Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

21:23 10.4.2022

Ապրիլի 9-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպած Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերն ապրիլի 11-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հաղորդում է Kronen Zeitung ավստրիական պարբերականը:

Ըստ պարբերականի, կանցլերն իր այցը համաձայնեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նեհամերն ասել է, թե ցանկանում է «կամուրջ գցել կողմերի միջև և փորձել մի փոքր մոտեցնել խաղաղությունը»:

09:40 11.4.2022

Associated Press-ի հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին բողոքել է արևմտյան երկրներից՝ ասելով, թե որոշ զինատեսակներ, որոնք տրամադրվել են արևմտյան երկրների կողմից, շատ ուշ են հասել Ուկրաինա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ մի շարք եվրոպական երկրներ 100 տոկոս աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, մինչդեռ մյուսները փոխել են իրենց դիրքորոշումը։ Զելենսկին չի ասել, թե եվրոպական հատկապես որ երկրներից է դժգոհ։

09:42 11.4.2022

Associated Press-ի հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններից՝ ասելով, թե դրանք կարող են արագացնել հրադադարը և կյանքեր փրկել, ու հենց այդ պատճառով ուկրաինական կողմը պատրաստ է նույնիսկ այսօր շարունակել բանակցությունները ռուսական կողմի հետ։

«Այնուամենայնիվ, կընդունենք խաղաղությունը, քանի որ ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի՝ մեր պայմաններով, անկախության պայմաններով, Ուկրաինայի պայմաններով։ Ոչ ոք չի ցանկանում բանակցել այն մարդկանց հետ, ովքեր խոշտանգել են մեր մարդկանց, բայց մենք չենք կարող կորցնել դիվանագիտական լուծման հնարավորությունը, եթե դա ունենք», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

12:03 11.4.2022
Դնեպրի օդանավակայանը հրետակոծվել է ռուսական զինուժի կողմից
please wait

No media source currently available

0:00 0:01:20 0:00

12:47 11.4.2022

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը սկսել է Ուկրաինայի արևելքից վիրավորների և տարեցների տարհանումը։ Տարհանման գնացքը վերածվել է հիվանդանոցի։

12:48 11.4.2022

Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային տրամադրել «անհրաժեշտ զենք»՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար, կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սալիվանն ասել է, որ Բայդենի վարչակազմն ավելի շատ զենք կուղարկի Ուկրաինա, որպեսզի թույլ չտա Ռուսաստանին նոր տարածքներ գրավել և հարձակվել խաղաղ բնակչության վրա:

12:54 11.4.2022

Անցած գիշեր Ռուսաստանի զինված ուժերը նոր հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջաններում գտնվող ռազմական օբյեկտներին։ Այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ խոցված թիրախների թվում նշելով Նիկոլաևի մարզում գտնվող երկու զինապահեստները, ինչպես նաև Ուսպենովկա ավանի մերձակայքում տեղակայված C-300 հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչներից մեկը։

Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, «գիշերային հարվածների հետևանքով օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով ուկրաինական զինված ուժերին պատկանող «Բուկ-Մ1» և «ՕՍԱ» տեսակի զենիթային հրթիռային համակարգեր են ոչնչացվել»։

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի պնդմամբ՝ Դոնեցկի մարզի տարածքում ռուսական ուժերին հաջողվել է 9 տանկ և 5 «Գրադ» կայանք ոչնչացնել։

12:56 11.4.2022

Ֆրանսիական Socie՛te՛ Generale-ը եվրոպական խոշոր ֆինանսական խմբերից առաջինն է, որը հայտարարեց ռուսական շուկայից դուրս գալու մասին։

Ռուսաստանում Socie՛te՛ Generale-ի հիմնական ակտիվը՝ «Ռոսբանկ»-ը, ինչպես նաև ապահովագրական բիզնեսը կվաճառվի «Ինտերռոս» խմբին, որը նախկինում արդեն իսկ եղել է «Ռոսբանկ»-ի համասեփականատեր։

Socie՛te՛ Generale-ն ավստրիական Raiffeisen Bank International-ի և իտալական UniCredit-ի հետ միասին Ռուսաստանի նկատմամբ ամենաբարձր ռիսկով եվրոպական բանկերից է:

12:58 11.4.2022

Տարվա արդյունքներով Ուկրաինայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատ կարող է նվազել 45,1 տոկոսով։ Նման տվյալներ են բերված Համաշխարհային բանկի երեկ հրապարակած կանխատեսման մեջ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ՀՆԱ-ն տարվա կտրվածքով կարող է նվազել 11,2 տոկոսով, կարծում են վերլուծաբանները։ Սրա պատճառը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների էական հետևանքներն են, մասնավորապես՝ ներքին պահանջարկի կրճատումը։

Վերլուծաբաններն այս տարի ակնկալում են ՀՆԱ-ի անկում նաև երկու երկրներին սահմանակից Բելառուսում՝ 6,5 տոկոսով:

14:54 11.4.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Թբիլիսիում կայացած կառավարության նիստի ժամանակ, մեկնաբանելով Կիևից հնչող մի շարք հայտարարությունները, նշել է, որ իր երկիրը Ռուսաստանի դեմ պայքարի երկրորդ ճակատ չի դառնա։

«Ուկրաինայում տեղի ունեցողը դժբախտություն է, ողբերգություն, պատերազմ։ Մենք, սակայն, պետք է պահպանենք խաղաղությունը, նպաստենք կայունության պահպանմանն ու զարգացմանը։ Վրաստանում որևէ երկրորդ ճակատ չի լինի։ Մենք դա թույլ չենք տա և կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին ու մեր պետությունը», - հայտարարում էր Ղարիբաշվիլին։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG