F-16 տեսակի ամերիկյան արտադրության կործանիչներով վարժանքներ կատարելու նպատակով ուկրաինացի օդաչուների առաջին խումբը մինչև ամռան վերջ կմեկնի արտասահման:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի փոխանցմամբ, օդաչուների ուսուցումը կմեկնարկի առաջիկա շաբաթների ընթացքում:
Իգնատի փոխանցմամբ, ուսուցումը տեղի կունենա տարբեր երկրներում, քանի որ միայն մեկ երկրում հնարավոր չէ այդքան մեծ թվով օդաչուներ պատրաստել:
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում Ուկրաինան և 11 գործընկեր երկրներ կնքել են F-16 կործանիչներով աշխատելու համար ուկրաինացի օդաչուների ուսուցում իրականացնելու համաձայնագիր:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում դեռևս նախատեսված չէ:
«Ոչ, նման բան դեռ չկա», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք երկու երկրների ղեկավարները մտադիր են հանդիպել և քննարկել հացահատիկի գործարքի ժամկետը չերկարաձգելու Մոսկվայի որոշումը:
Էրդողանը երեկ ասել է, որ ցանկանում է հարցը քննարկել ռուս պաշտոնակցի հետ անմիջապես այն բանից հետո, երբ կավարտի Պարսից ծոցի երկրներ կատարած այցերը:
Հուլիսի 14-ին Էրդողանն ասել էր, որ Անկարան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի նախագահի հնարավոր այցին, որը, ենթադրաբար, կարող է տեղի ունենալ այս տարվա օգոստոսին:
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են հացահատիկի գործարքը շարունակելու հնարավորությունը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության մի անանուն աշխատակից ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել է, որ նախարարների զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հացահատիկի փոխադրման ստամբուլյան գործարքին և անտառային հրդեհների դեմ պայքարում կիրառվող խոշոր ռուսական ինքնաթիռներ գնելու հնարավորությանը:
Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով հատուցման լայնածավալ հարված են հասցրել Օդեսայի և Նիկոլաևի շրջանի օբյեկտներին, որտեղ «ուկրաինացիները ծովային անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություններ են ծրագրել»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
«Այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերը հատուցման հարված են հասցրել բարձր ճշգրտության ծովային զինատեսակներով այն օբյեկտներին, որտեղ Ռուսաստանի դեմ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվել», - ասել է Կոնաշենկովը։
Նրա փոխանցմամբ՝ Նիկոլաևի և Օդեսայի տարածքում ոչնչացվել են պահեստներ, որտեղ պաշարված էր Ուկրաինայի բանակի համար նախատեսված մոտ 70 հազար տոննա վառելիք:
Ռուսաստանը Կիևին է մեղադրել նախօրեին Ղրիմի կամրջին հասցված հարվածի համար, որի հետևանքով կամրջի մի հատվածն ավերվել է և երկու մարդ է զոհվել:
Նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, որ ռուսական կողմն անպայման պատասխան կտա այդ գրոհին:
Գիշերվա ընթացքում ռուսական բանակը սկզբում անօդաչու թռչող սարքեր, ապա հրթիռներ է արձակել Նիկոլաև և Օդեսա նավահանգստային քաղաքների ուղղությամբ:
Նիկոլաևում չխոցված «Շահեդ»-ը ենթադրաբար նավահանգստի տարածքում է հայտնվել։
Օդեսայում նավահանգստի վրա, ըստ որոշ Տելեգրամ ալիքների, «Կալիբր» հրթիռներից մեկով ևս հարված է եղել, սակայն ուկրաինացի զինվորականները պնդում են, որ իրենք խոցել են արձակված բոլոր վեց «Կալիբր»-ները, և միայն բեկորներ են ընկել նավահանգստի վրա:
«Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հրապարակել է Օդեսայի վրա գիշերային հրթիռային հարձակման հասցրած վնասի լուսանկարները, հայտնելով, որ խոցված հրթիռների բեկորները և կործանումից առաջացած պայթյունի ալիքը վնասել են նավահանգստի ենթակառուցվածքները, մի քանի առանձնատներ, ջարդել մի շարք այլ շենքերի ապակիներ, մեկ մարդ վիրավորվել է։
Ռուսաստանի կողմից նշանակված Ղրիմի վարչակազմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը և ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել են, որ հուլիսի լույս 18-ի գիշերը ռուս զինվորականները հետ են մղել անօդաչու սարքերով հարձակումը թերակղզու արևելքում։ Ակսյոնովի խոսքով՝ 9 անօդաչու թռչող սարք են խոցել, ևս 19-ը «ճնշվել են» ռադիոէլեկտրոնային համակարգերով։
Սերգեյ Ակսյոնովի վկայությամբ՝ ոչ ոք չի տուժել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վնասներ չկան։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր 9 հազար 287 խաղաղ բնակիչ է զոհվել, 16 հազար 384-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը՝ ռուսական հարձակումներից։ Այս թիվը ներառում է 537 զոհված և 1117 վիրավոր երեխա։
«Սրանք ընդամենը հաստատված թվեր են։ Իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է», - երեկ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոն:
Դիկարլոն հավելել է, որ անցյալ տարի Ուկրաինան դարձել է ամենաշատ զոհված և հաշմանդամ դարձած երեխաների թվով երկիր։
ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ անցյալ տարվա հուլիսի 22-ին կնքված ռուս-ուկրաինական «հացահատիկի գործարքի» ժամկետը երեկ սպառվել է: Մոսկվան երեկ պաշտոնական խողովակներով բոլորին հայտնել է, որ չի երկարաձգելու գործարքը:
Դա կարող է ծանր վիճակ ստեղծել պարենի կարիք ունեցող Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի տարածաշրջանների աղքատ երկրներում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մեծ մտահոգությամբ է խոսել ռուսների որոշման մասին:
Ռուսներն այդ գործարքով երաշխավորել են շրջափակված ուկրաինական նավահանգիստներում գտնվող ուկրաինական պարենը ծովով դուրս փոխադրող նավերի անվտանգությունը: Երաշխիք այլևս չկա:
Ռուսներն իրենց որոշումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ գործարքի ռուսական մասը չի կատարվել, ասելով, թե այդ գործարքով միջազգային շուկաներ պետք է փոխադրվեին նաև ռուսական արտադրության հացահատիկն ու պարարտանյութը:
Երեկ ուշ երեկոյան հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Արևմտյան երկրները դատապարտել են Մոսկվայի կեցվածքը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին պնդել է, թե Մոսկվան կվերադառնա գործարքին միայն նշված պայմանների կատարման դեպքում, իսկ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան ասել է, որ ռուսները, սովորության համաձայն, «շանտաժի են ենթարկում ամբողջ աշխարհը»:
Վաշինգտոնը դիմել է Մոսկվային հացահատիկի գործարքից հրաժարվելու որոշումը վերանայելու կոչով:
«Միացյալ Նահանգները պատրաստ է մյուս երկրների հետ աշխատել Սև ծովով թե՛ ռուսական և թե՛ ուկրաինական պարենը կարիքավոր երկրներին հասցնելու գործում», - ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ, պաշտոնաթող ծովակալ Ջոն Քիրբին:
Նրա խոսքով՝ ռուսական պրոպագանդան սուտ տեղեկություններ է տարածում գործարքի և պատժամիջոցների մասին, քանի որ դրանք երբևէ չեն սահմանվել ռուսական պարենի կամ պարարտանյութի նկատմամբ:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անպայման կպատասխանի Ղրիմի կամրջի վրա հարձակմանը: Այդ մասին ՌԴ նախագահն ասել է Ղրիմի կամրջի պայթեցման հետ կապված հանդիպմանը։
Նրա խոսքով, զինված ուժերն արդեն մշակում է գործողությունների ծրագիր, որը կներկայացնի Դաշնության ղեկավարությանը:
«Իհարկե, պատասխան կլինի Ռուսաստանից։ Պաշտպանության նախարարությունը առաջարկություններ է նախապատրաստում», - ասել է Պուտինը:
Նրա փոխանցմամբ, տեղի ունեցածն անիմաստ հանցագործություն է, ռազմական տեսանկյունից ոչ մի նշանակություն չունի, քանի որ Ղրիմի կամուրջը երկար ժամանակ չի օգտագործվում ռազմական փոխադրումների համար:
«Դաժան հանցագործություն է, քանի որ անմեղ խաղաղ բնակիչներ են սպանվել և վիրավորվել», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Բելառուսի սահմանապահ ծառայության աշխատակիցները ուկրաինական հետախուզական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Պաշտոնական Մինսկի հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ Գոմելի մարզում։
Բելառուսի իշխանությունների պնդմամբ՝ ուկրաինական հետախուզական կվադրոկոպտերը սահմանը հատել է Դնեպր գետի ափամերձ հատվածում, որից հետո սահմանապահները, ռադիէլեկտրոնային պայքարի միջոցներ կիրառելով, չեզոքացրել են սարքը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հացահատիկային գործարքի» ճակատագիրը կքննարկի իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ։ Այս մասին Էրդողանը հայտարարել է այսօր Ստամբուլում՝ լրագրողների հետ զրույցում։
Reuters-ի տեղեկություններով՝ Էրդողանը ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի հետ այս թեման պատրաստվում է քննարկել գալիք ամիս նախատեսված դեմ առ դեմ բանակցությունների ընթացքում։
«Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ «հացահատիկային գործարքի» շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակեն ի կատար ածվել», - նշել է Էրդողանը։