- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսն այս շաբաթ կմեկնի Լեհաստան և Ռումինիա՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ուկրաինայում ընթացող պատերազմն ու դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա քննարկելու համար:
Սպիտակ տան հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ Վարշավայում և Բուխարեստում փոխնախագահի օրակարգի գլխավոր հարցը կլինի Ուկրաինային տնտեսական, անվտանգության և մարդասիրական օգնությունը: «Կքննարկվի նաև, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է հետագայում աջակցել Ուկրաինայի հարևաններին՝ փախստականների նկատմամբ հոգ տանելու հարցում», - ասել է փոխնախագահի խոսնակը:
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Մոսկվայի Մեծ (Բոլշոյ) թատրոնի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ուկրաինական հակամարտության հարցում դիրքորոշում ընդունելու ճնշման պատճառով։ Տուգան Սոխիևը պարզաբանել է, որ հրաժարվում է նաև Ֆրանսիայի Թուլուզի Նասիոնալ դյու Կապիտոլ նվագախումբը ղեկավարելուց։
Սոխիևը որոշել է հրաժարական տալ, երբ «ստիպված է եղել ընտրություն կատարել իր սիրելի ռուս և ֆրանսիացի երաժիշտների միջև»
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ռուսական կողմը տեղեկացրել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որ հումանիտար միջանցքներ է բացում Ուկրաինայում։ Այդ մասին այսօր հայտնել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման կենտրոնը՝ ընդգծելով, որ տարհանման նկատմամբ հսկողություն կիրականացվի մասնավորապես ռուսական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։
Պաշտոնական Կիևից կոնկրետ գործողություններ են սպասվում՝ մարդասիրական միջանցքներ բացելու համար, նշված է հաղորդագրությունում։
Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման կենտրոնն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հայտարարում են հրադադարի մասին առավոտյան ժամը 10-ից և բացում են մարդասիրական միջանցքները Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում պնդել է, որ արևմտյան պետությունների ղեկավարները պատշաճ կերպով չեն արձագանքում փետրվարի 24-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության կրած զրկանքներին և Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացվող ռմբակոծություններին ու հրթիռակոծություններին։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Նավթի գինը համաշխարհային շուկաներում այսօր հերթական ռեկորդն է սահմանել՝ հասնելով 13 տարվա առավելագույն մակարդակին։ «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելի գինն այսօր հասել է 140 դոլարի։
Reuters-ը նշում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր նավթի գինը միջազգային շուկաներում աճել է շուրջ 30 տոկոսով։
Վառելիքի գնի հերթական կտրուկ աճը արձանագրվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեկ հնչեցրած հայտարարությունից հետո, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները և եվրոպական պետությունները քննարկում են ռուսական նավթի ձեռքբերումներից հրաժարվելու տարբերակը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Հաագայում՝ ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանում, այսօր մեկնարկել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցի քննությունը։ Պաշտոնական Կիևը պահանջում է «հրատապ միջոց կիրառել՝ Ռուսաստանի ներխուժմանը վերջ տալու համար։
Այսօրվա լսումների ընթացքում իր մոտեցումներն է ներկայացնում ուկրաինական կողմը, վաղը դատավորները կլսեն պաշտոնական Մոսկվայի տեսակետը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Չի բացառվում, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում ժամանի Ուկրաինա», - հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը գլխավորող Դավիթ Արախամիան։
«Մենք դեռևս չհաստատված տեղեկություններ ունենք, որոնց համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, մի շարք հանրապետական օրենսդիրների ուղեկցությամբ, առաջիկայում կարող է ժամանել Ուկրաինա՝ մեր երկրին աջակցություն ցուցաբերելու և Ուկրաինայի օդային տարածքը ոչ-թռիչքային գոտի հայտարարելու հարցը քննարկելու համար», - նշել է Արախամիան։
Նրա խոսքով՝ ոչ-թռիչքային գոտու ստեղծումն ուկրաինական կողմի համար սուր անհրաժեշտություն է, քանի որ «պատերազմի առաջին օրերին ռուսական կողմն ամբողջությամբ ոչնչացրել է Ուկրաինայի ՀՕՊ համակարգը»։