Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ուկրաինայի մասամբ օկուպացված Խերսոնի և Լուգանսկի շրջաններ։ Չի նշվում, թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել:
Տեսանյութում ցերեկ է, Պուտինը դուրս է գալիս Մի-8 ուղղաթիռից, ապա ջիփերի ավտոշարասյունը մտնում է Խերսոնի շրջանի օկուպացված հատվածի կենտրոն դարձած Գենիչեսկ քաղաք։
ՌԴ նախագահն այցելել է «Դնեպր» զորախմբավորման շտաբ:
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պուտինն այցելել է նաև մեկ այլ շտաբ՝ «Վոստոկ», որը պատկանում է Ազգային գվարդիային «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում»։
Հաղորդագրությունում ասվում է, որ ուղևորությունը «նախապես պլանավորված չի եղել»։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ (Օլեքսիյ) Ռեզնիկովը պաշտոնապես ներողություն է խնդրել իսպանական La Razon թերթին տված հարցազրույցում կատարված անհաջող համեմատության համար։ Իսպանացի լրագրողների հետ զրույցում Ռեզինիկովը պնդել էր, թե՝ «պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական կողմի կորուստներն ավելի քիչ են, քան Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը»։
«Ես ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել Թուրքիայում և Ուկրաինայում գտնվող այն բոլոր մարդկանցից, որոնց վիրավորել են իսպանական թերթում արված իմ մեկնաբանությունները։ Իրականում ուկրաինացիները համակրում են թուրք ժողովրդին», - Ռեզնիկովի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Անցած գիշեր միանգամից երկու խոշոր հրդեհ է ծագել Ռուսաստանի Բելգորոդի մարզի էներգետիկ օբյեկտներում։ Տեղական մամուլի պնդմամբ՝ խոսքը երկու էլեկտրական ենթակայաններում ծագած հրդեհների մասին է։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի պնդմամբ՝ հրդեհները բռնկվել են Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների հետևանքով։ Այլ մանրամասներ պաշտոնյան չի հայտնել։
Բելգորոդում գործող Տելեգրամ ալիքները պնդում են, որ հրդեհները ծագել են ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով։
Սլովակիան Ուկրաինային է հանձնել բոլոր 13 խոստացված ՄիԳ-29 կործանիչները, որոնց մասին հաղորդվել էր մարտին։
Սլովակիան առաջին չորս ինքնաթիռները մատակարարել է անցյալ ամիս: Նա Լեհաստանից հետո ՆԱՏՕ-ի երկրորդ անդամն է, որը կործանիչներ է նվիրաբերում Ուկրաինային։
Ապրիլի սկզբին Լեհաստանը մի քանի ինքնաթիռ էր փոխանցել, ստույգ թիվը չի հաղորդվում։
Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, ի պաշտպանություն Ուկրաինային մարտական ինքնաթիռների փոխանցման, հայտարարել էր, որ իր կառավարությունը «պատմության ճիշտ կողմում է»։
«Մեծ յոթնյակի» (G7) արտգործնախարարներն Ուկրաինային նվիրված նախարարական հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել աջակցել Կիևին և խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները վերահաստատել են, որ հավատարիմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամրապնդմանը, ամբողջական համակարգմանը և կիրառմանը, ինչպես նաև շարունակելու վճռական աջակցությունը Ուկրաինային», - ասվում է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տարածվել է նիստից հետո:
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները նաև «պայմանավորվել են ուժեղացնել կոորդինացումը՝ կանխելու պատժամիջոցներից խուսափելը» և «երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումները»։
Կիրակի օրը Ճապոնիայում սկսվել են G7-ի արտգործնախարարների բանակցությունները։
Ռուսական գերությունից Ուկրաինա է վերադարձել 130 զինվոր, տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ըստ նրա՝ նրանց թվում են զինվորականներ, սահմանապահներ, ազգային գվարդիականներ, նավաստիներ և այլք, որ գերեվարվել են Բախմուտ, Սոլեդար, Զապորոժիե, Խերսոն ուղղություններով։
Ռուսական կողմը դեռևս չի հայտնել գերիների փոխանակման մասին։
Ուկրաինային անվտանգության արդյունավետ երաշխիքներ են անհրաժեշտ նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում։
«Ռուսաստանը պետք է դուրս գա Ուկրաինայից. ՄԱԿ-ի կանոնադրության յուրաքանչյուր կետ պետք է նորից գործի. միջազգային իրավունքի ռուսական խախտումներից ոչ մեկը չի կարող անտեսվել: Հենց այս սկզբունքներով էլ անվտանգությունն ու խաղաղությունը կվերադառնան միջազգային հարաբերություններ»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ հենց դրա համար է խաղաղության ուկրաինական բանաձևը, որը միանգամայն իրատեսական է և կոնկրետ, և որը նա երեկ մանրամասն քննարկել է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։
«Մեր ընդհանուր դիրքորոշումը՝ բոլոր մասնակից պետությունների, Լիտվայի գագաթնաժողովում կարող է լինել նույնքան հավակնոտ, որքան եվրոպական անվտանգության կարիքները: Ես համոզված եմ դրանում։ Ուկրաինայի, այսինքն՝ իրականում կանոնների վրա հիմնված միջազգային կարգի անվտանգության արդյունավետ երաշխիքներ են անհրաժեշտ նույնիսկ դաշինքին միանալուց առաջ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի դեմ պատերազմին ակտիվորեն մասնակցող «Վագներ» ռազմականացված մասնավոր ընկերության ղեկավար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր մարդկանցից Եվգենի Պրիգոժինն առաջարկել է դադարեցնել պատերազմը և հայտարարել, որ հատուկ ռազմական գործողության նպատակները ձեռք են բերված։
"Кепка Пригожина" Տելեգրամ ալիքում ապրիլի 14-ին հրապարակված տեքստում նշված է, որ իշխանությունների և հասարակության համար այսօր անհրաժեշտ է յուղոտ վերջակետ դնել հատուկ ռազմական գործողությունում։ «Իդեալական տարբերակը կլինի հատուկ ռազմական գործողության ավարտի մասին հայտարարելը՝ բոլորին հայտնելով, որ Ռուսաստանը հասել է այն արդյունքներին, որոնք պլանավորվել էին, և ինչ-որ իմաստով մենք իրականում դրանց հասել ենք», - ասել է Պրիգոժինը։
Նա նշել է, որ Ռուսաստանը կտրել է Ազովի ծովն ու Սև ծովից մի մեծ հատված, Ուկրաինայի տարածքից «յուղոտ պատառ» է գրավել և ցամաքային կապ ստեղծել Ղրիմի հետ։ «Հիմա մի բան է մնում՝ խորը ամրապնդել, կառչել այդ տարածքներից, որոնք արդեն կան», - հավելել է «Վագներ»-ի ղեկավարը։
Պրիգոժինին վերագրվող տեքստում նաև նշված է, որ երկարատև պատերազմը ռուսական էլիտայի կողմից չի պաշտպանվում։ «Շատերը, ովքեր դեռ երեկ պաշտպանում էին հատուկ ռազմական գործողությունը, այսօր կասկածների մեջ են, կամ կտրականապես դեմ են նրան, ինչ կատարվում է», - նշված է "Кепка Пригожина" Տելեգրամ ալիքում հրապարակված տեքստում:
Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ուժերն ինտենսիվորեն հրթիռակոծում են Ուկրաինայի արևելյան շրջանները, ապրիլի 15-ի առավոտյան հայտնել է Ոկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Դոնեցկի մարզում Բախմուտից արևմուտք ընկած Սլովյանսկ (Սլավյանսկ) ու Կրամատորսկ քաղաքների վրա նախօրեին տասներեք S-300 (С-300) հրթիռ է արձակվել։
Սլովյանսկում 6 հրթիռներն ընկել են բնակելի շենքի ու տների վրա։ Առնվազն 9 խաղաղ բնակիչ է զոհվել, շուրջ երկու տասնյակ վիրավորներ կան։
«Չարիքի պետությունը հերթական անգամ ցուցադրում է իր էությունը», - Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ Դոնեցկի մարզում Լիմանի, Բախմուտի, Ավդիևկայի և Մարյինկայի ուղղություններով ռուսական ուժերի 56 գրոհ հետ է մղվել։
BBC ռադիոկայանը, Медиазона կայքը և կամավոր հետաքննողները համատեղ անցկացրած հետազոտության արդյունքում հրապարակել են զեկույց, ըստ որի Ուկրաինայում ապրիլի կեսի դրությամբ զոհվել է առնվազն 20451 զինծառայող:
Ենթադրվում է, որ ամենածանր կորուստները ռուս-ուկրաինական պատերազմում ռուսները կրում են Բախմուտի շրջանում:
Ենթադրվում է, որ յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ռուսները միջինը 700 զինծառայող են կորցնում: Պատերազմի առաջին տարվա ընթացքում շաբաթական կորուստների թիվը 250-ից 300 է եղել:
BBC-ն, Медиазона-ն և կամավոր հետաքննողները նշում են, որ իրենց տվյալներում ներառվում են միայն անուն-ազգանուններով հաստատված կորուստները, որոնց մասին տեղեկությունները կան բաց աղբյուրներում, ինչը նշանակում է, որ զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
Պաշտոնապես չհաստատված տվյալներով, Ռուսաստանն Ուկրաինայում կարող էր այսօրվա դրությամբ կորցնել 41 հազար զինծառայող:
Միացյալ Նահանգների ռազմածովային վերլուծությունների կենտրոնի փորձագետների կարծիքով, Ուկրաինայում ռուսների ընդհանուր անդառնալի կորուստների թիվը (զոհվածներ, ծանր վիրավորներ և անհետ կորածներ) կարող է գերազանցել 184 հազարը:
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումների «ժողովրդական միլիցիայի» զինծառայողների կորուստները նշված զեկույցում ընդգրկված չեն: