Մատչելիության հղումներ

Դումայում առաջարկում են «զվարճանքի հարկ» պատերազմը ֆինանսավորելու համար


«Պուտինի խոհարարը» մականունով հայտնի գործարար Եվգենի Պրիգոժինը ռեստորանում ուտեստ է մատուցում նախագահին, արխիվ
«Պուտինի խոհարարը» մականունով հայտնի գործարար Եվգենի Պրիգոժինը ռեստորանում ուտեստ է մատուցում նախագահին, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում՝ Պետական դումայում, շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որի նպատակն է լրացուցիչ միջոցներ հավաքել Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիան» ֆինանսավորելու համար:

Օրինագծի հեղինակները՝ կոմունիստական կուսակցությունից Պետական դումա ընտրված պատգամավորներ Միխայիլ Մատվեևը և Վյաչեսլավ Մարխաևն, առաջարկում են բոլոր ռեստորանների, սրճարանների և ակումբների չափահաս այցելուների ծախսած գումարի 1 տոկոսը գանձել հօգուտ պետության:

Այդ դրամական միջոցները պետական բյուջեից հետագայում կփոխանցվեն «հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցներին սատարելու համար ստեղծված «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամի հաշվին:

Օրինագծին կից բացատրական նամակում պատգամավորները գրել են, որ այդ գումարով հնարավոր կլինի օգնել «հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին:

Պատգամավոր Մատվեևը դեռ մայիսի 12-ին է հայտարարել, որ անհրաժեշտ է սահմանել նոր գանձում, որը նա անվանել է «զվարճանքի հարկ»:

Նրա խոսքով, այդ նախաձեռնության հեղինակը ռուսական ռեստորաններից մեկի սեփականատերն է, որի անունը չի հայտնել: Սեփականատերը կարծիք է հայտնել, որ ռեստորաններում, սրճարաններում և ակումբներում «հաշիվը փակող անձի համար լրացուցիչ 1 տոկոսի վճարումը բարդ խնդիր չի լինի»:

«Հայրենիքի պաշտպանների» հիմնադրամը ստեղծվել է ապրիլի սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ:

Այն կոչված է օգնել անցյալ տարվա փետրվարի 24-ին մեկնարկած պատերազմի («հատուկ ռազմական օպերացիայի») մասնակիցներին: Բացի այդ, օգնություն կտրամադրվի նաև Դոնբասում 2014-ից սկսված մարտերի մասնակիցներին:

Հիմնադրամը ֆինանսավորվելու է դաշնային բյուջեից, ինչպես նաև կամավոր ներդրումների, նվիրատվությունների և «այլ աղբյուրների» միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG