Անցած մեկ օրվա ընթացքում հեղեղված Խերսոնի մարզում ռուսական գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը՝ հավելելով, որ շրջանը ենթարկվել է 44 գրոհի։
Երկու օր առաջ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ճեղքման պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել, 13-ը անհետ կորել են, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ Օկուպացված տարածքների ռուսական իշխանությունները հայտնում են ութ զոհի մասին։ Ավելի քան 2300 մարդ տարհանվել է։ Ռուսական կողմը հայտնում է տասնյակ հազարավոր մարդկանց տարհանման մասին։
Մինչդեռ ուկրաինական կողմը պնդում է, թե ռուսները առանց օգնության են թողել աղետի գոտում հայտնված իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչներին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Վաշինգտոնում հայտարարել են, որ Ուկրաինային ցուցաբերող աջակցությունը չի թուլանա։
Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինայի աջակիցները պետք է հստակ ազդանշան տան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա իզուր չսպասի Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցմանը։
Վորոնեժի Բելինսկի փողոցում, նախնական տվյալներով, անօդաչու թռչող սարք է ընկել, տեղում աշխատում են հատուկ ծառայությունները, հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
Նա ասել է, որ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն երկու մարդ։
Telegram ալիքներն ավելի վաղ հայտնել էին, որ պայթուցիկներով բեռնված անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի շենքի մեջ։ Տեղի բնակիչները պայթյունի ձայն են լսել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցմանը հաջորդած ջրհեղեղից տուժած շրջանների բնակիչներին։
ԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է ջրհեղեղի բացասական ազդեցության մասին տարածաշրջանի ջրամատակարարման, սանիտարական և առողջապահական համակարգերի վրա:
ԱՀԿ-ի փորձագետներն աղետի գոտիներում խոլերայի հարուցիչ են հայտնաբերել, հայտնում է Reuters-ը։
Այս գիշեր օդային տագնապ է հայտարարվել ողջ Ուկրաինայում, այդ թվում՝ առաջնագծից հեռու արևմտյան շրջաններում։
Հետևանքների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան։
Ռուսաստանի Բելգորոդի շրջանի ղեկավարի խոսքով՝ վերջին 24 ժամում Ուկրաինայից զանգվածային գնդակոծության է ենթարկվել շրջանի տարածքը և, մասնավորապես, շրջկենտրոնը։
Այս գիշեր երեք մարդ վիրավորվել է, նրանք գտնվում են հիվանդանոցում, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հերքել են, որ կրակում են ռուսական տարածքի վրա։
Թե ով է պայթեցրել ՀԷԿ-ը, հստակ տվյալներ դեռ չկան։ Արևմտյան մամուլը գրել է, թե ամերիկյան հետախուզությունը ունի տվյալներ, որ դա արել են ռուսները՝ ուկրաինական հակահարձակումը կանգնեցնելու նպատակով, սակայն ապացույցներ դեռ չեն հրապարակվել։ Պաշտոնական Վաշինգտոնը միևնույն ժամանակ ասում է, որ եթե Ռուսաստանը լայնամասշտաբ ռազմական ներխուժում չսկսեր, ապա ողբերգությունը տեղի չէր ունենա։
«Այս ամբարտակը ռուսների հսկողության տակ էր, և նրանք են պատասխանատու պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների համար», - ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։
Աղետը, որի ծավալները դեռ վերջնականապես չեն հաշվարկել, չի կանգնեցրել ո'չ ռուսական ռմբակոծությունները, ո'չ էլ ուկրաինական հակահարձակումը։ Առնվազն մեկ կին մահացել է, ևս երկու մարդ վիրավորվել է այսօր Խերսոնի հրետակոծության հետևանքով, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն՝ ընդգծելով, թե գնդակոծությունը սկսվել է քաղաքացիների տարհանման ժամանակ։
Ընդ որում, ուկրաինական հաղորդագրությունների համաձայն, ռուսական զորքերը ամբողջությամբ թողել են ջրհեղեղից տուժած շրջանները և այնտեղ մնացած մարդկանց տարհանում են ուկրաինացի փրկարարները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խերսոնի շրջան, որտեղ Կախովկայա ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացման հետևանքով մեծ թվով բնակավայրեր հայտնվել են ջրի տակ:
Զելենսկին մասնակցել է ամբարտակի ոչնչացման հետևանքների վերացման հարցով հանձնաժողովի նիստին, որի օրակարգում բնակչության տարհանման, հեղեղված բնակավայրերում արտակարգ կացությունից բխող գործողությունների կարգավորման, բնապահպանական և ռազմական իրավիճակի հարցերն են:
Կախովկա հիդրոէլեկտրակայանի ամբարտակը պայթեցվել է հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը: Այդ գրավված շրջանում Մոսկվայի կողմից Նովայա Կախովկա ավանի ղեկավար նշանակված Վլադիմիր Լեոնտևը հայտնել է 5 զոհվածների և 41 տուժածների մասին:
Ուկրաինան, Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան ամբարտակի ոչնչացման համար մեղադրել են Ռուսաստանի իշխանություններին, նշելով, որ դրա նպատակն է կանխել ուկրաինական բանակի հակագրոհը:
Մոսկվան հերքում է մեղադրանքը և պնդում է, որ ամբարտակը ոչնչացվել է Ուկրաինայի կազմակերպած ռազմական դիվերսիայի հետևանքով:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը լրագրողիների հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ էր խաղաղություն կնքել, սակայն հրաժարվել է դրանից ԱՄՆ-ի ճնշման ներքո:
Այդ մասին Պատրուշևը խոսել է Մինսկում, որտեղ գումարվել է ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարների ժողովը:
«Եթե չլիներ ԱՄՆ-ի ճնշումը նրանց վրա, ում ամերիկացիները կարգել են Ուկրաինայի ղեկավարներ, այս իրավիճակը չէր լինի: Նույնիսկ Ուկրաինայի ղեկավարներն էին պատրաստ խաղաղության պայմանագիր կնքել և Ռուսաստանին ներկայացրել են գրավոր առաջարկներ, որոնք մենք սկզբունքորեն ընդունել ենք»,- ասել է Պատրուշևը՝ ենթադրաբար նկատի ունենալով ռուս-ուկրաինական քննարկումներն անցյալ տարվա մարտին Թուրքիայում:
Պատրուշևի փոխանցմամբ, ուկրաինացիներն առավոտյան առաջարկներ էին տալիս, իսկ երեկոյան հրաժարվում էին դրանցից:
«Այդպես էր միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգները նրանց {ուկրաինացիների} վրա ճնշում էր գործադրում և պահանջում ոչ մի բանակցություն չանցկացնել»,- ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:
Նիկոլայ Պատրուշևի համոզմամբ, կան այս հակամարտության շարունակմամբ հետաքրքրված երկրներ, «նախևառաջ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան»:
Ուկրաինան հաղորդում է, որ հունիսի 8-ի գիշերը ռուսական զորքերը գնդակոծել են Դոնեցկի շրջանի Ուկրաինսկ քաղաքը, երեք մարդ զոհվել է, այդ թվում՝ մեկ երեխա, հինգը՝ վիրավորվել։
«Հրթիռակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, ցուցաբերվում է բուժօգնություն»,- հայտնում է Սելիդովի քաղաքային ռազմական վարչությունը։
Ըստ հաղորդագրության՝ քաղաքում վնասվել է երկու առանձնատուն և 14 բարձրահարկ շենք։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ավելի վաղ հայտնել էր երեք վիրավորի մասին։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, բայց ավելի դանդաղ, քան նախկինում։
Ավելի քան 50 բնակավայր ամբողջությամբ կամ մասնակի հեղեղված է Դնեպրի երկու ափերին։
Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ աջ ափի բնակավայրերից տարհանվել է մոտ 1900 մարդ, իսկ ըստ Ռուսաստանի արտակարգ ծառայությունների՝ ջրի տակ է անցել ավելի քան 14 հազար տուն, գրեթե 4,3 հազար մարդ տարհանվել է։
Համաշխարհային բանկը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Ուկրաինային՝ կատարելով Կախովկայա ՀԷԿ-ի կործանման վնասի արագացված գնահատում, ինչպես նաև գնահատել Ուկրաինայի կարիքները՝ ՀԷԿ-ի վերականգնման համար։