- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբը մարտի 24-ին հայտնել է, որ Բերդյանսկի նավահանգստում խորտակել են ռուսական դեսանտային «Օրսկ» նավը։
Ռուսական պետական լրատվամիջոցները երեք օր առաջ հաղորդել էին, որ դեսանտային մեծ նավը ռազմական տեխնիկա է տեղափոխել Բերդյանսկ։
Ազովի նավահանգիստ Բերդյանսկը ռուսական ուժերի վերահսկողությանն էր անցել փետրվարի վերջին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային` մասնավորապես տրամադրելով զենք և սարքավորումներ, դաշինքի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Միաժամանակ նա նշել է, որ դաշնակիցները նախկինի պես դեմ են հակամարտության հետագա սրացմանը և զորք չեն ուղարկի Ուկրաինա, ինչպես նաև ոչ թռիչքային գոտի չի հայտարարվի։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով Ռուսաստանի վրա է պատասխանատվություն դրվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար:
Ուկրաինայում հումանիտար կացության մասին բանաձևի նախագիծը ներկայացրել են Ֆրանսիան և Մեքսիկան, այն ընդունվել է քվեների 140 կողմ, 5 դեմ և 38 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Էրիթրեան և Հյուսիսային Կորեան: Չինաստանը ձեռնպահ է մնացել:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Արևմուտքի լիդերները հավաքվել են Բրյուսելում, որտեղ երեք արտահերթ գագաթնաժողովներ են անցկացվում: ՆԱՏՕ-ի հավաքն արդեն ավարտվել է, օրակարգում Եվրամիության և «Մեծ յոթնյակի» հանդիպումներն են:
Միակ խոշոր թեման Ուկրաինայի պատերազմն է: Արևմուտքը ցանկանում է օգնել Ուկրաինային և դաժան ագրեսիայի համար պատժել Մոսկվային:
Ուկրաինայի ղեկավարը գրեթե ամբողջությամբ պաշարված մայրաքաղաքից տեսակապով դիմել է ՆԱՏՕ-ի լիդերներին:
«Ուկրաինական բանակը մեկ ամիս է անհավասար պայքար է մղում, և ես կրկնում եմ այն, ինչ մեկ ամիս է ասում եմ՝ մարդկանց կյանքը, մեր քաղաքները փրկելու համար Ուկրաինային ռազմական օգնություն է պետք, առանց սահմանափակումների»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ պնդելով, որ Պուտինը բնավ մտադիր չէ կանգ առնել Ուկրաինայում: Հաջորդը կլինեն Բալթյան երկրները, Լեհաստանը:
Ստոլտենբերգը գագաթնաժողովից հետո հանդես է եկել եզրափակիչ հայտարարությամբ: Նա ասել է, որ դաշնակիցները խստորեն դատապարտում են ռուսների ագրեսիան և այն համարում են Եվրատլանտյան անվտանգության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն անցած մի քանի տասնամյակում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը սահմանել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ: Ցուցակում ավելի քան 600 ֆիզիկական և իրավաբանական անձ է:
Սանկցիաների ցուցակում են «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը, Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների «անկախության» օգտին քվեարկած Պետական դումայի 328 պատգամավորները և Պետական դուման՝ որպես կազմակերպություն:
Սանկցիաներով արգելվում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ ոսկով գործառնությունները:
Գրեֆը նաև պատժամիջոցների բրիտանական ցուցակում է: Բացի այդ, բրիտանացիները սանկցիաներ են սահմանել գործարարներ Օլեգ Տինկովի և Եվգենի Շվինդլերի նկատմամբ:
Պատժամիջոցների ցուցակում է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը, «Գազպրոմբանկը», «Ալֆա-Բանկը», Ավիացիոն նյութերի համառուսաստանյան ինստիտուտը, «Պաշտպանական նախաձեռնություններ» սահմանափակ պատասխանատվությամբ միավորումը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է սաստկացնի ճնշումը Մոսկվայի վրա և ավելացնի ռազմական օգնությունը Կիևին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մարտի 24-ին Բրյուսելում ասել է, որ կողմ է Ռուսաստանի արտաքսմանը «Մեծ 20»-ի խմբից:
Բայդենը միաժամանակ նշել է, որ Մեծ քսանյակի անդամներից ոչ բոլորն են կիսում այդ տեսակետը:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ ասել է, թե Մեծ քսանյակից ռուսներին արտաքսելու վերաբերյալ հայտարարություններ հնչեցնելուց առաջ նախ հարցը պետք է դաշնակիցների հետ քննարկել:
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն ասել է, թե «Ռուսաստանը «Մեծ 20»-ի կարևոր անդամ է, և այդ ձևաչափի մյուս երկրներից ոչ մեկը չի կարող մեկ ուրիշ անդամի վտարել խմբից»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մարտի 23-ին ասել է, թե «Մեծ 20»-ը բազմակողմ կառույց է, և մի շարք երկրներ․ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Ռուսաստանի անդամության հարցում ունեն անկախ դիրքորոշում»:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ռուսական զինված ուժերի կողմից Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքի ռմբահարման հետևանքով զոհվել է մոտ 300 հոգի, հաղորդում է քաղաքային իշխանությունը։
«Ականատեսների վկայությամբ` շուրջ 300 հոգի զոհվել է ռուսական ռազմական օդանավի կողմից Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքի ռմբահարման հետևանքով»,- Telegram-ում հրապարակված քաղաքային իշխանության հաղորդագրությունը ներկայացնում է BBC-ին՝ հիշեցնելով, որ ցայսօր հնարավոր չէր որևէ թիվ հաղորդել զոհերի մասին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե մարտանավերը ծովից արձակած «Կալիբր» տեսակի գերճշգրիտ հրթիռների հարվածով ոչնչացրել են Կիևից ոչ հեռու գտնվող Ուկրաինայի բանակի վառելիքի պահեստը:
Գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի փոխանցմամբ՝ Ուկրաինայի տարածքի կենտրոնում տեղակայված բանակի ստորաբաժանումներն այդ պահեստից են վառելիք ստացել:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, թե իրեն նույնիսկ նվազագույն չափով չի կարելի հակառուս համարել: Այդպես նա արձագանքել է Կրեմլի այն մեկնաբանությանը, թե Բրիտանիայի վարչապետը հակառուսական դիրքորոշում ունեցող ամենաակտիվ արևմտյան լիդերն է:
«Ինչ վերաբերում է պարոն Ջոնսոնին, մենք նրան համարում ենք հակառուսական մրցավազքի ամենաակտիվ մասնակիցը», - «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բոլորի համար շատ կարևոր է ըմբռնել, որ թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ «Մեծ յոթնյակի» սեղանի շուրջ նստած ղեկավարներից և ոչ մեկը տրամադրված չէ Ռուսաստանի, կամ ռուս ժողովրդի դեմ, բացարձակ այդպես չէ, առնվազն իմ դեպքում, ես, թերևս, Բրիտանիայի պատմության ընթացքում միավ վարչապետն եմ, որին Բորիս են անվանել»,- ասել է Բորիս Ջոնսոնը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՆԱՏՕ-ն երեկ հաստատել է դաշինքի արևելյան թևը չորս մարտական հզոր միավորումներով ամրացնելու ծրագիրը․ լրացուցիչ ստորաբաժանումները կտեղակայվեն Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի տարածքներում: Այդ մասին հայտնել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ընդհանուր հաշվով՝ ՆԱՏՕ-ն արևելյան ճակատում տեղակայել է 8 մարտական միավորումներ՝ Բալթյան ծովից մինչև Սև ծով: