Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր տեսչական այց է կատարել Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի՝ Կալուգայի մարզում գտնվող զորամասերից մեկը, հաղորդում է ТАСС գործակալությունը։
«Այցի ընթացքում նախարար Շոյգուն ստուգել է զորամիավորման գնդերից մեկի կողմից մարտական հերթապահության իրականացումը», - հաղորդում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը Ռուսաստանի միջուկային զորքերի առանցքային ստորաբաժանումն են և այս զորատեսակի գլխավոր առաքելությունը «միջուկային զսպումն է»։
«Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է մի շարք ռազմական նշանակության ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները», - այսօր հրապարակված հոդվածում պնդում է ամերիկյան The New York Times պարբերականը։
Թերթը վկայակոչում է ԱՄՆ հարկային ծառայությունների և առևտրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ մարտի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված նյութերը։ Դրանց համաձայն՝ 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, Միացյալ Նահանգներից Հայաստան չիպերի և պրոցեսների ներկրումն աճել է 515 տոկոսով։ Նույն ապրանքատեսակների ներկրումը ԵՄ պետություններից Հայաստան 2022 թվականին աճել է 212 տոկոսով։
«Ներկրված արտադրանքի 97 տոկոսը հետագայում վերաարտահանվել է Ռուսաստան», - պնդում է The New York Times-ը։
Թերթի պնդմամբ՝ ներկրված սարքավորումները կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի ռազմական արդյունաբերության՝ մասնավորաբար հրթիռների արտադրության համար։
Բրիտանական կառավարության կիբերպաշտպանության գործակալությունն այսօր նախազգուշացրել է արևմտյան կարևորագույն ենթակառուցվածքներին սպառնացող վտանգի մասին, նշելով, որ սպառնալիքը գալիս է ռուսամետ հաքերներից:
Ռուսաստանին առնչվող «հաքթիվիստները» մինչ այժմ հիմնականում անվնաս առցանց արշավներ են իրականացրել՝ վնասելով կամ ոչնչացնելով հայտնի հանրային կայքերը։ Այնուամենայնիվ, այս խմբերից ոմանք ձգտում են ավելի մեծ վնաս հասցնել, համաձայն Մեծ Բրիտանիայի Կիբերանվտանգության ազգային կենտրոնի նախազգուշացման, որը հետախուզական գործակալության մաս է կազմում:
«Որոշ [հաքերներ] ցանկություն են հայտնել հասնել արևմտյան կարևոր ազգային ենթակառուցվածքների վրա ավելի վնասակար և խաթարող ազդեցության՝ ներառյալ Մեծ Բրիտանիայում», - ասվում է հաղորդագրությունում:
«Մենք ակնկալում ենք, որ այս խմբերը հնարավորություններ կփնտրեն նման ազդեցություն ստեղծելու համար, հատկապես եթե համակարգերը վատ պաշտպանված լինեն», - ընդգծում է կիբերպաշտպանության գործակալությունը:
Այս գիշեր ռուս զինվորականները «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Օդեսայի շրջանի վրա, հարված է հասցվել ենթակառուցվածքի օբյեկտներից մեկին։ Այս մասին հայտարարել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Կրուկը։
«Գիշերը հակառակորդը «Շահեդ-136» տիպի հարվածային անօդաչուներով հարձակվել է Օդեսայի շրջանի վրա: Մեր պաշտպանական ուժերի հաջող աշխատանքի շնորհիվ հակառակորդի անօդաչու թռչող սարքերի մեծ մասը ոչնչացվել է, սակայն, ցավոք, հարված է հասցվել հասարակական նշանակության ենթակառուցվածքին», - ասել է նա:
Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհ է բռնկվել, փրկարարները դեպքի վայրում են:
«Շահեդ» 12 հարվածային անօդաչու թռչող սարքերից 10-ը խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, ճշտել է Օդեսայի շրջանային վարչությունը։
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում զգոն մնալ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու շարունակվող վտանգի նկատմամբ:
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները պետք է շարունակեն զգոն մնալ այն նշանների նկատմամբ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում պատերազմի «կառավարվող» սրման ժամանակ, երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։
Շերմանը այս նախազգուշացումն արել է՝ բացելով ՆԱՏՕ-ի սպառազինությունների վերահսկման ամենամյա համաժողովը, որն այս տարի առաջին անգամ տեղի է ունենում Հյուսիսային Ամերիկայում։ Առաջին նման համաժողովը տեղի է ունեցել 2004 թվականին:
Պուտինի հայտարարությունը, ով մարտի 25-ին ասել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է մարտավարական միջուկային զենք տեղակայել հարևան Բելառուսում, «այդ սպառնալիքը կառավարելի կերպով օգտագործելու փորձ է», - ասել է Վենդի Շերմանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դոնեցկի մարզում գտնվող ռազմաճակատային Ավդեևկա քաղաք։
Հրամանատարները նրան զեկուցել են մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին։
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել, շնորհակալություն հայտնել ձեր ծառայության, մեր հողերը, Ուկրաինան, մեր ընտանիքները պաշտպանելու համար»,- ասել է Զելենսկին։
Նա պարգևներ է հանձնել զինվորականներին։ Զելենսկին նաև այցելել է հիվանդանոցում բուժվող վիրավոր զինվորականներին։
Ավդեևկան ռուսական ռմբակոծությունների ու գրոհների հիմնական ուղղություններից մեկն է։ Այսօր նկարահանված կադրերը ցուցադրում են ամբողջովին ոչնչացված շենքեր ու շինություններ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը Վլադիմիր Պուտինի երեկվա այցի ընթացքում նրան չեն ուղեկցել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեսակապով մասնակցել է Խերսոնի շտաբի խորհրդակցությանը, իսկ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը տեղում մասնակցել է Լուգանսկի շրջանում անցկացված խորհրդակցությանը։
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Լի Շանֆուի հանդիպումը։
«Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերը անպայման կիրականացնեն երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունները, կխթանեն ռազմատեխնիկական համագործակցությունն ու ռազմական առևտուրը, ռազմական համագործակցությունը կհասնի նոր մակարդակի», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։
Նա նշել է, որ այդ պաշտոնում նշանակվելուց հետո առաջին այցը կատարում է Ռուսաստան։
Ճապոնիայում Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպման արդյունքում որոշվել է ուժեղացնել համակարգումը երրորդ երկրների կողմից Ռուսաստան զենք մատակարարելու դեմ։ Այն պետությունները, որոնք աջակցում են ռուսական ներխուժմանը Ուկրաինա, դրա համար «բարձր գին» կվճարեն, ասվում է այսօր G7-ի ԱԳ նախարարների ընդունած ամփոփիչ հայտարարությունում։
Առաջատար արդյունաբերական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի սպառնալիքները՝ դրանք անվանելով «անընդունելի»։ «Ռուսաստանի կողմից քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի ցանկացած կիրառում կունենա ծանր հետևանքներ», - ասվում է փաստաթղթի տեքստում։
Նախարարները խոստացել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Մենք վճռական ենք մնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն է՛լ ավելի ինտենսիվ դարձնելու հարցում», - ասվում է հայտարարությունում։ Հանդիպման մասնակիցները Ռուսաստանի Դաշնությանը կոչ են արել անհապաղ և անվերապահորեն դուրս բերել Ուկրաինայից բոլոր զորքերը և խոստացել են շարունակել աջակցել Կիևին երկրի վերականգնման գործում:
Երեկ, երբ Մոսկվայի դատարանը Վլադիմիր Կարա-Մուրզային պետական դավաճանության և բանակի մասին ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքով դատապարտեց 25 տարի ազատազրկման, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին՝ բացատրություններ տալու համար. ռուսաստանցի ընդդիմադիրը նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։
Կելինը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ նախարարությունը պահանջել է ապահովել հյուպատոսական մուտքը Կարա-Մուրզայի մոտ և սպառնացել է պատժամիջոցներ կիրառել նման դատավճիռ կայացրած դատարանի կազմի նկատմամբ: Դեսպանն այդ խոսակցությունն անվանել է «կոպիտ միջամտություն Ռուսաստանի Դաշնության գործերին և իրավական գործընթացի վրա ազդելու փորձ»։
Երեկ ավելի վաղ Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բրոնեթն ասել էր, որ բրիտանական կառավարությունը «համերաշխություն է հայտնում Վլադիմիր Կարա-Մուրզային և նրա ընտանիքին ու կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան»։