Մատչելիության հղումներ

Հրթիռակոծվել է Լվովի մարզի ռազմաբազան․ առնվազն 35 մարդ զոհվել է, 134-ը՝ վիրավորվել


Ուկրաինա - Ուկրաինա-ամերիկյան համատեղ զորավարժություններ Յավորովի ռազմաբազայում, արխիվ
Ուկրաինա - Ուկրաինա-ամերիկյան համատեղ զորավարժություններ Յավորովի ռազմաբազայում, արխիվ

Այսօր վաղ առավոտյան ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Լվովի մարզում՝ Լեհաստանի սահմանին մոտ գտնվող ռազմաբազային։

Լվովի մարզային ռազմական ղեկավարության հայտարարության համաձայն՝ Յավորովի Խաղաղարության և անվտանգության միջազգային կենտրոնի տարածքի վրա արձակվել է շուրջ 30 հրթիռ: Զոհվել է 35, վիրավորվել՝ 134 մարդ, հայտարարել է ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։

Ռազմաբազան 360 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցնում և Լեհաստանի սահմանից հեռու է ընդամենը շուրջ 25 կիլոմետր, խոշորագույնն է Ուկրաինայի արևմուտքում։ Այստեղ Ուկրաինան անցկացնում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունների մեծ մասը։

Կոզիցկին հայտնել է նաև, որ ըստ նախնական տվյալների՝ հրթիռներն արձակվել են Ռուսաստանի տարածքից։

Նույնպես Ուկրաինայի արևմուտքում, ռուսական զինուժը օդային հարվածներ է հասցրել Իվանո-Ֆրանկովսկի օդանավակայանին։

Լվովի մարզում հասցրած հարվածներով ռուսաստանցիները ցանկանում են ապացուցել, որ Ուկրաինայում չկա ոչ մի հանգիստ ու անվտանգ կետ, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի սկսած ռազմական գործողությունները հիմնականում ծավալվում են Ուկրաինայի արևելյան մասում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, մինչդեռ, այսօր երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Յավորովի ռազմաբազային հասցված հարվածներով ոչնչացվել են մինչև 180 օտարերկրացի վարձկաններ ու օտարերկրյա սպառազինության մեծ խմբաքանակ։ Ուկրաինա ժամանած օտարերկրացի վարձկանների ոչնչացումը շարունակվելու է, վստահեցրել է ռուս գեներալը։

XS
SM
MD
LG