Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:22 6.4.2022

Եվրոպական միությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նշելով, որ «դրանով պատժամիջոցների ընդունումը բնավ չի ավարտվի»:

Նա ասել է, թե, ըստ Բուչայի սպանդը վերապրածների, ռուսներն այնտեղ կրակ են բացել ցանկացած պատահած մարդու վրա: «Սա է պատահում Պուտինի կողմից գրավված Ուկրաինայի տարածքում: Ռուսները դա անվանում են «ազատագրում»: Ո՛չ: Մենք դա «պատերազմի հանցագործություն» ենք անվանում, մենք պարտավոր ենք ճիշտ եզրույթը կիրառել»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը նշել է, որ էներգետիկան նույնպես կհայտնվի պատժամիջոցների թիրախում:

«Նոր փաթեթում կլինի ածխի ներկրման արգելքը, և, կարծում եմ, վաղ թե ուշ միջոցներ կձեռնարկվեն նավթի և նույնիսկ գազի վերաբերյալ»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:

16:29 6.4.2022

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խստորեն դատապարտել է Բուչայում խաղաղ մարդկանց կոտորածը: Նա բարձրացրել է Ուկրաինայի կապույտ-դեղին դրոշը, որը ստացել է Բուչայից:

Պապի խոսքով՝ աշխարհը ցանկանում է Ուկրաինայից ստանալ լուրեր, որոնք թեթևացում և հույս կբերեն, բայց փոխարենը լսում է կոտորածների և դաժանության մասին հաղորդագրություններ:

«Վայրագություններ անօգնական կանանց և երեխաների նկատմամբ: Նրանք այս արյունահեղության զոհերն են, նրանց անմեղ արյունը բարձրանում է երկինք և այնտեղից աղաչում՝ «Վե՛րջ տվեք պատերազմին, վա՛յր դրեք զենքը, վե՛րջ տվեք մահ ու ավեր տարածելուն», - ասել է Հռոմի պապը:

Կաթոլիկ քահանայապետը Վատիկանում իր նստավայրում ուկրաինացի երեխաներին է ընդունել ապրիլի 17-ին նշվելիք Զատկի կապակցությամբ:

16:36 6.4.2022

El Pais իսպանական օթաթերթի փոխանցմամբ՝ եվրոպական երկրների իշխանությունների կարգադրությամբ կալանքի տակ հայտնված և ենթադրաբար ռուս մեծահարուստներին պատկանող շքեղ զբոսանավերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ 800 միլիոն եվրո:

Անցած հինգ շաբաթների ընթացքում եվրոպական տարբեր երկրներում կալանքի տակ են հայտնվել տասնյակ գերթանկ զբոսանավեր:

Այդպիսի որոշումերեր են կայացվել Վիկտոր Վեկսելբերգին, Ալեքսեյ Կուզմիչյովին, Իգոր Սեչինին, Ալեքսանդր Միխեևին, Սերգեյ Չեմեզովին, Ալիշեր Ուսմանովին և ռուսաստանցի այլ օլիգարխներին ենթադրաբար պատկանող զբոսանավերի վերաբերյալ:

16:42 6.4.2022

BBC ռադիոկայանի փոխանցմամբ, Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների 20 տոկոսը սպայական կազմից է:

Ըստ ռուսաստանյան պաշտոնական տվյալների, փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել են 1084 ռուսաստանցի զինծառայողներ, որոնց անունները պաշտոնապես հրապարակվել են:

Զոհերի թվում 217 սպաներ են՝ կրտսեր լեյտենանտից մինչև գեներալ: Դա գերազանցում է զոհերի ընդհանուր թվի 20 տոկոսը:

BBC-ն ընդգծում է, որ խոսքն ամբողջական թվերի մասին չէ և դրանք, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բարձր են:

Վերջին անգամ Մոսկվան մարտի 25-ին է հրապարակել վիճակագրությունը, որի համաձայն, Ուկրաինայում սպանվել է 1351 զինծառայող:

Այսօրվա դրությամբ, ըստ BBC-ի, զոհերի թվում են 10 գնդապետ, 20 փոխգնդապետ, 31 մայոր, 155 կրտսեր սպա, ինչպես նաև 7 գեներալ: Մոսկվան պնդում է, որ զոհվել է ընդամենը մեկ բարձրաստիճան սպա՝ գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկին:

19:08 6.4.2022

Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության է դրվելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից վտարելու Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկը:

Ռուսաստանը խորհրդից կվտարվի, եթե առաջարկի օգտին քվեարկի Գլխավոր ասամբլեայի 193 պետությունների առնվազն երկու երրորդը:

19:09 6.4.2022

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը ռուսական բանակի անդադար հարվածներից ավերված Մարիուպոլն այսօր համեմատել է ֆաշիստական Գերմանիայի օդուժի կողմից ռմբահարված Գեռնիկայի հետ:

Մարիուպոլը գրոհների է ենթարկվել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման առաջին իսկ օրվանից՝ փետրվարի 24-ից:

19:09 6.4.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պահանջել է անհապաղ դադարեցնել Ուկրաինայում ավերիչ պատերազմը: Նա ասել է, որ Գերմանիան ամեն կերպ սատարելու է Ուկրաինային:

19:10 6.4.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում է պատերազմի հանցագործությունների համար:

Նախօրեին ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, թե Բուչայում տեղի ունեցածը ոչ թե մի առանձին զինված ջոկատի արարք է, այլ պատերազմի հանցագործություններ իրականացնելու Ռուսաստանի բանակի հստակ գործելակերպի վկայություն:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին էլ չի բացառել, որ առաջիկայում ի հայտ կգան նոր սարսափելի տեղեկություններ:

20:32 6.4.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ սահմանել է նոր պատժամիջոցներ:

Ցուցակում Սբերբանկ և Ալֆա-Բանկ դրամատներն են, նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դուստրեր Եկատերինա Տիխոնովան և Մարինա Վորոնցովան, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կինը և դուստրը, վարչապետ Միխայիլ Միշուստինի և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կանայք և չափահաս երեխաները:

Նախագահ Պուտինը մինչ այդ երբևէ ուղիղ չի հաստատել, որ Տիխոնովան և Վորոնցովան իր երեխաներն են:

22:32 6.4.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Ռուսաստանի հետ բանակցելու առանձնապես մեծ ցանկություն չունի, սակայն արդյունքի հասնելու համար պարտավոր է բանակցել:

«Բոլոր դեպքերում մենք պետք է բանակցային գործընթակում օգտագործենք նույնիսկ ամենափոքր հնարավորությունները»,- ասել է նախագահը:

Նրա փոխանցմամբ, միջնորդական առաքելությունն իրականացնում են մի քանի պետություններ, այդ թվում` Թուրքիան:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG