այս առումով գործնականում հավասարություն է առկա», - ասել է ուկրաինացի պաշտոնյան։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Զատկի պատարագի ժամանակ հիշել է ուկրաինական պատերազմը և ուկրաիներեն ասել` «Քրիստոս հարություն առավ»։
Պատարագին մասնակցել է Ուկրաինայի պատվիրակությունը՝ Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովի գլխավորությամբ։ Այս քաղաքը գրավվել է պատերազմի առաջին օրերից։
Վատիկանի տվյալներով՝ Սուրբ Պետրոսի տաճարում տոնական պատարագին մասնակցել է մոտ 5500 հավատացյալ։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է պատժամիջոցներ բանկային և էներգետիկ ոլորտների նկատմամբ: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա նշել է, որ հատկապես ուշադրության կենտրոնում «Սբերբանկն» է, որին բաժին է ընկնում այս հատվածի 37 տոկոսը:
Բացի այդ, ըստ ֆոն դեր Լայենի, Եվրահանձնաժողովն այժմ «խելացի մեխանիզմների մշակման գործընթացում է», որոնց միջոցով պատժամիջոցների հաջորդ փաթեթը կազդի ռուսական նավթի վրա։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Եվրահանձնաժողովը ևս 50 միլիոն եվրո է հատկացնելու` 45 միլիոն եվրո կուղղվի Ուկրաինայում հումանիտար ծրագրերին, իսկ 5 միլիոն եվրո՝ Մոլդովայում։
Ըստ եվրոպացի պաշտոնյայի` սա «կօգնի մարդկանց հաղթահարել եղած խնդիրները»:
ԵՄ մարդասիրական օգնության ֆինանսավորման ընդհանուր ծավալն արդեն կազմել է 143 մլն եվրո։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բանակցություններ է վարել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման և երկրի ֆինանսական կայունության ապահովման շուրջ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քննարկել են օգնության կոնկրետ ծրագրեր, և այժմ Կիևն ունի հստակ ծրագիր և հեռանկարների տեսլական այս ոլորտում:
Կիևի պաշտոնյաներն ասում են, որ Ուկրաինան մտադիր է ԱՄՀ-ից և Մեծ յոթնյակի երկրներից 50 միլիարդ դոլար խնդրել պատերազմի պատճառով առաջացած բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել Լուգանսկի բնակիչներին տարհանվել առանց հապաղելու։
«Հաջորդ շաբաթը կարող է դժվար լինել: Այն կարող է լինել վերջինը, երբ մենք դեռ հնարավորություն ունենանք ձեզ փրկելու», - երեկ ասել է Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը: «Ողջ մնալը միակ բանն է, որ ձեզնից պահանջվում է», - ասել է նա:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուս զինվորականները շարունակում են Մարիուպոլի պաշարումը։ Երեկ առավոտյան նրանք առաջարկել էին հանձնվել քաղաքում մնացած ուկրաինական ուժերին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները պատսպարվում են «Ազովստալ» գործարանի տարածքում։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հանձնվելու մտադրություն չունեն, Մարիուպոլն էլ «դեռ չի ընկել»։
Երեկ ուկրաինացի քաղաքական գործիչները հայտարարել են նաև, որ ճակատամարտը հանուն Մարիուպոլի կարող է դառնալ «կարմիր գիծ» հետագա բանակցությունների համար։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօր առավոտյան տեղական իշխանությունները հաղորդել են Ուկրաինայի արևմտյան Լվով քաղաքին հասցված 4 հրթիռային հարվածի մասին։ Ռազմական ենթակառուցվածքների օբյեկտին 3 և անվադողերի տեղադրման օբյեկտին 1 հարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել, 8-ը վիրավորվել են, այդ թվում՝ մեկ երեխա։