Ռուսաստանի կողմից բռնակցված Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը հաստատել է ծովային անօդաչու սարքերով քաղաքին հարվածներ հասցնելու փորձերի մասին տեղեկությունները։
«Թշնամական ծովային անօդաչուների ոչնչացման ընթացքում որոտացած պայթյունների հետևանքով Սևաստոպոլի չորս շենքեր զրկվել են ապակիներից», - իր տելեգրամ-ալիքում գրել է ռուսաստանցի պաշտոնյան՝ նշելով, որ հարձակումը տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց։
Ռազվոզժաևի խոսքով՝ անօդաչուները ոչնչացվել են քաղաքի արտաքին ծովային սահմանագծին՝ մինչև Սևաստոպոլի կենտրոնին հարող Ստրելեցկի ծովածոց մուտք գործելը։
Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթով կընդլայնի Ռուսաստանի տարածքով ապրանքների տարանցման արգելքը։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին, որոնք ծանոթ են պատժամիջոցների նոր միջոցների առաջարկներին։
Ենթադրվում է, որ Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ փոխադրումն ամբողջությամբ չի արգելվելու, սահմանափակումները կարող են տարածվել մի շարք տեխնոլոգիաների և սարքավորումների տեսակների վրա։
Գործակալության տվյալներով՝ Լեհաստանը, Էստոնիան և Լիտվան ԵՄ-ից պահանջում են ամբողջությամբ արգելել Ռուսաստանի տարածքով ապրանքների տարանցումը, որոնք կարող են օգտագործվել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի, ավիացիայի և տիեզերական արդյունաբերության համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է երկրի Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի որոշումը, որով անհատական պատժամիջոցներ են սահմանվում Ուկրաինա ներխուժմանն աջակցած մի շարք ռուսաստանցիների և երրորդ երկրների քաղաքացիների դեմ։
«Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալության փոխանցմամբ՝ ցուցակում ընդգրկված են ռուսաստանցի մեծահարուստ Վլադիմիր Պոտանինի ընտանիքի անդամները։
Պոտանինի ընտանիքին պատկանող «Ինտերռոս» կոնցերնի և մի շարք բանկերի գործունեությունը երկրի տարածքում արգելվել է։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են նաև Իրանի մեկ և Մալիի ութ քաղաքացիներ։
Գերմանիայի իշխանությունները որոշել են երկրի տարածքում աշխատող ռուսաստանցի դիվանագետների զանգվածային արտաքսում իրականացնել։ Այս մասին ТАСС գործակալությանը հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ պնդելով, որ պաշտոնական Բեռլինը նախապես խոստացել էր մեծ աղմուկ չբարձրացնել այդ առթիվ։
«Հետագայում, սակայն, գերմանական կողմը խախտել է տրված խոստումը`դիվանագետների արտաքսման մասին տեղեկացնելով այն լրատվամիջոցներին, որոնք «պարբերաբար օգտագործվում են տեղեկատվության վերահսկելի արտահոսքերի համար», - ռուսական գործակալությանը փոխանցել է ԱԳՆ աղբյուրը։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից նաև հաղորդել են, որ Մոսկվան Բեռլինի այս քայլին «հայելային պատասխան կտա», ինչպես նաև զգալիորեն կկրճատի Ռուսաստանի տարածքում հավատարմագրված գերմանացի դիվանագետների առավելագույն թիվը։
Ռուսական Росатом ընկերությունը պնդում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան՝ նշելով, որ հարվածների հետևանքով կոտրվել են ԱԷԿ-ի չորորդ էներգաբլոկի տուրբինային դահլիճի ապակիները։
Կարչաան, սակայն, չի հստակեցրել, թե հայտկապես երբ են արձանագրվել ուկրաինական ԱԹՍ-ների հարվածները։ Նախօրեին Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ իր մտահոգությունն էր հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ նշելով, որ կայանի մերձակայքում պարբերաբար հուժկու հրետանային հարվածներ են արձանագրվում։
Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտն այսօր հայտնել է մարզի տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին։
«Սունջայի շրջանում մեր սահմանապահները թշնամական անօդաչու թռչող սարք են խոցել», -իր Տելեգրամ ալիքում գրել է նահանգապետը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական անօդաչու սարքը Սունջայի շրջանում գնդակոծել էր պաշտպանական կառույցների շինարարության մեջ ներգրավված ինժեներական տեխնիկան։
Զոհերի և վիրավորների մասին ռուսական կողմը չի հաղորդում։
Ալբանիան չեղարկեց Ռուսաստանի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմը, ասվում է ՌԴ-ում Ալբանիայի դեսպանատան կայքէջում հրապարակված հաղորդագրությունում։
Նախկինում ռուսաստանցիները կարող էին մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը առանց վիզայի այդ երկիր մտնել, այժմ Ալբանիա այցելելու համար Տիրանան պահանջում է մուտքի թույլտվություն ստանալ։
Գերմանիայում մեկնարկել է այսպես կոչված Ռամշտայնի ձևաչափով հերթական հանդիպումը, որի մասնակիցները քննարկում են Ուկրաինային ռազմական աջակցությունը։
Նիստի մեկնարկից առաջ բանակցություններ են վարել Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները։ Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ Լլոյդ Օսթինի հետ քննարկել են Կիևին սպառազինության առաջիկա մատակարարումները։
Ռամշտայնի ձևաչափով հանդիպմանը մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով նախօրեին այցելել էր Կիև: Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքի «բոլոր անդամները կողմ են, որ Ուկրաինան ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում»։ Հյուսաստլանտյան դաշինքի ղեկավարը, սակայն, խուսափել է հստակեցնել՝ արդյոք կոնկրետ քայլեր կձեռնարկվեն ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում՝ հուլիսին, Կիևի անդամակցության հարցով: Ստոլտենբերգը նշել է, որ այժմ գլխավոր անելիքը Պուտինի բանակի դեմ պատերազմում Կիևին աջակցելն է:
Երեկ երեկոյան Բելգորոդում պայթյուն է որոտացել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուսական Սու-34 ռազմական ինքնաթիռից զինամթերք է ընկել։
«Ապրիլի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 22:15, Բելգորոդ քաղաքի վրայով օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի թռիչքի ժամանակ տեղի է ունեցել ավիացիոն զինամթերքի չպլանավորված վայրէջք», - հայտնել են գերատեսչությունից։
Պայթյունի հետևանքով քաղաքի կենտրոնում երկու կին վիրավորվել է, բնակելի շենքեր են վնասվել։
Աշխարհի 7 առաջատար տերությունների ներկայացուցիչները դիտարկում են Ռուսաստան ապրանքների արտահանման գրեթե ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը, հաղորդում է «Կիոդո» ճապոնական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության իր աղբյուրներին։
Bloomberg-ը նույնպես, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինայի մյուս դաշնակիցները քննարկում են «Ռուսաստան արտահանումների մեծ մասի ուղղակի արգելքը»։ Հաղորդագրության համաձայն՝ Մեծ յոթնյակի պաշտոնյաներն այդ հարցի շուրջ քննարկումներ են անցկացնում մայիսին Ճապոնիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովից առաջ։
Ենթադրվում է, որ եթե G7-ը հաստատի դա, նմանատիպ արգելող միջոցներ կներդրվեն նաև Եվրամիության անդամ երկրների կողմից։