Ռուսական Росатом ընկերությունը պնդում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան՝ նշելով, որ հարվածների հետևանքով կոտրվել են ԱԷԿ-ի չորորդ էներգաբլոկի տուրբինային դահլիճի ապակիները։
Կարչաան, սակայն, չի հստակեցրել, թե հայտկապես երբ են արձանագրվել ուկրաինական ԱԹՍ-ների հարվածները։ Նախօրեին Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ իր մտահոգությունն էր հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ նշելով, որ կայանի մերձակայքում պարբերաբար հուժկու հրետանային հարվածներ են արձանագրվում։
Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտն այսօր հայտնել է մարզի տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին։
«Սունջայի շրջանում մեր սահմանապահները թշնամական անօդաչու թռչող սարք են խոցել», -իր Տելեգրամ ալիքում գրել է նահանգապետը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական անօդաչու սարքը Սունջայի շրջանում գնդակոծել էր պաշտպանական կառույցների շինարարության մեջ ներգրավված ինժեներական տեխնիկան։
Զոհերի և վիրավորների մասին ռուսական կողմը չի հաղորդում։
Ալբանիան չեղարկեց Ռուսաստանի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմը, ասվում է ՌԴ-ում Ալբանիայի դեսպանատան կայքէջում հրապարակված հաղորդագրությունում։
Նախկինում ռուսաստանցիները կարող էին մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը առանց վիզայի այդ երկիր մտնել, այժմ Ալբանիա այցելելու համար Տիրանան պահանջում է մուտքի թույլտվություն ստանալ։
Գերմանիայում մեկնարկել է այսպես կոչված Ռամշտայնի ձևաչափով հերթական հանդիպումը, որի մասնակիցները քննարկում են Ուկրաինային ռազմական աջակցությունը։
Նիստի մեկնարկից առաջ բանակցություններ են վարել Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները։ Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ Լլոյդ Օսթինի հետ քննարկել են Կիևին սպառազինության առաջիկա մատակարարումները։
Ռամշտայնի ձևաչափով հանդիպմանը մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով նախօրեին այցելել էր Կիև: Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքի «բոլոր անդամները կողմ են, որ Ուկրաինան ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում»։ Հյուսաստլանտյան դաշինքի ղեկավարը, սակայն, խուսափել է հստակեցնել՝ արդյոք կոնկրետ քայլեր կձեռնարկվեն ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում՝ հուլիսին, Կիևի անդամակցության հարցով: Ստոլտենբերգը նշել է, որ այժմ գլխավոր անելիքը Պուտինի բանակի դեմ պատերազմում Կիևին աջակցելն է:
Երեկ երեկոյան Բելգորոդում պայթյուն է որոտացել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուսական Սու-34 ռազմական ինքնաթիռից զինամթերք է ընկել։
«Ապրիլի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 22:15, Բելգորոդ քաղաքի վրայով օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի թռիչքի ժամանակ տեղի է ունեցել ավիացիոն զինամթերքի չպլանավորված վայրէջք», - հայտնել են գերատեսչությունից։
Պայթյունի հետևանքով քաղաքի կենտրոնում երկու կին վիրավորվել է, բնակելի շենքեր են վնասվել։
Աշխարհի 7 առաջատար տերությունների ներկայացուցիչները դիտարկում են Ռուսաստան ապրանքների արտահանման գրեթե ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը, հաղորդում է «Կիոդո» ճապոնական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության իր աղբյուրներին։
Bloomberg-ը նույնպես, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինայի մյուս դաշնակիցները քննարկում են «Ռուսաստան արտահանումների մեծ մասի ուղղակի արգելքը»։ Հաղորդագրության համաձայն՝ Մեծ յոթնյակի պաշտոնյաներն այդ հարցի շուրջ քննարկումներ են անցկացնում մայիսին Ճապոնիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովից առաջ։
Ենթադրվում է, որ եթե G7-ը հաստատի դա, նմանատիպ արգելող միջոցներ կներդրվեն նաև Եվրամիության անդամ երկրների կողմից։
Այս գիշեր Ուկրաինայի տարածքի զգալի մասում օդային տագնապ է հայտարարվել: Ուկրաինական կողմը հաղորդում է, որ պատճառը ռուսական զինուժի անօդաչու թռչող սարքերի հերթական գրոհն է՝ հիմնականում իրանական արտադրության «Շահիդ»-ների։
Մասնավորապես, 25-օրյա ընդմիջումից հետո առաջին անգամ հարձակման է ենթարկվել Ուկրաինայի մայրաքաղաքը։ Կիևի քաղաքային իշխանությունների տվյալներով՝ 8 անօդաչու թռչող սարք հայտնաբերվել և խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։
Միաժամանակ, ինչպես հայտնել է Պոլտավայի շրջանի վարչակազմը, անօդաչու թռչող սարքի հարվածով շրջանում ոչնչացվել է քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտ։ «Փրկարարներն աշխատում են կրակը մարելու ուղղությամբ: Նախնական տվյալներով զոհեր չկան»,- իր Telegram ալիքում գրել է շրջանի ղեկավար Դմիտրի Լունինը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր առավոտյան իր հաղորդագրությունում հայտնում է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանը գիշերն Ուկրաինա է արձակել մոտ 10 «Շահեդ-136» անօդաչու թռչող սարք, դրանցից 8-ը խոցվել է։ Ընդհանուր առմամբ, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսները 23 ավիահարված են հասցրել Ուկրաինայի տարածքում, հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը։
Կիևի քաղաքային խորհուրդը խզել է հողի վարձակալության պայմանագիրն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հետ: Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Որոշումն ընդունվել է քվեարկությամբ: Առաջարկին կողմ են քվեարկել մայրաքաղաքի օրենսդիր մարմնի 120 պատգամավորներից 73-ը:
Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորները դիմել են Ուկրաինայի կառավարությանը ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչության գույքը պետականացնելու առաջարկով:
Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանությունը 2022 թվականի փետրվարի 24-ից՝ Ուկրաինա ռուսների ռազմական հարձակման օրվանից փակ է:
Կիևում շարունակվում է խորհրդային և ռուսաստանյան անուններից և խորհրդանիշներից հրաժարվելու գործընթացը: Պատերազմի մեկնարկից հետո Կիևում 288 օբյեկտներ նոր անուններ են ստացել:
Ուկրաինայի մայրաքաղաքում մտադիր են վերանվանել մոտ կես հազար փողոցներ, մետրոյի մի քանի կայարաններ և ապամոնտաժել 6 տասնյակ արձաններ ու հուշատախտակներ: Նման գործընթացներ են իրականացվում նաև Ուկրաինայի այլ քաղաքներում:
Թուրքիան մտադիր չէ միանալ Ռուսաստանի նկատմամբ առանձին երկրների սահմանած պատժամիջոցներին, սակայն պարտավորված կլինի հետևել սահմանափակող որոշումներին, եթե դրանք մտցվեն ՄԱԿ-ի որոշմամբ: Այդ մասին այսօր Անթալիայի մարզում գտնվող Ալանիա ծովափնյա քաղաքում ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք ՆԱՏՕ-ի ամենահզոր երկրների հնգյակում ենք, բայց պետք է մտածենք մեր ազգային շահերի մասին: Ենթադրենք, ես միացա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, բա այդ դեպքում Ալանիայի առևտրականներն ինչպե՞ս են Ռուսաստանում վաճառելու իրենց ապրանքը: Սակայն, եթե պատժամիջոցները ՄԱԿ-ը սահմանի, ապա այո, այդ դեպքում ես պարտավորված կլինեմ դրանց հետևել»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա փոխանցմամբ, նպատակահարմար չէ անտեսել սեփական երկրի շահերն ամենից բարձր դասելու սկզբունքը և միանալ առանձին պետությունների կողմից սահմանված պատժամիջոցներին, անկախ այն բանից՝ արդար են դրանք, թե անարդար:
Հյուսիսատլանտյան դաշինք Ուկրաինայի մուտքի կանխումը մնում է «հատուկ ռազմական գործողության» նպատակներից մեկը: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Անկասկած դա {ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալը} լուրջ և էական սպառնալիք կստեղծի մեր երկրի անվտանգության համար»,- ասել է խոսնակը:
Անդրադառնալով Կիև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այսօր կատարած այցին, Պեսկովը նշել է, որ Մոսկվայում դրա կապակցությամբ չեն գնահատում ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի հեռանկարը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մի անանուն ներկայացուցիչ ասել է, որ Ստոլտենբերգի Կիև կատարած այցի ընթացքում կքննարկվեն ապրիլի 21-ին Գերմանիայում՝ Ռամշտայնի ամերիկյան ռազմակայանում նախատեսված շփման խմբի նիստին առնչվող հարցեր:
Ռամշտայնի խումբը կարգավորում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային զենք ու զինամթերք տրամադրելու գործընթացը: