- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Նավթի գինը համաշխարհային շուկաներում այսօր հերթական ռեկորդն է սահմանել՝ հասնելով 13 տարվա առավելագույն մակարդակին։ «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելի գինն այսօր հասել է 140 դոլարի։
Reuters-ը նշում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր նավթի գինը միջազգային շուկաներում աճել է շուրջ 30 տոկոսով։
Վառելիքի գնի հերթական կտրուկ աճը արձանագրվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեկ հնչեցրած հայտարարությունից հետո, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները և եվրոպական պետությունները քննարկում են ռուսական նավթի ձեռքբերումներից հրաժարվելու տարբերակը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Հաագայում՝ ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանում, այսօր մեկնարկել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցի քննությունը։ Պաշտոնական Կիևը պահանջում է «հրատապ միջոց կիրառել՝ Ռուսաստանի ներխուժմանը վերջ տալու համար։
Այսօրվա լսումների ընթացքում իր մոտեցումներն է ներկայացնում ուկրաինական կողմը, վաղը դատավորները կլսեն պաշտոնական Մոսկվայի տեսակետը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Չի բացառվում, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում ժամանի Ուկրաինա», - հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը գլխավորող Դավիթ Արախամիան։
«Մենք դեռևս չհաստատված տեղեկություններ ունենք, որոնց համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, մի շարք հանրապետական օրենսդիրների ուղեկցությամբ, առաջիկայում կարող է ժամանել Ուկրաինա՝ մեր երկրին աջակցություն ցուցաբերելու և Ուկրաինայի օդային տարածքը ոչ-թռիչքային գոտի հայտարարելու հարցը քննարկելու համար», - նշել է Արախամիան։
Նրա խոսքով՝ ոչ-թռիչքային գոտու ստեղծումն ուկրաինական կողմի համար սուր անհրաժեշտություն է, քանի որ «պատերազմի առաջին օրերին ռուսական կողմն ամբողջությամբ ոչնչացրել է Ուկրաինայի ՀՕՊ համակարգը»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայանալու են Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցությունները», - Reuters գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Լավրովի և Կուլեբայի հանդիպումը կայանալու է առաջիկա հինգշաբթի։ TACC գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ևս հաստատել է, որ երկու երկրների նախարարների միջև Անթալիայում «շփումներ կլինեն»։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունը կդադարի այն պահին, երբ Կիևը համաձայնի Ռուսաստանի ներկայացրած պահանջներին», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ այդ պահանջները երեքն են՝ սահմանադրորեն ամրագրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմի ռուսական պատկանելությունը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այսօր հեռավար բանակցություններ կանցկացնեն։
Սպիտակ տան պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «չորս պետությունների ղեկավարները կքննարկեն Ռուսաստանին և Ուկրաինային վերաբերող վերջին զարգացումները»։