- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ռուսական հրթիռային հարձակումը Լեհաստանի սահմանի մոտ գտնվող ուսումնամարզական հավաքակայանի վրա, կրկին կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ փակել Ուկրաինայի երկինքը։
«Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում՝ ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»,- ասել է նա։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կիևում բնակելի շենքի և «Անտոնով» գործարանի հրետակոծություններից, նախնական տվյալներով, 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։ Մոտ 70 մարդ տարհանվել է բնակելի շենքից, որի մոտ պայթել է արկը։
«Անտոնով» գործարանում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ «Բայրաքթար» և 187 օբյեկտ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին դիմել է տեսաուղերձով, որով հավաստիացրել է, որ Ուկրաինան կհաղթի:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե «հատուկ օպերացիան ընթանում է ըստ ծրագրի»:
«Ռուսաստանն ունի ինքնաբավ կարողություններ այդ հատուկ օպերացիան իրականացնելու համար, այն զարգանում է ըստ կազմված ծրագրի և ամբողջ ծավալով կավարտվի նախատեսված ժամկետում», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը՝ չնշելով որևէ հստակ կամ մոտավոր ժամկետ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Այսօր տեղի է ունենում պատերազմն ավարտելու խնդրով ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը: Ի տարբերություն Բելառուսի տարածքում կայացած առաջին երեք հանդիպումների՝ այս մեկն ընթանում է հեռավար եղանակով տեսակապի միջոցով:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հայտարարել է, թե Մարիուպոլում մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել, և աննախադեպ թվով բնակիչներ, պատերազմից փախչելով, լքել են Ուկրաինայի տարածքը: Նա «բարբարոսություն» է անվանել ռուսների ագրեսիան:
«Մարտական գործողությունների ընթացքում Մարիուպոլում սպանվել է ավելի քան 2 հազար 400 մարդ: Պատերազմի ընդամենը 17 օրում 2 միլիոն 600 հազար բնակիչ է հեռացել Ուկրաինայից, դա Եվրոպայում ամենախոշոր արտագաղթն է Երկրորդ աշխարհամարտից հետո»,- ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը:
Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ընդունվում է պատժամիջոցների չորրորդ փաթեթը: Դրանով ենթադրվում է արգելափակել Ռուսաստանի արտաքին առևտուրը և կապերը ֆինանսական միջազգային հաստատությունների հետ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ հատուկ նիստում քննարկել է Ուկրաինայի պատերազմի հարցը:
Նիստի մեկնարկին վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում զոհված մարդկանց հիշատակը:
«Ռուսաստանի Դաշնությունն անտեսեց ոչ միայն մեր, այլև ամբողջ միջազգային համայնքի հորդորներն ու նախևառաջ պատերազմից զերծ մնալու ՄԱԿ-ի կոչերը: Մենք կքննարկենք հնարավոր հետագա քայլերը»,- հայտարարել է ԵԽԽՎ-ի խոսնակ Թինի Քոքսը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի լիազորությունները փետրվարի 25-ից սառեցվել են:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
«Սքուոթերները»՝ օտարի անշարժ գույքն ապօրինաբար գրավող և այնտեղ բնակություն հաստատող մարդիկ, ներխուժել և գրավել են Լոնդոնի ամենաշքեղ թաղամասում՝ Բելգրեյվում գտնվող ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի գերթանկարժեք առանձնատունը:
«Գրավելով այս դղյակը մենք մեր համերաշխությունն ենք հայտնում ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի ժողովրդին, քանի որ ռուսները երբեք հավանություն չէին տա այս խելագար պատերազմին»,- հայտարարել են «սքուոթերները»: