Մատչելիության հղումներ

ՀԱՀ-ը Մոսկվայի հետ քննարկում է BRICS-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության հարցերը


Ռուսաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտին և Սիրիլ Ռամաֆոսա, արխիվ
Ռուսաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտին և Սիրիլ Ռամաֆոսա, արխիվ

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) կառավարությունը Մոսկվայի հետ քննարկում է Յոհանեսբուրգում օգոստոսին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահի մասնակցության հետ կապված հարցերը, թե ինչպես խուսափել արևմտյան երկրների հետ հակամարտությունից, գրել է հարավաֆրիկյան Sunday Times թերթը։

Միջազգային քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրամանի պատճառով, ՀԱՀ-ը ոչ-հրապարակավ Մոսկվայի հետ բանակցություններում պնդում է, որ ռուս առաջնորդը չայցելի Յոհանեսբուրգ և BRICS-ի առաջնորդների հանդիպմանը մասնակցի վիրտուալ ձևաչափով։

ՀԱՀ կառավարության անանուն աղբյուրն ասել է, որ Պուտինը չի կարող «գալ Յոհանեսբուրգ և չձերբակալվել»։ «Մեր միակ տարբերակը՝ որ Պուտինը գագաթնաժողովի աշխատանքներին միանա Մոսկվայից Zoom-ի միջոցով», - նշել է նա։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ապրիլի վերջին հաստատեց, որ երկիրը կմնա Հռոմի կանոնադրության կողմ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե ՀԱՀ-ը դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանի իրավասությունից։ Հաջորդ օրը, սակայն, նրա մամուլի ծառայությունը հայտնեց, թե նախագահը սխալմամբ է նման հայտարարություն արել։

Մարտի կեսերին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդեր է դուրս գրել: Դատարանի զեկույցում նշվում էր, որ նրանք «ենթադրաբար պատասխանատու են ռազմական հանցագործության համար, Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան երեխաների անօրինական արտաքսման համար»։ Կրեմլը հայտարարել է, թե Մոսկվան չի ճանաչում այդ դատարանի իրավասությունը։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը ստորագրել և վավերացրել է Հռոմի կանոնադրությունը։ Միևնույն ժամանակ, երկիրը նախկինում խախտել է պայմանագիրը, երբ չի կալանավորել Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին, ում ձերբակալելու օրդեր էր դուրս գրել Միջազգային քրեական դատարանը՝ ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ 2015 թվականին Ալ-Բաշիրն եկել էր Յոհանեսբուրգում մասնակցելու Աֆրիկյան միության գագաթնաժողովին և չէր ձերբակալվել՝ չնայած Միջազգային քրեական դատարանի պահանջին։

XS
SM
MD
LG