Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահն այս շաբաթ կայցելի Լեհաստան և Ռումինիա


ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս, արխիվ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսն այս շաբաթ կմեկնի Լեհաստան և Ռումինիա՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ուկրաինայում ընթացող պատերազմն ու դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա քննարկելու համար:

Սպիտակ տան հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ Վարշավայում և Բուխարեստում փոխնախագահի օրակարգի գլխավոր հարցը կլինի Ուկրաինային տնտեսական, անվտանգության և մարդասիրական օգնությունը: «Կքննարկվի նաև, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է հետագայում աջակցել Ուկրաինայի հարևաններին՝ փախստականների նկատմամբ հոգ տանելու հարցում», - ասել է փոխնախագահի խոսնակը:

Լեհաստանն օգնում է շուրջ 700 հազար ուկրաինացիների և պատերազմից մազապուրծ եղածների։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 4-ին էր զրուցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգներն ավելի քան կրկնապատկել է իր ռազմական ներկայությունը Լեհաստանում՝ հասցնելով 9 հազարի:
Հարիսի այցը ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներ տեղի կունենա մարտի 9-11-ը:

XS
SM
MD
LG