Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:18 12.4.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ գիշերը Մարիուպոլի «Իլյիչի» գործարանում շրջափակված ուկրաինական ուժերը փորձել են ճեղքել շրջափակումը, բայց նրանց փորձը ձախողվել է։

«Ուկրաինայի շուրջ 100 զինվորականների խումբը զրահամեքենաներով փորձել է մարտերով դուրս գալ գործարանի տարածքից և հյուսիսային ուղղությամբ հեռանալ քաղաքից։ Հրետանու և ավիացիայի հարվածներով այդ փորձը կասեցվել է։ Ոչնչացվել է ուկրաինական 3 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա, 7 ավտոմեքենա և մինչև 50 զինվորական։ Եվս 42 ուկրաինացի զինվորականներ վայր են դրել զենքը և հանձնվել», - ասել է Կոնաշենկովը։

16:20 12.4.2022

Մինչ Արևմուտքը խոսում է Դոնբասում սպասվող խոշոր ճակամարտի, ռուսական բանակի պատերազմական հանցագործությունների ու պատժամիջոցները խստացնելու մասին, Ռուսաստանի նախագահը այսօր կրկին պնդել է, թե վստահ է իր հաղթանակի մեջ։

«Այդպես էլ կլինի: Կասկած չկա։ Նպատակները միանգամայն հասկանալի են, դրանք վեհ են։ Հիմնական նպատակը Դոնբասի մարդկանց օգնելն է: Մեզ ստիպեցին դա անել, քանի որ Կիևի իշխանությունները՝ Արևմուտքի կողմից դրդված, հրաժարվեցին կատարել խնդիրների լուծմանն ուղղված Մինսկի համաձայնագրերը», - ասել է Պուտինը:

Ընդ որում, «հատուկ օպերացիայի» մասին խոսելիս Կրեմլի ղեկավարն այսօր ընդգծել է, որ այն ընթանում է ոչ թե Ուկրաինայի ողջ տարածքում, այլ Դոնբասում։

Մինչ այդ Ուկրաինայի նախագահը շարունակում է պնդել, որ ռուսական բանակը պատրաստվում է այս շաբաթ կտրուկ հարձակման անցնել Դոնբասի հյուսիսում և հարավում։

Ռազմական վերլուծաբանները կանխատեսում են, որ Դոնբասում կայանալիք մարտերը թեժ են լինելու, ամենամեծը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

16:22 12.4.2022

«Բելառուսը ցանկացած իրավիճակում կլինի Ռուսաստանի կողքին»,- այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ամուրի մարզում, «Վոստոչնի» տիեզերակայանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Բելառուսցիների վրա դուք կարող եք հույս դնել, գիտեք, որ ցանկացած իրավիճակում, ինչ էլ պատահի, դուք դրանում համոզված եք, ռուսաստանցիները պետք է համոզված լինեն, մենք միշտ ձեր կողքին կլինենք՝ ցանկացած իրավիճակում»,- ասել է Լուկաշենկոն` ավելացնելով, թե «Հեռավոր Արևելքը հեռու է, բայց մերն է»:

«Մենք, ի տարբերություն ներկայիս հանրապետությունների, պահպանել ենք այդ միասնությունը և ամբողջովին վճռական ենք ամրապնդելու այն», - նշել է Բելառուսի նախագահը։

16:40 12.4.2022

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Հաննա Մալյարն այսօր ասել է, որ զինվորականներն ուսումնասիրում են Մարիուպոլում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո մի խումբ մարդկանց շնչառական և նյարդաբանական հիվանդությունների պատճառները։

Հեռուստատեսության հարցազրույցում Մալյարն այսօր ասել է, թե վարկած կա, որ դա կարող է ֆոսֆորային զենքի հարձակման հետևանք լինել։

Ֆոսֆոր պարունակող զինատեսակը քիմիական զենք չի համարվում, այն հրկիզող զենքի տեսակ է, որի կիրառումն անօրինական չէ, բայց ամեն դեպքում Ժնևյան կոնվենցիաներով բնակչության դեմ ցանկացած զենքի օգտագործում արգելված է։

ԱՄՆ-ը և Բրիտանիան ասել են, որ կստուգեն ռուսական ուժերի կողմից նման զենք կիրառելու կասկածները։

16:44 12.4.2022

Գերմանական օդուժի օդանավը հատուկ չվերթով անցած երկուշաբթի Գերմանիա է տեղափոխել ուկրաինացի վիրավորներին՝ տեղի հիվանդանոցներում նրանց բուժելու նպատակով։

Գերմանիայի օդուժի բժշկական ծառայության տվյալներով` վիրավորներին վերցրել են Լեհաստանի հարավ-արևելքում, Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող Ռժեշով քաղաքի օդանավակայանից։

08:23 13.4.2022

Երեկ Կիևի Սուրբ Վլադիմիր տաճարում վերջին հրաժեշտն են տվել Ուկրաինայի համար զոհված երկու վրացիներին: Նիկա Շանավան և Դավիդ Մենաբդիշվիլին զոհվել են Խարկովի մարզում Իզյում քաղաքի մարտերում։

Տաճարում հոգեհանգստյան արարողությանը ներկա էին տասնյակ մարդիկ, նրանց մարտական ընկերները, ուկրաինացիներ ու վրացի կամավորներ։

Վրաստանի նախկին փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն «Ռոյթերսին» ասել է․ - «Եվս երկու վրացի, որոնք պայքարել են Ուկրաինայի համար, զոհվել են Խարկովի տակ, կռվելով ռասիստների, 21-րդ դարի ֆաշիստների դեմ»։

Մինչ այս հաղորդվել էր, որ Ուկրաինայում արդեն առնվազն չորս վրացի կամավոր է զոհվել։

08:30 13.4.2022

Ուկրաինայում ձերբակալել են ռուսամետ ամենահայտնի լիդերներից «Պուտինի քավոր» Վիկտոր Մեդվեդչուկին: Նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Տելեգրամ-ալիքում տեղադրել է պետական դավաճանության համար մեղադրվող Մեդվեդչուկի լուսանկարը և հաղորդել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է անցկացրել նրան գտնելու ու ձերբակալելու համար:

Մեդվեդչուկը, որին անվանում են «Պուտինի քավորը», տնային կալանքի տակ էր և Ուկրաինա ռուսների ներխուժման առաջին օրը՝ փետրվարի 24-ին, փախուստի էր դիմել:

Ուկրաինայում նա մեղադրվում է մի շարք հոդվածներով, 2021 թվականի հոկտեմբերին կոռուպցիային գումարվել է նաև պետական դավաճանության մեղադրանքը:

Նախկինում Մեդվեդչուկը ղեկավարել է Գերագույն Ռադայում «Հանուն կյանքի» ամենախոշոր ընդդիմադիր կառույցը:

Այն, ըստ դրա քաղաքական ընդդիմախոսների, 2014 թվականին ռուսների կողմից Ղրիմը բռնազավթելուց հետո դրսևորել է բացահայտ ռուսամետ դիրքորոշում և սատարում է Դոնբասի ռուս անջատականներին:

08:34 13.4.2022

Միացյալ Նահանգները որոշել է Ուկրաինային տրամադրել ևս 750 միլիոն դոլարի սպառազեն: Այդ մասին հայտարարությունը Սպիտակ տունը կհրապարակի այսօր:

Զենքի տրամադրման ֆինանսավորումը նախագահ Ջո Բայդենը կհաստատի իրեն վերապահված հատուկ իրավասությունների շրջանակում:

12:53 13.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Վիկտոր Մեդվեդչուկին փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ։

«Ես առաջարկում եմ Ռուսաստանի Դաշնությանը փոխանակել [Մեդվեդչուկին] ռուսական գերության մեջ գտնվող մեր տղաների հետ: Ուստի կարևոր է, որ մեր իրավապահ մարմինները և զինվորականները նույնպես դիտարկեն այդ հնարավորությունը»,- ասել է Զելենսկին չորեքշաբթի օրը տեսաուղերձում։

12:57 13.4.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների կապակցությամբ առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» բառը։

ԱՄՆ նախագահն ասել է. - «Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ գնալով ավելի պարզ է դառնում, որ Պուտինը փորձում է երկրի երեսից ջնջել ուկրաինացի լինելու գաղափարը»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում արձագանքել է Բայդենի խոսքերին՝ գրելով. - «Չարին դիմակայելու հարցում իրերն իրենց անուններով կոչելը շատ կարևոր է»: «Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից մինչ այժմ ցուցաբերված օգնության համար, և մեզ շտապ անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն՝ կանխելու ռուսական հետագա վայրագությունները», - հավելել է Զելենսկին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG