Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:05 12.6.2023

Հաագայի միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչները սկսել են հետաքննել Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ճեղքումը, որի հետևանքով Ուկրաինայի հարավում տասնյակ բնակավայրեր են հեղեղվել։ Այս մասին երեկոյան ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին խոստացել է նպաստել Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը։

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել հունիսի 6-ի գիշերը։ Այն գտնվում է Խերսոնից վերև՝ Դնեպրի երկայնքով, Նովայա Կախովկա գյուղում։

Ուկրաինան, Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան կատարվածի համար մեղադրեցին Ռուսաստանին, Կիևը կարծում է, որ խոսքը «ներսից կառույցները խարխլելու» մասին է՝ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը կասեցնելու հույսով։ Ռուսական կողմը հերքում է մեղադրանքները և ՀԷԿ-ի փլուզումը որակում «Ուկրաինայի կանխամտածված դիվերսիա»։

16:03 12.6.2023

Կիևն ու Մոսկվան ռազմագերիներ են փոխանակել. Ուկրաինա է վերադարձել 95 մարդ, Ռուսաստան՝ 94։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ Կիևը վերադարձրել է Մարիուպոլում (ներառյալ՝ «Ազովստալ»-ի պաշտպանները), Չեռնոբիլի ատոմակայանում, Զմեինի կղզում և Բախմուտի մոտակայքում գերեվարված զինվորականների, նրանց թվում երկու սպա կա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտնել է, որ «բանակցային գործընթացի արդյունքում Կիևի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 94 ռուս զինծառայող, ովքեր գերության մեջ հայտնվել էին մահացու վտանգի տակ»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Գերիների նախորդ լայնածավալ փոխանակման մասին հաղորդվել էր մայիսի 25-ին:

16:00 12.6.2023

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հաջորդ շաբաթ կժամանի Կիև և կայցելի Զապորոժիեի ատոմակայան (ԶԱԷԿ), ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Ստույգ ժամկետներ չեն նշվում։

Ավելի վաղ ԱԷՄԳ-ը հայտարարել էր Զապորոժիեի ատոմակայան այցելելու Գրոսսիի պլանների մասին, բայց Կիև մեկնելու մասին չէր հաղորդվել։

Գործակալությունը նաև նշել է, որ Գրոսսին կրկնել է ԶԱԷԿ-ի մոտ գտնվող Զապորոժիեի ՋԷԿ մուտք գործելու անհրաժեշտությունը՝ պարզելու համար պահուստային ավազանում ռեակտորների և օգտագործված վառելիքի պահեստավորման կենտրոնի հովացման ջրի բարձրության չափումների միջև «զգալի անհամապատասխանության» պատճառը:

Ավելի վաղ ԱԷՄԳ- հայտնել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում «շարունակվում են աշխատանքները՝ ապահովելու հովացման համար ջրի առավելագույն մատակարարումը, եթե կայանն այլևս չկարողանա օգտագործել Կախովկայի ջրամբարի պաշարները»։ Գործակալությունը պարզաբանել է, որ չնայած ԶԱԷԿ-ի բոլոր վեց ռեակտորների աշխատանքը դադարեցված է, դրանց դեռ ջուր է պետք՝ ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտազատումը կանխելու համար:

07:29 12.6.2023

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախազգուշացրել է իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիին Ռուսաստան անօդաչու սարքերի մատակարարման հետևանքների մասին, շաբաթ օրը հայտնել են Մակրոնի գրասենյակից։

Հեռախոսազրույցում Մակրոնը Իրանին կոչ է արել «անհապաղ դադարեցնել» աջակցությունը, որը ցուցաբերում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները և Ուկրաինան պնդում են, որ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի որոշումը, որն ամրագրում է Իրանի միջուկային համաձայնագիրը:

Ուրբաթ օրը Սպիտակ տունը հայտարարեց, որ Ռուսաստանը, կարծես, խորացնում է իր պաշտպանական համագործակցությունը Իրանի հետ և ստացել է հարյուրավոր միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործում է Ուկրաինային հարվածելու համար:

15:51 11.6.2023

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամանագիր է ստորագրել, որով բոլոր «կամավորական ջոկատներին» պարտավորեցնում է մինչև հուլիսի 1-ը պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ, փոխանցում է գերատեսչության կայքը։

Թե կոնկրետ որ ստորաբաժանումների մասին է խոսքը, չի նշվում, սակայն գերատեսչությունը ռազմական մասնավոր ընկերությունների մարտիկներին բազմիցս անվանել է «կամավորներ»։

Ինչպես նշել է պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը կոնֆերանսի ժամանակ, նման որոշումը թույլ կտա կամավորական կազմավորումներին տալ անհրաժեշտ իրավական կարգավիճակ և ընդլայնել ստորաբաժանումների հավաքագրման հնարավորությունները ինչպես զինվորականներով, այնպես էլ «կամավորներով»:

Ընդ որում, անհատ «կամավորները» հնարավորություն ունեն անհատական պայմանագրեր կնքել ինչպես ջոկատների, այնպես էլ անմիջականորեն ՊՆ-ի հետ։

Ռուսաստանյան Տելեգրամ մի շարք ալիքներ գրում են, որ այս հրամանով ՊՆ-ն ցանկանում է իրեն ենթարկել ռուսական ռազմական մասնավոր ընկերություններին, այդ թվում՝ «Վագներին», որոնք այժմ կամավորական կազմավորումների կարգավիճակում են։

«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը բազմիցս հրապարակայնորեն քննադատել է ՌԴ պաշտպանության նախարարությանը և անձամբ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուին։ Մասնավորապես, 2023 թվականի առաջին ամիսներին Պրիգոժինը մի քանի անգամ մեղադրել է կառույցին իր ստորաբաժանումներին զինամթերք տրամադրելուց հրաժարվելու մեջ։

15:49 11.6.2023

Ուկրաինայում մոտ 700 հազար մարդ մնացել է առանց խմելու ջրի՝ Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։

Խոսքը բնակիչների մասին է, ովքեր գտնվում են թե՛ Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջաններում, թե՛ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում։

Գրիֆիթսի խոսքով՝ ՄԱԿ-ն արդեն օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի կողմից վերահսկվող հեղեղված տարածքների 30 հազար բնակիչների։ Բազմաթիվ կամավորներ նույնպես աշխատում են տեղում։ Ռուս զինվորականներն իրենց հերթին կազմակերպությանը չեն թույլատրել մուտք գործել օկուպացված տարածքներ՝ ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

Դնեպրի ստորին հատվածում ջրհեղեղները, ըստ պաշտոնյայի, նույնպես անխուսափելիորեն կհանգեցնեն հացահատիկի արտահանման նվազմանը, պարենամթերքի գների բարձրացմանն ամբողջ աշխարհում և միլիոնավոր կարիքավորների համար սննդի քանակի նվազման:

15:47 11.6.2023

Ռուսաստանի Կալուգայի մարզում կիրակի վաղ առավոտյան երկու անօդաչու թռչող սարք է ընկել, հայտնել է մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան Telegram -ում։

Մի անօդաչու թռչող սարքն ընկել է Ստրելկովկա գյուղի մոտ, մյուսը՝ Մեդինսկի մունիցիպալ շրջանի անտառում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, միայն նվազագույն ավերածություններ են, ասել է Շապշան։

Կալուգայի շրջանը հյուսիսից սահմանակից է Մոսկվայի մարզին։

20:38 10.6.2023

«Հակահարձակման հարցում մեր գեներալները դրական են տրամադրված», - այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պնդելով, թե ամենօրյա կապի մեջ է երկրի Զինված ուժերի հրամանատարների՝ մասնավորաբար գլխավոր հրամանատար Զալուժնու և ցամաքային ուժերի ղեկավար Սիրկսու հետ։

Մեկնաբանելով սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերն, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի երեկվա հայտարարությունները, որոնց համաձայն ուկրաինական հակահարձակման մեկնարկը այնքան էլ հաջող չի ընթանում, Զելենսկին նշել է. - «Տելեգրամ ալիքներին և Պուտինին ես չէի վստահի։ Այս պահին Ուկրաինան հակահարձակվողական պաշտպանական գործողություններ է իրականացնում։ Ինչ փուլում են դրանք գտնվում՝ մանրամասնել չէի ցանկանա»։

20:37 10.6.2023

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անակնկալ այցով ժամանել է Կիև։

Կանադայի հանրային ռադիոյի փոխանցմամբ` նախապես չազդարարված ուղևորության ընթացքում կառավարության ղեկավարին ուղեկցում է երկրի ֆինանսների նախարար, ծագումով ուկրաինուհի Խրիստյա Ֆրիդլանդը։

«Կիև ժամանելուն պես Թրյուդոն այցելել է 2014 թվականից Ռուսաստանի դեմ կռիվներում զոհված ուկրաինացի զինծառայողների պատվին կառուցված հուշահամալիր», - հաղորդում է Reuters գործակալությունը:

11:59 10.6.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ուկրաինական հակահարձակման մեկնարկի մասին, ինչի մասին, ըստ նրա, վկայում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմավարական ռեզերվների օգտագործումը։

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ոչ մի հատվածում հաջողությունների չեն հասել՝ «մեր զինվորների խիզախության, զորքերի ճիշտ կազմակերպման շնորհիվ»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG