Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:32 5.4.2022

Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին այսօր կանչել են Ֆրանսիայի արտգործնախարարություն, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Ըստ նույն աղբյուրի՝ դեսպանին տեղեկացնելու են Ֆրանսիայից ռուս դիվանագետների խմբի վտարման մասին, որոնց գործունեությունը Փարիզը դիտել է որպես պետության անվտանգությանը սպառնալիք։

14:33 5.4.2022

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կայցելեն Կիև։

Եվրահանձնաժողովի մամլո խոսնակ Էրիկ Մամերի փոխանցմամբ՝ այցը տեղի կունենա այս շաբաթ, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները Կիևում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ապրիլի 9-ին Վարշավայում կմասնակցեն Ուկրաինային նվիրված միջոցառման։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

15:11 5.4.2022

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումը «կարող է տեղի չունենալ», սակայն նույնիսկ Բուչայի ողբերգությունից հետո անհրաժեշտ է շարունակել Մոսկվայի հետ բանակցությունները։

Ուկրաինայի նախագահը Բուչայում տեղի ունեցածն անվանել է «մեծ ողբերգություն» և «ցեղասպանություն»՝ վստահություն հայտնելով, որ բոլոր ռազմական հանցագործները կպատժվեն։

17:00 5.4.2022

Եվրոպական մի շարք երկրներ արտաքսում են տասնյակ ռուսաստանցի դիվանագետների։ Գերմանիան՝ 40, Իտալիան՝ 30, Շվեդիան՝ 3, Դանիան՝ 15, Իսպանիան՝ 25 ռուսաստանցի դիվանագետների են արտաքսում։

Ավելի վաղ նման որոշում է կայացրել նաև Ֆրանսիան, Լիտվան ու Լատվիան էլ արտաքսել են Ռուսաստանի դեսպաններին։ Լատվիան նաև հայտարարել է Մոսկվայից իր դեսպանի հետկանչի մասին։

08:53 6.4.2022

Ղազախստանը չի ճանաչում Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, հայտարարել է երկրի արգործնախարար Մուխթար Թլեուբերդին։

«Այս պահին մենք չենք ճանաչում ո՛չ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը, ո՛չ Դոնեցկի հանրապետությունը», - «Ազատության» ղազախական ծառայության հետ զրույցում ասել է Թլեուբերդին, միևնույն ժամանակ հավելել, որ Նուրսուլթանը չի պատրաստվում նաև միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

08:56 6.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 5-ին հատուկ ուղերձով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին և կոչ է արել փոխել աշխարհում անվտանգային համակարգը:

Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ անհրաժեշտ է անհապաղ բարեփոխել ամբողջ Միավորված Ազգերի Կազմակերպության համակարգը:

«Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա երկրներն իրենց անվտանգությունն ապահովելու հարցում կսկսեն ապավինել միայն զենքի ուժին: Այդ դեպքում ՄԱԿ-ը կարելի կլինի ընդհանրապես փակել», - ասել է Զելենսկին: - «Պետք է իրականացնել այնպիսի բարեփոխում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը չդառնա սպանելու իրավունք»:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պնդել է, թե ռուսական բանակն Ուկրաինայում խաղաղ բնակիչների կյանքը խնայելու համար հարվածներ չի հասցնում քաղաքացիական օբյեկտներին:

«Մենք ձեզ մոտ ենք եկել ոչ թե ուկրաինական տարածքը գրավելու, այլ Դոնբաս խաղաղություն բերելու համար», - ասել է Նեբենզյան՝ դիմելով Զելենսկուն:

12:20 6.4.2022

Ռուսաստանի ներկայությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կարելի է անհարմար դարձնել, մեկուսացնել նրան, բայց չի ստացվի դուրս թողնել և զրկել անդամակցությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր ելույթ ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում և կոչ արել հեռացնել Ռուսաստանին Անվտանգության խորհրդի կազմից, ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնել, ԱԽ մշտական անդամներին զրկել վետոյի իրավունքից։

12:21 6.4.2022

Միացյալ Նահանգները և եվրոպացի դաշնակիցները ապրիլի 6-ին նոր կոշտ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ՝ նպատակ ունենալով մեծացնել երկրի տնտեսական և տեխնոլոգիական մեկուսացումը:

Համատեղ գործողությունը կներառի նոր պատժամիջոցներ ֆինանսական հաստատությունների նկատմամբ, Ռուսաստանում նոր ներդրումների արգելք կլինի, պետական ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցների խստացում և ավելի շատ պատժամիջոցներ Ռուսաստանի պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների նկատմամբ:

«Նպատակն է ստիպել նրանց ընտրություն կատարել», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին: Նրա խոսքով՝ հիմնական նպատակն է սպառել այն ռեսուրսները, որոնք ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար:

12:21 6.4.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարգադրել է Ուկրաինային մինչև 100 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել։

12:23 6.4.2022

Բուխարեստում մարդատար ավտոմեքենան մխրճվել է Ռուսաստանի դեսպանատան դարպասների մեջ։ Ոստիկանության տվյալներով՝ բախման հետևանքով վարորդը մահացել է։ Տեսանյութում, որը նկարահանվել է մինչև հրշեջների ժամանումը, երևում է, որ մեքենան այրվում է։

Դեռևս հայտնի չէ՝ վթարը դժբախտ պատահա՞ր է, թե՞ միտումնավոր է արվել։ Վարորդի ինքնությունը պարզվում է։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG