- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Մոտ ժամանակներս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը կարող է վերաճել երկու պատվիրակությունների միասնական դիրքորոշման։ Այսպիսի կարծիք է հայտնել բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ, ՌԴ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
«Եթե համեմատենք երկու պատվիրակությունների դիրքորոշումները բանակցություններում դրանց հենց սկզբում և այսօր, կտեսնենք էական առաջընթաց։ Եվ մեկ անգամ ևս գոհունակությամբ կրկնեմ, որ անձամբ իմ սպասելիքներով՝ այդ առաջընթացը կարող է շատ մոտ օրերս վերաճել երկու պատվիրակությունների միասնական դիրքորոշման, ստորագրման ենթակա փաստաթղթերի», - ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սլուցկին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական, բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը,իր հերթին, Թվիթերում գրել է, որ ռուսական պատվիրակությունն արդեն ոչ թե խոսում է վերջնագրի լեզվով, այլ ուշադրությամբ լսում է Կիևի առաջարկները։
Ուկրաինան չի զիջի իր դիրքերը, պնդել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի պաշտոնյան՝ շարունակելով․ - «Մեր պահանջներն են՝ պատերազմի ավարտ և ռուսաստանյան զորքերի դուրսբերում։ Տեսնում եմ, որ կա այդ գործընթացի ըմբռնում և երկխոսություն»։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է, որ մարտի 14-ին ռուս - ուկրաինական բանակցությունները կշարունակվեն տեսակապի ձևաչափով։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից ոչ հեռու գտնվող Իրպեն ավանում զոհվել է մարտական գործողությունները լուսաբանող ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոն: Նրա գործընկերներից մեկը վիրավորվել և վիրահատվել է ուկրաինական հիվանդանոցում:
Ուկրաինական կողմը պնդում է, որ լրագրողներին փոխադրող մեքենայի վրա ռուսներն են կրակ բացել:
Զոհված լրագրողի մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց համաձայն նա 50 տարեկան է, կինովավերագրող է, այդ փաստաթղթերի մեջ կա նաև The New York Times պարբերականի վկայականը: Դա թույլ էր տվել ենթադրել, որ Ռենոն այդ պարբերականի թղթակիցն է, սակայն The New York Times-ը ժամեր անց ցավակցություն է հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ և միաժամանակ ընդգծել, որ Բրենթ Ռենոն հիմա չի հանդիսանում պարբերականի աշխատակից, թեպետ նախկինում համագործակցել է դրա հետ: «Ուկրաինայում նա հավատարմագրված չէր մեր կողմից», - ասել է The New York Times-ի գլխավոր խմբագրի տեղակալ Քլիֆ Լևին:
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը կիրակի երեկոյան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Յավորովի ռազմաբազային հասցված հարվածներով ոչնչացվել են 180 օտարերկրացի վարձկաններ ու օտարերկրյա սպառազինության մեծ խմբաքանակ։ Ուկրաինա ժամանած օտարերկրացի վարձկանների ոչնչացումը շարունակվելու է, վստահեցրել է ռուս գեներալը։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ռուս-ուկրաինական բանակցություններն այսօր շարունակվելու են։ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները մշտապես ընթանում են տեսակոնֆերանսների ձևաչափով։ Կողմերը նախնական արդյունքները կամփոփեն այսօրվա նիստում, Թվիթերում երեկ գրել է ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինական աղբյուրները հայտնում են նոր պայթյունների մասին Ռովնոյի մերձակայքում և Կիևի արվարձաններում։
Հղում անելով Ռովնոյի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կովալին` հաղորդվում է, որ ռուսական հրթիռի ավիահարվածի հետևանքով վնասվել է Ռովնոյի մերձակայքում գտնվող հեռուստաաշտարակը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այսօր խաղաղ բնակչության տարհանում չի լինի, հայտնել է Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։
Իր տելեգրամյան ալիքում նա գրել է ․ - «Երթուղիներից («կանաչ միջանցքներից») և ոչ մեկն այսօր համաձայնեցված չէ, բանակցությունները շարունակվում են»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ռուսական հրթիռային հարձակումը Լեհաստանի սահմանի մոտ գտնվող ուսումնամարզական հավաքակայանի վրա, կրկին կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ փակել Ուկրաինայի երկինքը։
«Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, երբ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում՝ ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»,- ասել է նա։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կիևում բնակելի շենքի և «Անտոնով» գործարանի հրետակոծություններից, նախնական տվյալներով, 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։ Մոտ 70 մարդ տարհանվել է բնակելի շենքից, որի մոտ պայթել է արկը։
«Անտոնով» գործարանում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ «Բայրաքթար» և 187 օբյեկտ: