- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Վաշինգտոնը նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակումների երկրորդ հնարավոր փորձի մասին։
Maxar ընկերության արբանյակային լուսանկարները վկայում են, որ դեպի Կիև ռուսական ռազմական տեխնիկայի 65 կիլոմետր երկարությամբ շարասյուն է շարժվում՝ զրահատեխնիկա, տանկեր, քարշակային հրետանի և բեռնատարներ։
Ամերիկացի սենատոր Քրիս Մերֆին Թվիթերում գրել է, որ ռուսական զորքերը կփորձեն շրջապատել և կտրել Կիևը առաջիկա շաբաթների ընթացքում: «Քաղաքի համար պայքարը երկար և արյունալի է լինելու, ուկրաինացիներն արագ պատրաստվում են փողոցային կռիվների», - գրել է սենատորը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում մինչև իր առջև դրված նպատակներին հասնելը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։
Մոսկվայի հիմնական խնդիրը, Սերգեյ Շոյգուի խոսքով, Արևմուտքի ռազմական սպառնալիքից Ռուսաստանը պաշտպանելն է։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ուկրաինական կողմը խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Կիևի «հանցավոր ռեժիմին արևմտյան երկրների թողտվության» արդյունքն է։ Նաև, ըստ նրա, Եվրոպան երկխոսության փոխարեն ընտրել է «ոչ լեգիտիմ պատժամիջոցների» ճանապարհը։ Լավրովի խոսքով՝ Արևմուտքը պատրաստակամություն չի ցուցաբերում Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու և ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու հարցում։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի ընթացքում Լավրովի հեռավար ելույթի ժամանակ մի խումբ դիվանագետներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից և Մեծ Բրիտանիայից, ցուցադրաբար լքել են նիստերի դահլիճը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռեյթերը հայտարարել է Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, ռուս երաժիշտ Վալերի Գերգիևի պաշտոնանկության մասին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի երաժիշտը հրաժարվել է հստակ, միանշանակ և անվերապահորեն դատապարտել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, պարզաբանել է Գերգիևի գործատուն։
68-ամյա Գերգիևը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, արժանացել է աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ պարգևների ու ամենաբարձր կոչումների, աշխատել է առաջատար նվագախմբերի հետ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինան հետ է կանչում Ղրղըզստանում և Վրաստանում իր դեսպաններին։ «Մեզ օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների հարցում ոչ բարոյական դիրքորոշման պատճառով», - պարզաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդարանի արտահերթ նիստում իր հեռավար ելույթի ընթացքում։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Թբիլիսին չի պլանավորում միանալ Մոսկվայի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին, նաև բացառել էր, որ կուղևորվի Կիև՝ աջակցություն հայտնելու ուկրաինացի ժողովրդին։
Վրաստանի առաջնորդի այս հայտարարությունները երկրում աննախադեպ բողոքի ցույցեր են հարուցել, որի մասնակիցները պահանջում են Ղարիբաշվիլիի հրաժարականը:
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ռուսաստանը պարտավոր է անհապաղ դուրս բերել իր զորքերն ու դադարեցնել արյունահեղությունն Ուկրաինայում, այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Օլաֆ Շոլցը զգուշացրել է, որ հակառակ դեպքում Մոսկվայի դեմ կսահմանվեն նոր պատժամիջոցներ։
«Ուկրաինան բառացիորեն կենաց-մահու կռիվ է տալիս»,- ասել է նա։
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել է Եվրախորհրդարանին աջակցել ԵՄ անդամ դառնալու՝ իր երկրի ցանկությանը։ Հատուկ նիստում դիմելով եվրոպացի պատգամավորներին՝ Զելենսկին պնդել է՝ Ուկրաինան պայքարում է՝ Եվրոպայի լիիրավ անդամ դառնալու համար։
«Կարծում եմ, որ այսօր մենք բոլորին ի ցույց ենք դնում՝ ինչ ենք ուզում և ինչի ենք ձգտում։ Եվրամիությունը, անկասկած, մեզ հետ շատ ավելի ուժեղ կլինի», -հայտարարել է նա՝ դատապարտելով ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանն անվանել է «ահաբեկչական պետություն»։ Զելենսկիի մեղադրանքները հաջորդում են երեքշաբթի օրը Խարկովի կենտրոնական հրապարակում կառավարական շենքի հրթիռակոծմանը, որը Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «բաց, անթաքույց ահաբեկչություն» է:
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում` հնդիկ ուսանող։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է Կիևի վրա հարվածներ հասցնելու մասին։
Նախարարության հայտարարության համաձայն՝ հարվածներ կհասցվեն Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող անվտանգության ծառայության մի շարք շենքերի։ Ռուսական կողմը շենքերում (որոնք թվարկվել է հաղորդագրությունում) աշխատող և մոտակայքում ապրող քաղաքացիներին հորդորում է լքել իրենց տներն ու տարածքը: