- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրվա տեսաելույթում ասել է, որ ռուսական բանակը ծանր կորուստներ է կրում Ուկրաինայի դեմ պատերազմում։
«Ռուսական զորքերի կորուստներն ահռելի են։ Օկուպանտների կորուստները 17-րդ օրվա դրությամբ այնքան են, որ արդեն համոզված կարելի է ասել՝ սա ամենամեծ հարվածն է ռուսական բանակին տասնամյակների ընթացքում»,- ասել է Զելենսկին։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միության երկրները նոր պատժամիջոցներ են ծրագրում Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին Ելիսեյան պալատը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցներից հետո:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ օտարերկրացի լրագրողների հետ զրույցում խոսել է 17 օր տևող պատերազմի ընթացքում ուկրաինական կողմի կրած կորուստների մասին: «Այսօրվա դրությամբ մեր բանակն ունի մոտ 1300 զոհ»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը պնդել է, թե փետրվարի 24-ից ընթացող «հատուկ օպերացիայի» ընթացքում Ուկրաինայի բանակն ունի ավելի քան 2870 զոհ և ավելի քան 3700 վիրավոր:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, Դաշնության նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այլևս չի օգտվի Instagram-ից, Facebook-ից և Meta ամերիկյան տեխնոլոգիական միավորման ստեղծած այլ ծառայություններից: Այդ մասին հայտնել է Մեդվեդևի օգնական Օլեգ Օսիպովը:
«Դմիտրի Մեդվեդևը չի օգտվի Meta ընկերությունների միավորման մեդիա արտադրանքից: Պատճառը միավորման հակառուսական դիրքորոշումն է», - ասել է Օսիպովը:
Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Meta Platforms-ը ճանաչել է «ծայրահեղական կազմակերպություն» և պահանջել է արգելափակել դրա գործունեությունը երկրի տարածքում:
Գլխավոր դատախազությունն այդ որոշումն է կայացրել այն բանից հետո, երբ Meta ընկերությունների միավորման մամլո քարտուղար Էնդի Սթոունը հաստատել է, որ մի շարք երկրներում ժամանակավոր սառեցվում է Ռուսաստանի զինվորականների նկատմամբ բռնություն իրականացնելու մասին կոչեր սոցցանցերում տեղադրելու արգելքը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պետական քարտուղար Էնթոնի Բլինքենին կարգադրել է 200 միլիոն դոլարի զենք և այլ տեսակի օգնություն տրամադրել Ուկրաինային:
Այդ որոշմամբ մեկ տարվա ընթացքում Կիևին Վաշինգտոնի հատկացրած ռազմական օգնության ծավալը հասել է 1 միլիարդ 200 միլիոն դոլարի:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային 13 միլիարդ 600 միլիոն դոլարի արտակարգ օգնություն հատկացնելու ծրագիրը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Պորտու քաղաքի քրեական ոստիկանությունը ձերբակալել է ռաբբի Դանիել Լիտվակին, ով կեղծիքների եղանակով կարողացել է Եվրամիության անդամ երկրի քաղաքացիություն ապահովել ռուսաստանցի օլիգարխ, բրիտանական սանկցիաների ցանկում հայտնված Ռոման Աբրամովիչի համար:
Պորտուի հրեական համայնքի ռաբբին պատասխանատվություն է կրել սեֆարդների (Պիրենեյան թերակղզում բնակվող և հալածանքների ենթարկված հրեաները) ժառանգներին սերտիֆիկատներ շնորհելու համար:
Նա կազմել է փաստաթուղթ, ըստ որի Աբրամովիչի նախնիները Պորտուգալիայից 15-րդ դարում արտաքսված սեֆարդներ էին:
Այդ սերտիֆիկատի շնորհիվ Աբրամովիևը Պորտուգալիայի անձնագիր է ստացել:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը մարտի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու հարցը և ջանքերը, որոնք այդ ուղղությամբ գործադրում է հրեից պետությունը: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:
«Շաբաթ օրը երեկոյան տեղի է ունեցել վարչապետ Բենեթի և նախագահ Զելենսկու հեռախոսազրույցը, այն տևել է ավելի քան մեկ ժամ, լիդերները քննարկել են պատերազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունը»,- նշվում է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Լվովի մարզում՝ Լեհաստանի սահմանին մոտ գտնվող ռազմաբազային։
Լվովի մարզային ռազմական ղեկավարության հայտարարության համաձայն՝ Յավորովի Խաղաղարության և անվտանգության միջազգային կենտրոնի տարածքի վրա արձակվել է շուրջ 30 հրթիռ: Զոհվել է 35, վիրավորվել՝ 134 մարդ, հայտարարել է ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
Ռազմաբազան 360 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցնում և Լեհաստանի սահմանից հեռու է ընդամենը շուրջ 25 կիլոմետր, խոշորագույնն է Ուկրաինայի արևմուտքում։ Այստեղ Ուկրաինան անցկացնում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունների մեծ մասը։
Կոզիցկին հայտնել է նաև, որ ըստ նախնական տվյալների՝ հրթիռներն արձակվել են Ռուսաստանի տարածքից։
Նույնպես Ուկրաինայի արևմուտքում, ռուսական զինուժը օդային հարվածներ է հասցրել Իվանո-Ֆրանկովսկի օդանավակայանին։
Լվովի մարզում հասցրած հարվածներով ռուսաստանցիները ցանկանում են ապացուցել, որ Ուկրաինայում չկա ոչ մի հանգիստ ու անվտանգ կետ, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն։
- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Թուրքիան չի միանա Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ մի շարք արևմտյան երկրների պատժամիջոցներին, հայտարարել է երկրի արտգործնախարարը։
Այսօր Անթալիայի դիվանագիտական համաժողովում Մևլյութ Չավուշօղլուն, ռուսաստանյան ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է․ - «Մենք համարում ենք, որ պատժամիջոցները խնդիրը չեն լուծի։ Օրինակ՝ օդային տարածքի փակումը։ Մենք չենք կարող այն փակել Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան։ Դա իրավական պարտավորություն է»։
Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նշում է ռուսական պետական լրատվական գործակալությունը, նույն համաժողովի շրջանակում հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը բոլոր անդամներից, որոնց թվում է նաև Թուրքիան, սպասում է Մոսկվայի դեմ սահմանափակումների կիրառում։ Նա հայտնել է, թե այդ դիրքորոշումը ներկայացրել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա ավանդական պատարագից հետո դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ռմբահարումները և բացել մարդասիրական միջանցքները խաղաղ բնակիչներին մարտական գոտիներից դուրս հանելու համար:
«Սրտիս ցավով միանում եմ պատերազմն ավարտելու մասին մարդկանց աղոթքներին: Ի սեր Աստծո, լսեք տառապյալների աղաչանքը և վերջ դրեք ռմբահարումներին, սկսեք բանակցել և ապահովեք մարդասիրական միջանցքների աշխատանքը, վերջ տվեք այս սպանդին», - ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը, ով այսօր նշում է գահակալության 9-րդ տարեդարձը:
«Կարող է լինել միայն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի Աստված, մենք աղոթում ենք, որ ձեր սրտերը խաղաղություն պահանջեն», - ասել է Ֆրանցիսկոսը: