Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 15-ին տեսաուղերձով դիմել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներին:
Նա կոչ է արել շվեյցարացիներին կազմակերպել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար «խաղաղության բանաձևով» գագաթնաժողով:
Միաժամանակ Զելենսկին խնդրել է՝ չնայած գործող արգելքին թույլատրել շվեյցարական արտադրության զենքի մատակարարումն Ուկրաինային:
Նա հիշեցրել է, որ 2022 թվականին ինքը ներկայացրել է Ուկրաինայում զինված հակամարտության կարգավորման առաջարկը, որն անվանել է «խաղաղության բանաձև»:
«Մենք աշխարհից զենք ենք ուզում, որ մեր ուկրաինական տարածքը նորից դառնա խաղաղության տարածք», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Չեզոքության ավանդական քաղաքականություն վարող Շվեյցարիան չի արտոնում զենքի վերաարտահանում հակամարտությունների գոտիներ:
2022 թվականին Շվեյցարիան արգելել է վերաարտահանել սպառազենը, որն ավելի վաղ ուղարկել է Գերմանիա, Դանիա և Իսպանիա:
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում կատարել ստանձնած պարտավորությունները և պատերազմի ավարտից հետո Ուկրաինան ընդգրկել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում:
Բանաձևի օգտին քվեարկել են 425 պատգամավորներ, դեմ՝ 38, ձեռնպահ են մնացել 42 եվրոպացի օրենսդիրներ:
Եվրոպացի պատգամավորները ենթադրում են, որ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին «կարող է մեկնարկել պատերազմի ավարտից հետո և շատ արագ ավարտվել»:
Եվրոպացի պատգամավորների համոզմամբ, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն պետք է սերտորեն համագործակցեն Ուկրաինայի հետ և մշակեն անվտանգության ժամանակավոր երաշխիքներ, որոնք պետք է անհապաղ իրագործվեն պատերազմի ավարտից հետո:
Բանաձևում ասվում է, որ Ուկրաինայի ինտեգրումը թե՛ ՆԱՏՕ-ին և թե՛ Եվրամիությանը կամրապնդի տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությունը և Ուկրաինայի ու Եվրատլանտյան համայնքի կապը:
Պատգամավորները կոչ են անում նաև այս տարի սկսել բանակցութունները Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցման հարցի շուրջ:
Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը 50 հազար ռուբլու տուգանք է սահմանել անվանի ռոք երաժիշտ և պոետ Բորիս Գրեբենշչիկովի նկատմամբ:
Դատարանն այդ վճիռը կայացրել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «ֆաշիստական» որակելու համար: Գրեբենշչիկովն այդպես է անվանել Ռուսաստանի գործողությունները «9-րդ ալիք» իսրայելյան լրատվական ընկերությանը տված հարցազրույցում:
Գրեբենշչիկովը բազմիցս է հրապարակավ դատապարտել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, ինչի հետևանքով Ռուսաստանում նրա համերգները չեղարկվել են:
Այսօրվա դրությամբ ռոք երաժիշտ և պոետ, «Ակվարիում» խմբի հիմնադիր, կիթառահար և երգիչ Բորիս Գրեբենշչիկովը բնակվում է արտասահմանում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի ղեկավարած պատվիրակությունը հասել է Զապորոժիեի ատոմակայան:
Ավելի վաղ Գրոսսին ասել է, որ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումից հետո անհրաժեշտ է այցելել Զապորոժիեի ԱԷԿ և ստուգել դրա անվտանգությունը:
Ռաֆայել Գրոսսին ցանկանում է ավելացնել ԱԷՄԳ-ից Զապորոժիեի ԱԷԿ-ում երկարատև ժամկետով տեղակայված դիտորդների թիվը:
Այս տարվա ընթացքում ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները Գրոսսիի գլխավորությամբ արդեն երկու անգամ այցելել են Զապորոժիեի ատոմակայան: Այն ունի վեց ռեակտորներ և համարվում է ամենախոշորը Եվրոպայում:
Պատերազմի պատճառով Զապորոժիեի ԱԷԿ-ը 2022 թվականի սեպտեմբերից էլեկտրականություն չի արտադրում։
Դանիան ստանձնել է ուկրաինացի օդաչուների ուսուցումը, որից հետո նրանք կկարողանան մարտեր մղել F-16 օդանավերով: Մինչդեռ Կիևին այդ տեսակի մեքենաներ տրամադրելու հարցը դեռ չի լուծվել:
Այդ մասին այսօր Բրյուսելում, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ժողովից առաջ, ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Շնորհակալ եմ դաշինքի այն անդամներին, որոնք համաձայնել են ապահովել ուկրաինացի օդաչուների ուսուցումը: Դա շատ կարևոր է, դա թույլ կտա հետագայում կայացնել որոշում F-16 տեսակի ինքնաթիռների տրամադրման մասին»,- ասել է Ստոլտենբերգը:
Նախօրեին Նիդերլանդները՝ չմանրամասնելով, հայտնել է, որ Ուկրաինայի մարտական օդաչուների պատրաստման կենտրոնը կտեղակայվի Արևելյան Եվրոպայում, և հիմա ՆԱՏՕ-ի երկրները կազմում են անհրաժեշտ ուսումնական ծրագիրը:
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով Դնեպրի ձախ ափին ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 18-ի, հաղորդել է Ռուսաստանի կողմից նշանակված Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Ըստ նրա, բնակավայրերում ջրի մակարդակը շարունակում է նվազել:
Ուկրաինական կողմից վերահսկվող աջ ափին ջրհեղեղի հետևանքով մահացածների մասին տվյալները վերջին անգամ հրապարակվել են հունիսի 12-ին՝ այն ժամանակ հայտնի էր 10 զոհի մասին։
Խերսոնի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը նախօրեին ասել էր, որ Ուկրաինայի կողմից վերահսկվող Դնեպրի աջ ափին 3 հազար 100 տուն ջրի տակ է մնացել Կախովկայի ՀԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո: Նա նաև հայտնել է, որ աջ ափին անհետ կորած է համարվում 43 մարդ։
Այս գիշեր ռուս զինվորականներն անօդաչու սարքերով և թևավոր հրթիռներով զանգվածային հարձակումներ են իրականացրել ուկրաինական քաղաքների վրա, հայտնում է Ուկրաինայի գլխավոր շտաբը։
Ամբողջ երկրում օդային տագնապ է հայտարարվել։
Ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչուներով հուժկու հարվածներ են հասցրել Օդեսային, Կրիվոյ Ռոգին, Խարկովին և մի շարք այլ բնակավայրերի:
Օդեսայում հարվածներին արձագանքել է ՀՕՊ համակարգը, Կրիվոյ Ռոգում ոչնչացվել է երկու ձեռնարկություն, մեկ մարդ վիրավորվել է, ևս երեք պայթյուն Խարկովում է որոտացել:
Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակն ասել է, որ ռուսական հարվածներից ավերվել են մի շարք արտադրական հիմնարկներ և գազատարներ:
Ռուսաստանի կողմից պատերազմի ընթացքում բռնակցված չորս ուկրաինական տարածքներում, որոնք Մոսկվան անվանում է «նոր ռեգիոններ», այս տարվա սեպտեմբերի 10-ին տեղի կունենան օրենսդիր մարմինների և քաղաքապետարանների ընտրություններ:
Այդ որոշումն այսօր միաձայն ընդունել և նախագահ Վլադիմիր Պուտինին է ուղարկել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
«Տեղական ներկայացուցչական մարմինների հետ ահռելի աշխատանք է կատարվել ռեգիոններում ընտրական հանձնաժողովներ կազմելու համար, ամբողջ ԿԸՀ-ն, բայց նախևառաջ նախագահ Էլլա Պամֆիլովան է արել այդ աշխատանքը: Եվ այսօր այն գրեթե ավարտին է հասցվել: Զրոյից այս համակարգը ստեղծելը՝ սխրանք էր»,- ասել է ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը:
Կիևը և Արևմուտքը չեն ճանաչում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների պատկանելությունը Ռուսաստանին և նույն դիրքորոշումն ունեն նաև 2014-ին բռնակցված Ղրիմի հարցում:
«Վագներ» ռազմականացված մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը շարունակում է մերժել իր վարձկան-մարտիկների ու Պաշտպանության նախարարության միջև համաձայնագրեր ստորագրելու առաջարկը, չնայած նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել էր Ուկրաինայում կռվող կամավորների հետ պայմանագրեր ստորագրելու նախարարության առաջարկը։
«Երբ մենք սկսեցինք մասնակցել այս պատերազմին, ոչ մեկը չի ասել, որ մենք պարտավոր ենք պայմանագրեր կնքել Պաշտպանության նախարարության հետ։ «Վագներ»-ի մարտիկներից ոչ մեկը պատրաստ չէ կրկին գնալ ամոթի ճանապարհով, ուստի ոչ մեկը պայմանագիր չի կնքի»,- չորեքշաբթի հայտարարել է Պրիգոժինը։
Որոշ Տելեգրամ ալիքներ հաղորդել են, որ Ուկրաինայում կռվող Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը զոհվել է։
Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարության "Звезда" Տելեգրամ ալիքը, վկայակոչելով Պետդումայի աղբյուրները, հայտնեց, որ Դելիմխանովը «վիրավորվել է, բայց ողջ է»։
Սակայն Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը այսօրվա նիստի մեկնարկին ասել է, թե «հենց նոր հեռախոսով զրուցել է պատգամավոր Ադամ Դելիմխանովի հետ՝ նա ողջ-առողջ է»։
Դելիմխանովը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի սերտ զինակիցներից է։ Նախօրեին Կադիրովը հայտնել էր, որ «Ախմատ» գումարտակի մարտիկները Ռուսաստանի Բելգորոդի մարզում կներգրավվեն ուկրաինական կողմից դիվերսիաները կանխելու գործողություններում։