- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միայն պատերազմի առաջին 11 օրվա ընթացքում Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում զոհվել կամ վիրավորվել է 450 խաղաղ բնակիչ: «Խարկովում Ռուսաստանի զինված ուժերն անտեսում են խաղաղ բնակիչների կյանքը՝ բազմիցս հարձակվելով բնակավայրերի վրա», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ կազմակերպության զեկույցում։
Զեկույցում ասվում է, որ ավիահարվածներ են հասցվել և գնդակոծվել են բազմաբնակարան շենքեր, դպրոցներ, եկեղեցիներ և խանութներ: Մարդիկ մնացել են առանց սննդի և դեղորայքի:
Հրթիռակոծությունը վնասել է քաղաքի ենթակառուցվածքը՝ բնակիչներին զրկելով կենսական ծառայություններից, ինչպիսին են էլեկտրամատակարարումը, ջեռուցումը և ջրամատակարարումը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները մինչև մարտի 26-ը երկարաձգել են երկրի հարավային օդային տարածքով քաղաքացիական օդանավերի թռիչքների արգելքը։
Ժամանակավորապես սահմանափակված են թռիչքները Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, հերթական անգամ քննադատելով Կրեմլի ղեկավարությանը, Վլադիմիր Պուտինին անվանել է «արյունարբու բռնապետ» և «Ուկրաինայի ժողովրդի դեմ անբարոյական պատերազմ մղող տխրահռչակ ավազակ»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Մոսկվան կրկին սպառնում է ոչնչացնել Ուկրաինայի համար ռազմական բեռները։
«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք և որը մեր կարծիքով զենք է, կդառնա օրինական թիրախ։ Սա միանգամայն հասկանալի է», - RT հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը։
Սերգեյ Լավրովը մասնավորապես զգուշացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ Ուկրաինային С-300 (S-300) հրթիռային համալիրների մատակարարման հետ կապված։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Վրաստանի իշխող կուսակցությունը մերժել է ընդդիմության առաջարկը՝ երկրի խորհրդարանին ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձ կազմակերպելու հարցով։
«Սա անհեթեթություն է, երբ վրացական ընդդիմության մի մասը հանդես է գալիս ուկրաինական իշխանության անունից և ասում, թե ով ինչ է ցանկանում, ով է ցանկանում ուղերձով հանդես գալ, ով՝ ոչ։ Նրանք նույնիսկ չեն հարցրել Ուկրաինայի իշխանություններին։ Չէ՞ որ այդ ամենը ցույց է տալիս նրանց իրական նպատակը՝ հիստերիա բարձրացնել», - հայտարարել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Շալվա Պապուաշվիլին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի միջև։
Զրույցի բովանդակության մասին առայժմ մանրամասներ հայտնում է ռուսական կողմը։
Հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն Օլաֆ Շոլցի հետ զրույցում պնդել է, թե ուկրաինական կողմը «միտումնավոր ձգձգում է բանակցությունները՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ»։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նախագահ Պուտինը ուկրաինական կողմին ռազմական հանցագործության մեջ է մեղադրել Դոնեցկի վերջին հրետակոծության պատճառով և հայտարարել է, որ «ռուսական զինված ուժերն անում են հնարավոր ամեն ինչ՝ խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար»։
Օլաֆ Շոլցը, ըստ Գերմանիայի կառավարության հաղորդագրության, Կրեմլի ղեկավարին կոչ է արել դադարեցնել կրակը, նպաստել հումանիտար իրավիճակի բարելավմանը և ճգնաժամի լուծման դիվանագիտական ուղիներ գտնել։