Կրեմլը բացասական է գնահատում Կիևին լրացուցիչ զինատեսակներ տրամադրելու Լոնդոնի որոշումը: Այդ մասին այսօր ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք չափազանց բացասական ենք դա գնահատում: Մեծ Բրիտանիան հավակնում է դառնալ Ուկրաինային նոր զենքեր տրամադրող առաջատար պետությունը: Դա ոչ մի սկզբունքային ազդեցություն չի գործի «հատուկ ռազմական գործողության» ընթացքի վրա, բայց, իհարկե, կհանգեցնի հարաբերությունների հետագա քայքայմանը: Ուկրաինան ավելի վատ վիճակում կհայտնվի»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրիտանիան մտադիր է Ուկրաինային փոխանցել զենիթահրթիռային հարյուրավոր լրացուցիչ միավորներ և ավելի քան 200 կիլոմետր հեռահարության հարվածային անօդաչուներ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն այսօր Անգլիայում՝ Էյլսբերի ավանում ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
Ուկրաինայի զինված ուժերը չեն հարձակվի Ռուսաստանի տարածքի վրա այն հզոր զենքով, որը նախագահ Զելենսկին պահանջում է Կիևի արևմտյան դաշնակիցներից։ Գերմանիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
«Մենք ազատագրում ենք մեր օրինական տարածքը»,- ասել է Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք դրա համար ժամանակ, ուժեր, զենքի ավելցուկ չունենք»,- հավելել է նա։
Զելենսկու ժամանման նախօրեին Գերմանիան հայտարարել է 3 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին՝ Կիևին ռուսական ներխուժման դեմ պայքարում օգնելու համար։
«Հիմա ժամանակն է, որ մենք որոշենք պատերազմի ավարտը արդեն այս տարի, մենք կարող ենք ագրեսորի պարտությունն անդառնալի դարձնել արդեն այս տարի»,- Բեռլինում լրագրողներին ասել է Զելենսկին։
Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ «Ուկրաինայի ժամանակակից պատմության ամենադժվար ժամանակաշրջանում» Կիևին աջակցելու համար։
Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, իր հերթին, հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հավելելով, որ Գերմանիան իր գործընկերների հետ հանդես է գալիս, որ Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի իր կատարած չարագործությունների համար:
Զելենսկու այցը Գերմանիա հաջորդում է մայիսի 13-ին ուկրաինացի Հռոմում և Վատիկանում իտալացի առաջնորդների հետ հանդիպումներին, որտեղ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ էր արել «մարդասիրական ժեստեր անել հակամարտության անմեղ զոհերի նկատմամբ»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը ժամանել է Գերմանիա։ Սա նրա առաջին այցն է Գերմանիա Ռուսաստանի ներխուժումից հետո:
Նախագահ Զելենսկին արդեն հանդիպել է իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Ավելի ուշ նախատեսված է նրա հանդիպումը կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Զելենսկու այցը ընթանում է նրա՝ զենքի հետագա մատակարարումներ և երկիրը վերականգնելու միջոցներ փնտրելու ֆոնին։
Ուկրաինայի նախագահը Բեռլին է ժամանել Իտալիայից, նրա ինքնաթիռը ուղեկցել են Գերմանիայի ռազմաօդային ուժերի կործանիչներ։ «Բեռլին. զենքեր. մեծ փաթեթ. ՀՕՊ. վերակառուցում. ԵՄ. ՆԱՏՕ. անվտանգություն», - նշել է Զելենսկին Գերմանիա ժամանելուց հետո հետագա բանակցությունների թեմաների մասին գրառման մեջ։
Մեծ փաթեթը վերաբերում է Ուկրաինային շուրջ 2,7 միլիարդ եվրո արժողությամբ Գերմանիայի ռազմական օգնությանը, որի մասին հայտարարվել էր նախօրեին։
Սպասվում է, որ Բեռլինից Զելենսկին և Շոլցը կմեկնեն Գերմանիայի արևմտյան Աախեն քաղաք։
Ըստ «Կոմերսանտ»-ի՝ ռուսական օդուժը Բրյանսկում «Սու» դասի 2 կործանիչ և 2 ուղղաթիռ է կորցրել։ Դրանք նույն ավիաջոկատից էին և խոցվել են Բրյանսկի երկնքում։
Լրագրողների տեղեկությունների համաձայն՝ կործանիչները պետք է հարվածեին Ուկրաինայի Չեռնիգովի մարզին, իսկ ուղղաթիռներն աջակցելու էին գրոհին։ Սակայն դրանք օդանավակայան չեն վերադարձել, բոլորը ոչնչացվել են, անձնակազմի անդամները՝ զոհվել։
Փորձագետները ենթադրում են, որ օդանավերը և ուղղաթիռները հակառակորդի օդուժի կողմից խոցվել են «երկինք-երկինք» հրթիռներով, մեկ այլ վարկածով՝ չի բացառվում, որ ռուսական կործանիչներն ու ուղղաթիռները հրթիռակոծվել են Ռուսաստանի տարածքից, դիվերսիոն խմբի կողմից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ Ռուսաստանի օդուժի կործանիչները Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մոտ ուկրաինական ուժերի Մի-8 ուղղաթիռ են խոցել։
Նրա հայտնած տվյալներով՝ Նիկոլաև քաղաքի մոտ զինամթերքի պահեստ է ոչնչացվել, իսկ Զապորոժիեում՝ ավիացիոն հրթիռների ու զինտեխնիկայի վառելիքի պահեստներ։
Կոնաշենկովի ասելով՝ Դոնեցկի ուղղությամբ գրոհային ջոկատները վերահսկողության տակ են վերցրել Բախմուտի հյուսիս-արևմտյան թաղամասը։
Շաբաթ օրը Ռուսաստանի Բրյանսկի մարզում Սու-24 ռազմական օդանավ է կործանվել։ Կործանիչի անձնակազմի ճակատագիրը ճշտվում է։
Օպերատիվ ծառայությունից պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել են, որ Սու-34-ը կործանվել է Ուկրաինայի սահմանի մոտ, պատճառները ճշտվում են։
Ավելի վաղ հաղորդվել էր Մի-8 ուղղաթիռի կործանման մասին։ Ուղղաթիռի անձնակազմի երկու անդամները զոհվել են։
Ռուսաստանի Բրյանսկի մարզի Կլինցով քաղաքի մոտ այսօր Մի-8 ուղղաթիռ է կործանվել։ Սոցցանցերում տեղադրված տեսանյութերից փորձագետները տեղորոշում են, որ ուղղաթիռն ընկել է Կլինցովի մոտ, հնարավոր է՝ քաղաքի արվարձանում։ Քաղաքապետ Սերգեյ Եվտեևն ասել է, որ գետնի վրա ավերածություններ չկան։
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով օպերատիվ ծառայությունները, հաղորդում է, որ ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Նշում, որ նրանց թիվը ճշտվում է, իսկ բռնկված հրդեհը մարվել է։
Կլինցովը ուկրաինական սահմանից 50 կիլոմետր է հեռու։
Շաբաթ առավոտյան ռուսական ուժերի կողմից օկուպացված Լուգանսկ քաղաքում կրկին պայթյուն է որոտացել։ Քաղաքի արևմտյան թաղամասից սև ծխի քուլաներ են բարձրանում։
Նախօրեին ևս Լուգանսկում պայթյուններ են տեղի ունեցել։ Ռուսների կողմից նշանակված վարչակազմի պաշտոնյաները երեկ ասել են, թե ուկրաինական կողմը Լուգանսկը հրետակոծել է հեռահար հրթիռներով։
Լուգանսկից մինչև ռազմաճակատային մոտակա գիծը շուրջ 90 կիլոմետր է։
Գերմանիան 2 միլիարդ 700 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Ոկրաինայի համար։ Այն ներառում է տասնյակ հրասայլեր, զրահատեխնիկա, զենիթային համակարգեր, հետախուզական դրոններ ու այլ սպառազինություններ և զինամթերք։
Շաբաթ օրը Թվիթերում այս մասին գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը՝ հրապարակելով սպասվող զինատեսակների ցանկը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը ժամանել է Հռոմ, որտեղ հանդիպելու է Իտալիայի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Հռոմի Պապի հետ։ Նախատեսված հանդիպումների մասին այսօր առավոտյան Զելենսկին գրել է Տելեգրամի իր էջում։
Ավելի վաղ Ֆրանցիսկոս Պապն ասել էր, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար Վատիկանն առաքելության է մասնակցում, որի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացուցիչները հայտարարել էին, թե ոչինչ չգիտեն նման նախաձեռնության մասին։
86-ամյա Ֆրանցիսկոսը բազմիցս կոչ է արել դադարեցնել պատերազմը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել այցելել Կիև և Մոսկվա։