- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
«Ռոսնանո» պետական կորպորացիայի նախկին ղեկավար, Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Անատոլի Չուբայսը, որը վերջին տարիներին Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչն էր Միջազգային կազմակերպություններում կայուն զարգացման և կլիմայի հարցերով, հրաժարական է տվել այդ պաշտոնից և լքել Ռուսաստանը։
Այս մասին հայտնում է Bloobmerg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, որոնք որպես պատճառ են նշել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից Չուբայսի հրաժարականի մասին լուրը հաղորդում է նաև ՏԱՍՍ պետական գործակալությունը։
66-ամյա Չուբայսը դարձավ առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը խզեց հարաբերությունները Կրեմլի հետ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինական բանակի սպառազինությունը սպառվում է», - գրում է լոնդոնյան The Times պարբերականը՝ պնդելով, որ Կիևի եվրոպական դաշնակիցները չեն շտապում լրացնել ուկրաինական ԶՈւ-ի կորուստները։
Մարտի 15-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ ուկրաինական բանակը երկու շաբաթ ունի մինչև զենիթային և հակատանկային զինատեսակների ամբողջական սպառումը։ «Այդ օրվանից իրադրությունը մասնակիորեն է բարելավվել», - նշել են թերթի զրուցակիցները։
«Կիևի հիմնական դժգոհությունը վերաբերում է Գերմանիայի և Ֆրանսիայի պահվածքին, որոնք չեն կատարում Ուկրաինային զենք տրամադրելու՝ նախկինում տրված խոստումը», - The Times-ի թղթակցին ասել է Ուկրաինացիների համաշխարհային կազմակերպության նախագահ Փոլ Գրոդը։
«Ուկրաինայի նախագահ Զելենսկին այս խնդրի մասին խոսել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Հյուսիսային Եվրոպայի երկրների ղեկավարների հետ անցած շաբաթ կայացած հեռավար հանդիպման ժամանակ», - գրում է թերթը՝ պնդելով, թե, ըստ Զելենսկու, ուկրաինական կողմը 20 ժամում սպառում է Արևմուտքից ստացված սպառազինության շաբաթական չափաբաժինը։
Ուկրաինական կողմի հիմնական պահանջները վերաբերում են օդային թիրախների և տանկերի դեմ պայքարի համար նախատեսված շարժական միջոցներին՝ Stinger-ներին և Javelin-ններին։
Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր Բրյուսելում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում պատրաստվում է օրակարգ մտցնել այս հարցը՝ դաշնակիցներին հորդորելով մեծացնել Ուկրաինային մատակարարվող սպառազինության ծավալները։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կիևում խմբագրության հանձնարարությունը կատարելիս կրակի տակ է հայտնվել և զոհվել է The Insider պարբերականի լրագրող Օքսանա Բաուլինան:
«Նա Կիևի Պոդոլսկի շրջանում նկարահանում էր ռուսների կողմից ռմբահարված թաղամասի ավերակները և հայտնվել է հրթիռակոծման տակ: Օքսանայի հետ միասին զոհվել է մի քաղաքացիական անձ, Օքսանային ուղեկցող երկու մարդ վիրավորվել և փոխադրվել է հիվանդանոց», - հաղորդել է The Insider պարբերականը:
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Այսօր ՆԱՏՕ-ում հատուկ նիստ է նախատեսված Ուկրաինայի հարցով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Բրյուսել։ Հաղորդվում է, որ նա առիթը կօգտագործի Մոսկվայի դեմ ավելի շատ պատժամիջոցներ հայտարարելու համար:
Interfax-Ukraine-ի փոխանցմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում ելույթ կունենա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ երեկոյան հայտարարել է, որ իր երկիրը ևս 6 հազար հրթիռ և մոտ 33 միլիոն դոլար ֆինանսական օգնություն կուղարկի Ուկրաինայի բանակին:
«Միացյալ Թագավորությունը կաշխատի մեր դաշնակիցների հետ՝ ուժեղացնելու ռազմական և տնտեսական աջակցությունն Ուկրաինային: Մենք անտարբեր չենք կանգնի այն ժամանակ, երբ Ռուսաստանը փոշիացնում է Ուկրաինայի քաղաքները», - ասել է Ջոնսոնը։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ քիմիական զենքի կիրառման սպառնալիքը «իրական է»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է՝ ինչ հետևանքներ կլինեն, եթե Մոսկվան օգտագործի այդպիսի զենք։ «Քիմիական զենքի ցանկացած կիրառում լիովին կփոխի հակամարտության բնույթը, դա կլինի միջազգային իրավունքի բացահայտ խախտում և կունենա հեռուն գնացող հետևանքներ», - երեկ Բրյուսելում ասել է Ստոլտենբերգը:
Այս ամսվա սկզբին Ռուսաստանն էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացրել Ուկրաինայում ԱՄՆ-ի ենթադրյալ «կենսաբանական գործունեության» հարցը։ Վաշինգտոնն ու Կիևը հերքել էին մեղադրանքը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Լեհաստանի սահմանամերձ Մեդիկա գյուղը դարձել է ուկրաինացի փախստականների ընդունման անցակետերից մեկը։ Գյուղում փախստականների հաշվառման կետ է բացվել, նրանց տրամադրված դպրոցի մարզադահլիճի հատակին այլևս տեղ չկա պառկելու համար, գյուղը փախստականներին օգնում է ինչով կարող է։
Գյուղապետ Մարեկ Իվասիեցկոն ասել է, որ երազում են այս իրավիճակի ավարտ ու կայունության մասին։ «Մենք հոգնել ենք, բայց պատրաստ ենք օգնել մինչև վերջ»,- ասել է ուկրաինացի փախստականներին ընդունող լեհական գյուղի գյուղապետը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահի գրասենյակը հրապարակել է Վլադիմիր Զելենսկու ձայնագրված ելույթը, որը հեռարձակվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովում։
Զելենսկին ՆԱՏՕ-ի առաջնորդներից խնդում է ավելացնել զենքի մատակարարումները ռուսական ուժերին դիմակայելու համար և զգուշացնում, որ եթե Ռուսաստանը Ուկրաինայում հաջողության հասնի, նրա հաջորդ թիրախում են լինելու Արևելաեվրոպական և Բալթյան երկրները։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով արդեն ավելի քան 3 միլիոն 600 հազար ուկրաինացի փախստականների մոտավորապես կեսը երեխաներ են։ Այդ մասին հայտնում է UNICEF-ը։
Եվրոպական երկրներում ջանքեր են գործադրվում դպրոցականների ուսումը ինտերնետային ծրագրերով շարունակելու համար։