«Այսօր հաջողվեց վերադարձնել Ուկրաինայի պաշտպանների 79 զոհվածների մարմիններ», - մայիսի 30-ին հայտնել է ռեինտեգրացիայի նախարարության մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների մարտերում զոհվածների մարմինները կփոխանցվեն հարազատներին հուղարկավորելու համար։
Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը չի պլանավորում դիմել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Մոսկվայի վրա կատարված ԱԹՍ-ների հարձակման կապակցությամբ, քանի որ մայրաքաղաքի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչների համար որևէ սպառնալիք ներկայիս պահին գոյություն չունի, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ դա «Կիևի ռեժիմի հարձակումն էր ու դա պետք է հստակ հասկանալ»։
Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկիի կարգադրությամբ, հունիսի 1-ից Լեհաստանը փակում է սահմանը Բելառուսի և Ռուսաստանի բեռնատարների համար։
Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի 365 քաղաքացիների նկատմամբ։
Վարշավայի քայլերը պատասխան են Բելառուսի քաղաքացի, ծագումով լեհ լրագրող Անջեյ Պոչոբուտի դեմ Բելառուսի իշխանությունների բռնաճնշումների։
Գրոդնոյի դատարանն անցած փետրվարին նրան ութ տարվա ազատազրկման է դատապարտել՝ ատելություն սերմանելու մեղադրանքով։
Վարշավան քաղաքական էր գնահատել լրագրողի դեմ Բելառուսի իշխանությունների գործողությունները։
Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում այս գիշեր օդային տագնապ էր հայտարարվել, Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյուններ են լսվել։
Ավելի վաղ հաղորդվել էր Ուկրաինայի կենտրոնական շրջաններում ավիահարվածի և Կիևի ուղղությամբ անօդաչու սարքերի շարժի մասին։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր, որ զանգվածային հարձակում է տեղի ունենում։
Կիևի Գոլոսեևսկի թաղամասում, որտեղ բեկորների ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքում, մեկ մարդ մահացել է, հայտնել է քաղաքապետ Կլիչկոն։
Մեկ տարեց կին հոսպիտալացվել է, ևս երկու տուժածի բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։ Այրվող շենքից տարհանվել է 20 մարդ։ Հաղորդվում է, որ շենքի վերջին երկու հարկերը ավերվել են, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։
Տեղեկություններ կան, որ Սվյատոշինսկի շրջանում բեկորներ են ընկել ձեռնարկություններից մեկի տարածքում։ Ավերածությունների և տուժածների մասին տվյալները ճշտվում են:
Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի, Պրոֆսոյուզնայա և Ատլասովա փողոցներում:
Տուժածներ չկան, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
«Այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքում ոչ գզգալի վնասներ են եղել, դեպքի վայրերում են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները: Նրանք պարզում են դեպքի հանգամանքները։ Այս պահին ոչ ոք լուրջ չի տուժել»,- գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Թելեգրամի իր ալիքում։
Մայիսի սկզբին էլ Մոսկվան հայտնեց, թե ուկրաինական ԱԹՍ-ները փորձել են հարվածել Կրեմլում Պուտինի նստավայրին։ Պաշտոնական Կիևը հերքեց, թե ուկրաինական ուժերն են կազմակերպել հարձակումը Կրեմլի վրա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Պաշտպանության նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության համատեղ քննարկումներից հետո հնարավոր կլինի ընտրություններ անցկացնել ռազմական դրության ռեժիմի տակ գտնվող տարածքներում:
Նախկինում գործող օրենքն արգելել է համապետական և տեղական ընտրություններ կամ հանրաքվեներ անցկացնել այն տարածքներում, որտեղ ռազմական դրություն է հայտարարված:
Նոր օրենքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ընտրություններ նշանակել, եթե հարցը նախապես քննարկել է Պաշտպանության նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության հետ:
Այդ կառույցների հավանության դեպքում հնարավոր կլինի ընտրություններ և հանրաքվեներ անցկացնել թե՛ Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում և թե՛ դրա մի մասում:
Կիևում և այլ շրջաններում տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ից չեղարկվել է օդային տագնապը, որն այս գիշեր հայտարարվել էր ողջ Ուկրաինայում։
Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է ավելի քան 40 օդային թիրախ քաղաքի վրա։
Կիևի Գոլոսեևսկի շրջանում ընկել են խոցված ՀՕՊ հրթիռի բեկորներ, կան տուժածներ, հայտնում է Կիևի ռազմական վարչությունը։
Կիևի Պոդոլսկի և Սվյատոշինսկի թաղամասերում պայթյուններ են հնչել, բեկորների անկման հետևանքով առանձնատուն է բռնկվել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նա քաղաքացիներին հորդորել է մնալ կացարաններում:
Բելառուսն իր տարածքում ռուսական տակտիկական միջուկային զենք կտեղակայի, երեկ հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Արևմուտքն ուղղակի այլ ելք չթողեց Բելառուսի համար»,- ասել է նա։
«Եթե Արևմուտքի քաղաքական գործիչների գլխում դեռ մի քիչ խելք մնացել է, նրանք, իհարկե, չեն անցնի այս կարմիր գիծը»,- նշել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը․ - «Քանի որ նույնիսկ տակտիկական միջուկային զենքի օգտագործումը կհանգեցնի անդառնալի հետևանքների: Սա, իհարկե, ծայրահեղ քայլ կլինի, բայց արդարացված քայլ՝ մեր երկիրը պաշտպանելու համար»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը Բելառուսի խնդրանքով կտեղակայի իր տակտիկական միջուկային զենքը հանրապետությունում։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ հուլիսի 1-ին պլանավորվում է Բելառուսի տարածքում ավարտել մարտավարական միջուկային զենքի պահեստարանի կառուցումը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանից իր երկիր ոչ մարտավարական միջուկային զենքի տեղափոխումն արդեն սկսվել է։
Գիշերը Կիևը ենթարկվել է օդային ամենազանգվածային հարձակմանը պատերազմի սկզբից ի վեր։ Ռուսական ուժերը Ուկրաինայի մայրաքաղաքի վրա 54 «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են արձակել։ Ուկրաինական կողմը պնդում է, որ դրանցից 52-ը ոչնչացվել է։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ 41-ամյա տղամարդ է զոհվել դրոնի բեկորներից ստացած վնասվածքներից։
Մայիսի 28-ին Կիևը նշում է 1541 թվականին իր հիմնադրման օրը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է․ «Գոյություն չունի այնպիսի ուժ, որն այսօր ուկրաինական հանրությանը և պետության ղեկավարությանը կստիպի խոսել ռուսների հետ, քանի դեռ մեր տարածքում կանգնած է ՌԴ -ի զորքը»։ Երմակն այսկերպ արձագանքել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հայտարարություններին։
ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ռուսաստանցի պաշտոնյան Ուկրաինայի հետ պատերազմի դադարեցման մի շարք պահանջներ է ներկայացրել, այդ թվում՝ Կիևից պահանջել «դադարեցնել ռազմական գործողությունները», հրաժարվել արևմտյան սպառազինությունից, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամակցության հեռանկարից, ճանաչել «տարածքային նոր իրողությունները», ռուսաց լեզուն հռչակել որպես պետական լեզու։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր հերթին հայտարարել է, որ խաղաղ բանակցություններ սկսելու համար «իրատեսական» են միայն Ուկրաինայի պահանջները, այդ թվում՝ բոլոր ռուսական զորքերի անհապաղ դուրսբերումը ուկրաինական տարածքից, ԽՍՀՄ փլուզման փաստի և հետխորհրդային երկրների ինքնիշխանության ճանաչում։
Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության հաստատման մյուս պայմանները պետք է լինեն, ըստ Պոդոլյակի, բոլոր ռազմական հանցագործների և «պատերազմի հեղինակների» արտահանձնումը, ՌԴ տարածքում բուֆերային գոտու ստեղծումը հարձակողական զենքի կրճատմամբ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից փոխհատուցում: