Մատչելիության հղումներ

Առայժմ հստակ տվյալներ չկան, թե ով է պայթեցրել Կախովկայի ՀԷԿ-ը


Նախագահ Զելենսկին Խերսոնում
Նախագահ Զելենսկին Խերսոնում

Ուկրաինայի նախագահն այսօր այցելել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով մասամբ հեղեղված Խերսոն և շփվել է քաղաքից տարհանվող բնակիչների հետ։ Խերսոնի մարզում ջրհեղեղի տարածքը կազմում է 600 քառակուսի կիլոմետր։ Հազարավոր մարդիկ տարհանվում են։

«Ջուրը երեկ սկսեց բարձրանալ։ Սակայն ես չէի ուզում հավատալ, որ ջուրն այսքան կբարձրանա», - ասում է մի կին:

«Սա է մեզ վիճակված։ Առանց խղճալու, սա ռուսները անում են խաղաղ մարդկանց դեմ։ Նրանք ոչինչ չեն կարող անել զինվորականների դեմ, բայց կարող են դա անել խաղաղ բնակչության դեմ։ Որովհետև մենք չենք կարող պատասխանել: Մենք նույնիսկ զենք չունենք, որ պաշտպանվենք», - հավելում է մի տղամարդ:

Ջրհեղեղից տուժել են նաև ռուսական օկուպացիայի տակ գտնվող շրջանները։ Այսօր նախագահ Պուտինի մամուլի քարտուղարից հարցրել են, թե արդյոք Պուտինը չի նախատեսում Խերսոնի մարզում օպերատիվ շտաբի նիստ անցկացնել կամ անձամբ գնալ այնտեղ։

«Ոչ, այս պահին նման ծրագրեր չկան», - պատասխանել է Դմիտրի Պեսկովը։

Մինչդեռ ռուսական կողմը հայտնել է հեղեղի հետևանքով հինգ զոհի մասին։ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ոչնչացման պատճառով հինգ մարդ է մահացել՝ հովիվներ, որոնք գտնվում էին Դնեպրի կղզիներում, ասել է օկուպացված Նովա Կախովկայի քաղաքապետը։

Թե ով է պայթեցրել ՀԷԿ-ը, հստակ տվյալներ դեռ չկան։ Արևմտյան մամուլը գրել է, թե ամերիկյան հետախուզությունը ունի տվյալներ, որ դա արել են ռուսները՝ ուկրաինական հակահարձակումը կանգնեցնելու նպատակով, սակայն ապացույցներ դեռ չեն հրապարակվել։ Պաշտոնական Վաշինգտոնը միևնույն ժամանակ ասում է, որ եթե Ռուսաստանը լայնամասշտաբ ռազմական ներխուժում չսկսեր, ապա ողբերգությունը տեղի չէր ունենա։

«Այս ամբարտակը ռուսների հսկողության տակ էր, և նրանք են պատասխանատու պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների համար», - ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։

Աղետը, որի ծավալները դեռ վերջնականապես չեն հաշվարկել, չի կանգնեցրել ո'չ ռուսական ռմբակոծությունները, ո'չ էլ ուկրաինական հակահարձակումը։ Առնվազն մեկ կին մահացել է, ևս երկու մարդ վիրավորվել է այսօր Խերսոնի հրետակոծության հետևանքով, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն՝ ընդգծելով, թե գնդակոծությունը սկսվել է քաղաքացիների տարհանման ժամանակ։

Ընդ որում, ուկրաինական հաղորդագրությունների համաձայն, ռուսական զորքերը ամբողջությամբ թողել են ջրհեղեղից տուժած շրջանները և այնտեղ մնացած մարդկանց տարհանում են ուկրաինացի փրկարարները։

Դոնեցկի մարզում ուկրաինական ուժերն առաջ են շարժվում

Մինչ այդ, ուկրաինական ուժերն առաջ են շարժվում Դոնեցկի մարզում, այդ թվում՝ Բախմուտի մերձակայքում։ Ամիսներ տևող ծանր մարտերից հետո ռուսական զորքերը գրավեցին Բախմուտը, սակայն մեկ ամիս չանցած ուկրաինական ուժերը հակագրոհներ են իրականացնում քաղաքի շրջակայքում՝ գրավելով կարևոր բարձունքներ։

Ռուս բլոգերները զանգվածաբար հաղորդում են այսօր ուկրաինական զորքերի հարձակողական գործողությունների մասին նաև Զապորոժիեի շրջանի Օրեխով քաղաքի հարավում։ Ուկրաինական կողմը այս հարձակումների մասին լռում է։

Ուկրաինական զորքերի պատրաստ են սկսել հակահարձակումը. Զելենսկի

Ռազմական վերլուծաբանների մի մասի կարծիքով, թեև ուկրաինացիները փորձում են առաջ գնալ տարբեր ուղղություններով, սա դեռ ուկաինական սպասվող հակահարձակման մեկնարկ չէ։ Նման գրոհներով ուկրաինական ուժերը փորձում են գնահատել ռուսների պաշտպանական գծերը և մոլորեցնել ռուսական հրամանատարությանը։

Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը դեռ չի սկսվել, Reuters-ին տված մեկնաբանությունում ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը։

Նրա խոսքով, ռուսական կողմը ուկրաինական տեղական հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր հատվածներում ընդունել է որպես հակահարձակման սկիզբ։

«Զինվորականները կորոշեն, թե երբ կլինի սկիզբը, և երբ մենք սկսենք հակահարձակումը, բոլորը դա կտեսնեն», - ասել է Դանիլովը։

Մինչդեռ նախագահ Զելենսկին գերմանական «Բիլդ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ուկրաինական զորքերի պատրաստ են սկսել հակահարձակումը. - «Մենք հաստատել ենք մեր զորքերի տեղաշարժի մեկնարկի ժամանակացույցը, որոշումներն ընդունված են»։

XS
SM
MD
LG