Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ ռուսական կործանիչները Դոնեցկի մարզում ուկրաինական «Սու-25» են խոցել, իսկ հակաօդային պաշտպանության համակարգերը Խարկովի մարզում՝ «Մի-8» ուղղաթիռ։
Նա նաև ասել է, որ անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական կողմից արձակված 18 ԱԹՍ է չեզոքացվել և HIMARS-ի 5 հրթիռ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «փոխադարձ համաձայնությամբ» ներկա չի գտնվի Յոհանեսբուրգում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին պաշտոնապես հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի գրասենյակի կայքը, Կրեմլը հաստատել է:
«Նախագահ Պուտինը որոշում է ընդունել BRICS-ի գագաթաժողովին մասնակցել տեսակապի ձևաչափով։ Դա լիարժեք մասնակցություն կլինի»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Օգոստոսի 22-24-ը կայանալիք գագաթնաժողովին ռուսական պատվիրակությունը գլխավորելու է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը կլիներ Պուտինի առաջին այցը նրան ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի օրդերից հետո։ Դատարանը նման վճիռ է կայացրել ուկրաինացի երեխաներին Ռուսաստան տեղափոխելու համար։
ՀԱՀ-ը Հռոմի ստատուտը ստորագրած երկրներից է և պարտավոր է կատարել Միջազգային քրեական դատարանի որոշումները։
Ռուսաստանի Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ասել է, որ անցած գիշերը ուկրաինական կողմից ավելի քան 80 զինամթերք է արձակվել նահանգի վրա, այդ թվում՝ ռումբեր ու արկեր։ Նրա ասելով՝ 5 մարդ է վիրավորվել, վնասվել են սեփական տներ և էլեկտրամատակարարման գծեր։
Կիևը հերքում է Ռուսաստանի տարածքը հրետակոծելու լուրերը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում մտահոգություն է հայտնել Սև ծովով հացահատիկի արտահանումը դադարեցնելու Ռուսաստանի որոշման կապակցությամբ։ «Ամբողջ աշխարհում դա սպառնում է խոցելի երկրների պարենային անվտանգությանը»,- հայտարարել է նա։
Ուրսուլա ֆան դեր Լայենն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել՝ բոլոր միջոցներով ապահովելու խոցելի խմբերի պարենային կարիքները, կշարունակի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը միջազգային շուկաներ «համերաշխության գոտիներով»։
«Բայց կարևոր է, որ Սև ծովի բլոկադան դադարեցվի և Սև ծովով արտահանումը շարունակվի», - ընդգծել է նա։
Ուկրաինայի զինված ուժերը հաղորդում են անցած գիշեր ռուսական զանգվածային հարձակման հետևանքով տուժած խաղաղ բնակիչների մասին։
Ըստ հաղորդման՝ Օդեսայի մարզում տուժել է առնվազն 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ իննամյա երեխա, Խերսոնում մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել։
«Օդեսայում երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել օկուպանտների կողմից քաղաքի հրթիռակոծության հետևանքով։ Վեց մարդ վիրավորվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների խոցման ժամանակ առաջացած պայթյունի ալիքներից, ևս երեքը՝ Օդեսայի շրջանի այլ բնակավայրերում, որտեղ հրդեհներ են սկսվել հարվածների և բեկորների ընկնելու հետևանքով», - ասվում է «Հարավ» օպերատիվ հրամանատարության ֆեյսբուքյան էջում։
Ղրիմում զինամթերքի մեծ պահեստ է բռնկվել, պայթյունները շարունակվում են արդեն մի քանի ժամ։ Իշխանությունները փակել են թերակղզու գլխավոր մայրուղին և տարհանում են շրջակա գյուղերի բնակիչներին։
Ղրիմի՝ ռուսական իշխանությունների կողմից նշանակված ղեկավար Սերգեյ Ակսյոնովն ասել է, որ ավելի քան երկու հազար մարդ է պլանավորվում տարհանել հրդեհին մոտ գտնվող բնակավայրերից։ «Պլանավորվում է չորս բնակավայրերի բնակիչների ժամանակավոր տարհանում», - գրել է նա իր Տելեգրամ ալիքում։
Ակսյոնովը նաև հայտնել է, որ հրդեհի բռնկման պատճառով փակվել է «Տավրիդա» մայրուղին։
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Միջազգային քրեական դատարանին խնդրում է թույլ տալ չձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այն դեպքում, եթե վերջինս այցելի Յոհանեսբուրգ՝ BRICS-ի ժողովին մասնակցելու համար:
«Հարավային Աֆրիկան ակնհայտ խնդիրներ ունի նախագահ Պուտինին ձերբակալելու և արտահանձնելու խնդրանքը կատարելու հարցում: Ռուսաստանը նկատել է տվել, որ իր նախագահի ձերբակալությունը կհամարի պատերազմի հայտարարություն», - ասվում է Ռամաֆոսայի ուղերձում:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը, չմանրամասնելով, նշել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներ է անցկացնում ՄՔԴ-ի հետ:
BRICS-ի գագաթնաժողովը, որին հրավիրված է Վլադիմիր Պուտինը, պետք է տեղի ունենա օգոստոսին:
Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի այլ երկրների հետ աշխատել Սև ծովով ուկրաինական հացահատիկի փոխադրումը շարունակելու համար: Այդ մասին ասել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանն անհապաղ վերանայել գործարքը չերկարաձգելու որոշումը և միաժամանակ հայտնում ենք, որ մենք շարունակելու ենք մյուս երկրների հետ ջանքեր գործադրել Սև ծովով թե՛ ուկրաինական և թե՛ ռուսական արտադրության հացահատիկն աշխարհի երկրներ հասցնելու ջանքերը», - ասել է Քիրբին:
Նրա փոխանցմամբ, ամերիկյան պատժամիջոցները երբևէ պարենի կամ պարարտանյութի վրա չեն տարածվել:
Քիրբիի խոսքով, ոչինչ, այդ թվում՝ Ղրիմի կամրջին հասցված հարվածը, չի կարող արդարացնել գործարքից հրաժարվելու ռուսների որոշումը:
Երեկ ՄԱԿ-ը հայտարարել է, որ այդ որոշումը մեծ ճգնաժամ կստեղծի աշխարհի աղքատ երկրներում:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ և դաշնակիցները հավատարիմ են Ռուսաստանի հարձակումից պաշտպանվող Ուկրաինային աջակցելու հանձնառությանը:
Օսթինն այդ մասին ասել է Ուկրաինային զենք տրամադրելու հարցով շփման խմբի առցանց հանդիպման ընթացքում: Այդ խմբին անդամակցել են ընդհանուր հաշվով 54 պետություններ:
«Ուկրաինայի հակագրոհը նշանակալից զարգացում է այս ողբերգական պատերազմի ընթացքում: Ուկրաինայի զինված ուժերը փորձում է վերահաստատել հսկողությունն իր ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ռուսաստանի ագրեսիան չափազանց անկայուն վիճակ է ստեղծել: Պուտինի սարսափելի և արյունալի պատերազմը շարունակում է կյանքեր խլել»,- ասել է Օսթինը:
Նրա խոսքով, ազատության համար Ուկրաինայի պայքարը ոչ թե արագավազք է, այլ մարաթոն:
ԱՄՆ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ դաշնակիցները կշարունակեն սատարել Ուկրաինային, քանի առաջնորդվում են ընդհանուր արժեքներով՝ ինքնիշխանություն, մարդու իրավունքներ և ազատություն, և դեմ են, որ որևէ հզոր երկիր հարձակվի խաղաղասեր հարևանի վրա ու փորձի ուժով փոխել սահմանները:
Ենթադրվում է, որ խումբը հերթական համաժողովում քննարկելու է Ուկրաինայի նախաձեռնած հակագրոհի, Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զինամթերք տրամադրելու հարցերը:
F-16 տեսակի ամերիկյան արտադրության կործանիչներով վարժանքներ կատարելու նպատակով ուկրաինացի օդաչուների առաջին խումբը մինչև ամռան վերջ կմեկնի արտասահման:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի փոխանցմամբ, օդաչուների ուսուցումը կմեկնարկի առաջիկա շաբաթների ընթացքում:
Իգնատի փոխանցմամբ, ուսուցումը տեղի կունենա տարբեր երկրներում, քանի որ միայն մեկ երկրում հնարավոր չէ այդքան մեծ թվով օդաչուներ պատրաստել:
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում Ուկրաինան և 11 գործընկեր երկրներ կնքել են F-16 կործանիչներով աշխատելու համար ուկրաինացի օդաչուների ուսուցում իրականացնելու համաձայնագիր: