- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այսօր պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք, որտեղ բանակցելու է իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչությունը հայտնել է, որ նախարարները կանդրադառնան Իրանի միջուկային պայմանագրի վերականգնման շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններին, ինչպես նաև Ուկրաինայի ճգնաժամին:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուս-իրանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ «չնայած Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նրանք քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն և լարվածության աճը, խոսել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը:
Փաթեթում ներառված են Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիային առնչություն ունեցող մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ:
Եվրամիությունը նաև համաձայնեցրել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը հասցեագրված նամակը, որով կոչ է անում սառեցնել Ռուսաստանին ժամանակին շնորհված «առևտրի իրականացման առավել բարենպաստ ռեժիմը»:
Նամակում կա նաև ԱՀԿ-ին անդամակցելու Բելառուսի դիմումի քննարկումը սառեցնելու կոչ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայում պատերազմի դեմ բողոքի աննախադեպ ակցիա է տեղի ունեցել Ռուսաստանի հեռուստատեսությունում:
Մարտի 14-ին Առաջին ալիքով հեռարձակվող «Վրեմյա» լրատվական ծրագրի ընթացքում մի երիտասարդ կին հայտնվել է հաղորդավարուհու ֆոնին` ձեռքում պահելով «Ո՛չ պատերազմին» գրությամբ պաստառը և վանկարկելով հակապատերազմական կարգախոսներ:
Երիտասարդ կնոջը՝ Առաջին ալիքի աշխատակցուհի Մարիա Օվսյաննիկովային ձերբակալել են: Նա կարող է պատասխանատվության կանչվել Ռուսաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20 հոդվածով՝ «Հանրային գործողություն, որն ուղղված է Ռուսաստանի Զինված ուժերի վարկաբեկմանը»:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
«Ուկրաինա 24» ալիքը հայտնում է Կիևում երկու ուժգին պայթյունների մասին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ուկրաինայի վրա հրթիռներ են արձակվել բելառուսական Մոզիրից։ Օդային տագնապ է հայտարարվել Կիևում և երկրի մի շարք այլ վայրերում:
Ուկրաինական լրատվական գործակալությունները հայտնում են, որ Կիևում պայթյունների հետևանքով բնակելի շենք է այրվել։ 10-հարկանի շենքը գտնվում է Պոդոլսկի թաղամասում, որն Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերից է։
Փրկարարների նախնական տեղեկություններով՝ այրված շենքում մի մարդ վիրավորվել է, նա հոսպիտալացվել է։
Հրդեհը մարվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայում պատերազմի հետևանքով 90 երեխա է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովային։
Դենիսովայի խոսքով՝ տվյալները կարող են թերի լինել. տեղեկություններ չկան բազմաթիվ վայրերից, որտեղ մարտեր և ռմբակոծություններ են տեղի ունենում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է մոտ ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին։
«Եվրոպան չի կարող ապահով լինել, եթե Ռուսաստանի հետ երկխոսություն չվարի: Սա մեր պատմությունն է, մեր աշխարհագրությունը: Հետևաբար, առաջիկա մի քանի ժամում ես մտադիր եմ կրկին խոսել նախագահ Պուտինի հետ», - ասել է Ֆրանսիայի նախագահը երկրի Առաջին հեռուստաալիքի եթերում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ «ջախջախել է» ռուսական տնտեսությունը։
«Ո՞րն է լինելու վերջը, հարցը պետք է ուղղվի Պուտինին: Մենք ամբողջությամբ ջախջախեցինք նրա տնտեսությունը», - ասել է Սաքին ճեպազրույցում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով փրկարար ծառայությունը, հաղորդում են, որ Խարկովում գիշերվա ընթացքում արկերից մի քանի տներ և խանութներ են ավերվել ու հրկիզվել, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում փլատակներից դուրս են բերվել յոթ զոհվածների մարմիններ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը Հռոմում հանդիպել է Չինաստանի կոմունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Վաշինգտոնը նախազգուշացրել է Պեկինին, որ կլինեն հետևանքներ, եթե որոշում կայացվի աջակցություն ցուցաբերել Մոսկվային Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների պայմաններում, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։