Մոսկվայի կողմից նշանակված Խերսոնի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել է, որ Կախովկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի փլուզումից հետո առաջացած ջրհեղեղի հետևանքով 35 մարդ է մահացել։
Ավելի վաղ Ալեքսեենկոն խոսել էր Ռուսաստանի կողմից վերահսկվող Խերսոնի շրջանում 29 զոհի մասին։
Երեկ Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Կախովկայա ՀԷԿ-ում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, 31 մարդ դեռ անհետ կորած է համարվում։
Սկսվել է ուկրաինական հակահարձակման երրորդ շաբաթը։
Նախօրեին ամերիկյան Wall Street Journal թերթը գրել էր, թե Ուկրաինան դեռևս դժվարություններ ունի ռազմի դաշտում և նույնիսկ կորցրել է արևմտյան որոշ զինատեսակներ։
Ըստ հրապարակման՝ ուկրաինական հակահարձակմանը խոչընդոտում է ռուսական հզոր ավիացիան, հրետանին և բազմաթիվ ականապատ, ամրացված տարածքներ, որոնք ռուսները նախապես պատրաստել էին ուկրաինական հակահարձկմանը սպասելիս։
Հունիսի 18-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ զինված ագրեսիայի հետևանքով տուժել է առնվազն 1515 երեխա։ 489 երեխա մահացել է, առնվազն 1026-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Երեխաներն ամենաշատը տուժել են Դոնեցկի մարզում, Խարկովում Կիևում, Խերսոնում։
Անցած օրվա ընթացքում՝ հունիսի 17-ին, Օլեշկի քաղաքից գյուղ տանող ճանապարհին կրակել են քաղաքացիական մեքենայի վրա, սպանվել են հայրն ու նրա 15-ամյա որդին։ Նույն օրը Խերսոնի շրջանի Կազացկոյե գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 17-ամյա մի տղա։
Բացի այդ, հունիսի 17-ին ռուսական զորքերի կողմից Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի գնդակոծության պատճառով տուժել էր 9-ամյա մի աղջիկ։
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մեկ միլիարդ դոլար է կուտակում Ուկրաինայի վերականգնման համար, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Շաբաթ օրը նա Կիևում հանդիպել է ծրագրի տնօրեն Ախիմ Շտայների հետ։
Դենիս Շմիգալը մանրամասնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի՝ արագ վերականգնման, ականազերծման և մարդասիրական օգնության կարիքները։ Անդրադարձ է կատարվել պատերազմի արդյունքում բիզնեսը կորցրած փոքր ու միջին ձեռներեցներին աջակցելու խնդիրներին։
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նախաձեռնություններ է նախապատրաստում գործարարների վերապատրաստման և վերապատրաստման, պոտենցիալ արտահանման ձեռնարկությունների զարգացման համար։ Զարգացման ծրագիրը կաջակցի նաև էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը։
Կիևի տնտեսագիտական դպրոցի տվյալներով՝ լայնածավալ պատերազմի առաջին տարում Ուկրաինային հասցված ընդհանուր վնասը գնահատվում է 144 միլիարդ դոլար։ Հունիսի 6-ին Կախովկայի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած աղետից հետո վնասը կազմել է ավելի քան մեկուկես միլիարդ դոլար։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Բելառուսի տարածք մարտավարական նշանակության միջուկային զենքի փոխադրումը նախազգուշացում է Արևմուտքին, որը սատարում և զինում է Ուկրաինային:
Այդ մասին Պուտինն ասել է նախօրեին՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում:
Նա նշել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն առաջին անգամ է միջուկային զենք փոխադրում երկրի սահմաններից դուրս:
«Մեդիազոնա» կայքը, BBC բրիտանական հեռուստառադիոկայանի ռուսական ծառայության աշխատակիցները և կամավորների խումբը համատեղ հետաքննությամբ հաստատել են, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մեկնարկած պատերազմի ընթացքում Ուկրաինայում սպանվել են առնվազն 25 հազար 528 ռուսաստանցի զինծառայողներ:
Խոսքն անուն-ազգանուններով հաստատված զոհերի մասին է: Տվյալները հավաքվել են բաց աղբյուրներից: Զոհվածներից 2 հազար 498-ը զորակոչվածներ են: Հետաքննող լրագրողները նշում են, որ զոհերի թվում գերակայողը քրեակատարողական հիմնարկներից զորակոչվածներն են:
Առավել շատ բանտարկյալներ են զոհվել Կրասնոդարի երկրամասից, Սվերդլովսկի և Չելյաբինսկի շրջաններից, Բաշկիրիայի և Չուվաշիայի հանրապետություններից և Վոլգոգրադի մարզից:
Զոհվածների թվում են ռուսական բանակի և ուժային այլ կառույցների ավելի քան 2150 սպաներ, որոնցից առնվազն 251-ն ունեցել են փոխգնդապետի և զինվորական ավելի բարձր կոչումներ: Զոհվել են առնվազն 161 օդաչուներ:
«Մեդիազոնա» կայքը և BBC-ն նշում են, որ զոհվածների իրական թիվը կարող է անգամներով ավելի մեծ լինել:
Միացյալ Նահանգների փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի բանակի զոհերի և վիրավորների միացյալ թիվը կարող է հասնել 270-ից 300 հազարի:
Ենթադրվում է, որ Ուկրաինան մոտավորապես նույնքան կորուստներ ունի: Երկու երկրները տևական ժամանակ է չեն հայտնում պաշտոնական տեղեկություններ կորուստների մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգայցով մեկնել է Օմսկի շրջան, որտեղ պետական պատվերով աշխատող հիմնարկում հանձնարարել է ավելացնել հրասայլերի և ծանր հրանետների արտադրությունը:
«Նախարարը հիմնարկության ղեկավարներին ասել է, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել ռազմական հատուկ օպերացիային մասնակցող ռուսաստանյան բանակի համար պետպատվերով տեխնիկա արտադրելու ժամանակացույցը, և հանձնարարել է ընդարձակել հրասայլերի ու ծանր հրանետների արտադրական հզորությունները», - նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Բացի այդ, Շոյգուն ստուգել է տարածաշրջանում տեղակայված զինանոցներում և պահեստային բազաներում հատուկ գործողության գոտի տեղափոխելու համար սարքավորումների և սպառազինությունների նախապատրաստումը:
Նախարարին զեկուցել են զրահատեխնիկայի պահպանման և վերանորոգման, ինչպես նաև ձևավորվող զորամասեր և ստորաբաժանումներ փոխադրման նախապատրաստման մասին։
«Զելենսկին իսկական հրեա չէ», - այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող Միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
«Ես մանուկ հասակից շատ հրեա ընկերներ ունեմ։ Նրանք ասում են՝ «Զելենսկին հրեա չէ, նա հրեա ժողովրդի խայտառակությունն է»։ Դա ոչ կատակ է և ոչ էլ հեգնանք։ Չէ՞ որ այսօր նեոնացիստները, Հիտլերի հետևորդներն են, որ Ուկրաինայի հերոսներ են հռչակվել։ Հոլոքոսթի ընթացքում 6 միլիոն հրեա է սպանվել, որոնցից մեկուկես միլիոնը՝ Ուկրաինայի տարածքում՝ նախևառաջ բանդերայականների ձեռքերով», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։
«Այսպես կոչված հակահարձակման ընթացքում Ուկրաինան արդեն իսկ 186 տանկ և 418 զրահամեքենա է կորցրել», - երեկ Սանկտ-Պետերբուրգում մեկնարկած Միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նշելով, որ տվյալ պահին ևս ուկրաինական ուժերը փորձում են առաջ շարժվել Զապորոժիեի և Վրեմեևյան ուղղություններով՝ Պուտինը հայտարարում էր․ - «Կարծում եմ, որ Ուկրաինայի Զինված ուժերը [հաջողության հասնելու] շանսեր չունեն և չեն ունենա ոչ այս, ոչ էլ մյուս ուղղություններում։ Դրանում ես որևէ կասկած չունեմ»։
Պուտինը նաև համոզմունք է հայտնել, որ ուկրաինական բանակի սպառազինությունը շուտով կսպառվի։
«Ուկրաինական բանակը հակահարձակման ընթացքում ռազմավարական պաշարներ է օգտագործում», - նշել է Ռուսաստանի նախագահը։
Դնեպրի ջրի աղտոտվածությունը նորման գերազանցում է 28 հազար անգամ, BBC News Ukraine-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։ Նրա խոսքով՝ Կախովկայից ներքև գտնվող ամբողջ ջրային տարածքը «պիտանի չէ օգտագործման համար»։
«Հետևաբար, արգելվում է լողալը, ձկնորսությունը, այս ջուրը խմելը, անասուններին ջուր տալը: Երբ մարդը լողում է այդպիսի ջրում, կարող են առաջանալ հիվանդություններ՝ խոլերա, հեպատիտ, մակաբույծներ: Մաքրման կառույցներն անցել են ախտահանման արտակարգ ռեժիմների, ջրամատակարարման ցանցում ջրի որակի մոնիտորինգն ուժեղացվել է, որպեսզի բռնկում բաց չթողնենք», - նշել է Լյաշկոն։
Նախարարը հույս ունի, որ սանիտարահիգիենիկ չափանիշների պահպանման դեպքում հնարավոր կլինի խուսափել համաճարակային բռնկումներից։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Ուկրաինայում խոլերայի առաջին դեպքի մասին, սակայն Առողջապահության նախարարությունը դա հերքել է։