Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խստորեն դատապարտել է երեկ՝ ուղղափառ հավատացյալների աշխարհում նշվող Ծաղկազարդի տոնական օրվա ընթացքում, ռուսների օդային հարվածներն ուկրաինական բնակավայրերին:
Նա ասել է, թե ապրիլի 9-ին՝ կիրակի օրը, թշնամին ավելի քան 40 օդային հարված է հասցրել:
«Քրիստոնեական ամեն լուսավոր տոն մեզ մի բան է սովորեցնում՝ մենք գուցե չգիտենք, թե ինչպես, բայց թշնամին միևնույն է կպարտվի», - ասել է Զելենսկին` դիմելով հայրենակիցներին:
Նա հայտնել է, որ Զապորոժիեում ռուսների հարվածից սպանվել են մի 50-ամյա հայր և նրա 11-ամյա դուստրը:
Արտակարգ իրավիճակի նախարարության փրկարարները շենքի ավերակներից ողջ վիճակում դուրս են հանել սպանված տղամարդու կնոջը և մորը:
«Այդպես է ահաբեկիչ պետությունը նշում Ծաղկազարդի օրը: Դրանով Ռուսաստանն իրեն էլ ավելի է մեկուսացնում աշխարհից ու մարդկությունից»,- ասել է Զելենսկին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Ֆրանսիան չի կարող հանդես գալ իբրև անաչառ միջնորդ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման խնդրում:
Այդպես նա արձագանքել է Պեկինում Չինաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սի Ծինպինի և Էմանյուել Մակրոնի վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմի թեման արծարծելու փաստին:
«Փարիզն այս կոնֆլիկտում գործնականում կողմերից մեկին է պաշտպանում: Ավելին, ուղղակի և անուղղակի ներգրավված է Ուկրաինայի կողմից: Հետևաբար, դժվար է պատկերացնել Ֆրանսիան միջնորդի դերում», - ասել է Պեսկովը:
Էմանյուել Մակրոնը Պեկինում Սի Ծինպինին կոչ է արել օգտագործել Չինաստանի ազդեցությունը Ռուսաստանի վրա և Ուկրաինայի հարցում «սթափեցնել ռուսներին»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
Ըստ BelTa բելառուսական լրատվական գործակալության, նախագահը և նախարարը քննարկում են ռազմական բնագավառում երկու երկրների համագործակցության հարցերը և այդ առումով վերջերս Մոսկվայի ու Մինսկի միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր վերջին հանդիպման ավարտին մենք պայմանավորվել ենք, որ Դուք ձեր մասնագետների հետ կժամանեք Բելառուս, որտեղ էլ կնստենք ու միասին կքննարկենք Բելառուսի անվտանգության հետ կապված հարցերը», - հայտնել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով, Շոյգուի հետ քննարկվում է ագրեսիայի դեպքում Մինսկին Մոսկվայի կողմից անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը:
«Մեր բանակցությունների ընթացքում նշել ենք, որ Բելառուսի դեմ ագրեսիայի պարագայում Ռուսաստանն իր սեփական տարածքի նման է պաշտպանելու Բելառուսը, մեզ եղբայրական Ռուսաստանից անհրաժեշտ են անվտանգության լիարժեք երաշխիքներ», - ասել է Լուկաշենկոն Շոյգուին:
Նա ռուսաստանցի նախարարին շնորհակալություն է հայտնել Բելառուսի տարածքում մի քանի տասնյակ հազար ռուսաստանցի զինծառայողներ տեղակայելու համար:
Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը տեղեկացրել է, որ հաշվի առնելով անվտանգության ապահովման խնդիրները| տեղական իշխանությունները որոշել են չեղարկել Կուրսկ քաղաքում մայիսի 9-ի տոնական զորահանդեսը:
Նահանգապետի փոխանցմամբ, օպերատիվ շտաբը որոշել է Հաղթանակի օրը խստացնել հակաահաբեկչական միջոցները:
Անցած շաբաթ Հաղթանակի զորահանդեսը չեղարկելու մասին է հայտնել նաև Բրյանսկի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նա ասել է, թե իշխանությունները չեն ցանկանում «կենտրոնում մեծ թվով զինտեխնիկայով և զինծառայողներով սադրել թշնամուն»:
Ուկրաինայի հետ սահմանակցող Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում որոշ բնակավայրեր ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում պարբերաբար հայտնվում են կրակի տակ, կան զոհեր և ավերածություններ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերջերս հավաստիացրել է, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա զորահանդեսը չեղարկելու կամ դրա ձևաչափը փոխելու խնդիր չկա:
Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը տեղեկացրել է, որ հաշվի առնելով անվտանգության ապահովման խնդիրները| տեղական իշխանությունները որոշել են չեղարկել Կուրսկ քաղաքում մայիսի 9-ի տոնական զորահանդեսը:
Նահանգապետի փոխանցմամբ, օպերատիվ շտաբը որոշել է Հաղթանակի օրը խստացնել հակաահաբեկչական միջոցները:
Անցած շաբաթ Հաղթանակի զորահանդեսը չեղարկելու մասին է հայտնել նաև Բրյանսկի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նա ասել է, թե իշխանությունները չեն ցանկանում «կենտրոնում մեծ թվով զինտեխնիկայով և զինծառայողներով սադրել թշնամուն»:
Ուկրաինայի հետ սահմանակցող Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում որոշ բնակավայրեր ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում պարբերաբար հայտնվում են կրակի տակ, կան զոհեր և ավերածություններ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերջերս հավաստիացրել է, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա զորահանդեսը չեղարկելու կամ դրա ձևաչափը փոխելու խնդիր չկա:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ծանուցելով այլ երկրներում քաղաքացիության կամ բնակության իրավունքի մասին՝ ռուսաստանցիներն ի շարս այլոց նշել են նաև Հայաստանը:
«Առավել հաճախ Ռուսաստանի քաղաքացիները հայտնել են Իսրայելում, Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում, Գերմանիայում, Վրաստանում, Միացյալ Նահանգներում, Մոլդովայում, Իսպանիայում, Իտաիայում և Ֆրանսիայում քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն ունենալու մասին», - ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամլո վարչության ներկայացուցիչը:
Անցյալ տարվա ընթացքում ռուսաստանցիներն ընդհանուր հաշվով ներկայացրել են ավելի քան 50 հազար նմանօրինակ ծանուցումներ, որոնցից 31 հազար՝ այլ երկրում քաղաքացիություն ունենալու, և 19 հազարը՝ այլ երկրում օրինական կարգով բնակվելու իրավունքի մասին են:
Ռուս զինվորականները սկսել են մշակել հյուսիսարևմտյան սահմանների պաշտպանությունը՝ կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի միանալուց հետո սպառնալիքների բարձր մակարդակի հետ, ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Անդրեյ Դյոմինը։
«Ֆինլանդիան մաս կազմեց ՆԱՏՕ-ի բլոկին: Շվեդիան պատրաստվում է միանալ դաշինքին: Այս պայմաններում հակաօդային պաշտպանության ուժերը մշակում են երկրի հյուսիս-արևմուտքում պետական սահմանի պաշտպանության հետ կախված հարցեր՝ սպառնալիքների բարձր մակարդակին համապատասխան», - ասել է Դյոմինը:
Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ավելացնել պատժամիջոցների միջոցով ճնշումը Ռուսաստանի վրա՝ միաժամանակ մեծացնելով աջակցությունն Ուկրաինային, այսօր հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Միջազգային կարգը պաշտպանելու համար, որպես Մեծ յոթնյակի նախագահող և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ-մշտական անդամ, Ճապոնիան, սերտ համագործակցելով միջազգային հանրության, առաջին հերթին՝ Մեծ յոթնյակի հետ, կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ պատժամիջոցները և աջակցությունն Ուկրաինային», - ասել է նա։
Արտահոսքի արդյունքում համացանցում հայտնված ամերիկյան փաստաթղթերի համաձայն՝ ամիսներ առաջ Պուտինի մտերիմ Եվգենի Պրիգոժինին պատկանող «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ուկրաինական պատերազմի համար փորձել է զենք գնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից։
The Washington Post թերթի լրագրողները վերլուծել են արտահոսքի արդյունքում հրապարակված գաղտնի փաստաթղթերը: Նրանք գրում են, թե ամերիկյան հետախույզները կարողացել են տեղեկություն ստանալ «Վագներ»-ի ծրագրերից գաղտնալսման արդյունքում։ Հետախույզների զեկույցներից մեկի համաձայն՝ փետրվարի սկզբին «Վագներ»-ի ներկայացուցիչները հանդիպել են «Թուրքիայում գտնվող զրուցակիցների հետ՝ թուրքական կողմից զենք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով», ընդ որում, ըստ այդ փաստաթղթերի, «Վագներ»-ն ուզում էր զենք գնել Ուկրաինայում և Մալիում ռազմական գործողությունների համար:
Փաստաթղթերից հայտնի չէ, թե ինչպես են ավարտվել բանակցությունները՝ գնե՞լ է «Վագներ»-ը զենք թուրքական կողմից, թե՞՝ ոչ, և արդյո՞ք Թուրքիայի իշխանությունները որևէ բան գիտեն այդ բանակցությունների մասին։
The Washington Post-ի լրագրողները վերլուծել են ԱՄՆ ազգային անվտանգության գաղտնի ավելի քան 50 էջ փաստաթղթեր, որոնց վերջերս են հրապարակային դարձել արտահոսքի հետևանքով: Համաձայն այդ փաստաթղթերի՝ Պուտինի մերձավոր զինակցի ղեկավարած «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը փորձել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից զենք գնել։
«Փետրվարի սկզբին «Վագների» ներկայացուցիչները հանդիպել են թուրքական կոնտակտների հետ՝ հույս ունենալով զենք և տեխնիկա ձեռք բերել Մալիում և Ուկրաինայում «Վագների» գործողությունների համար», - ասվում է փաստաթղթում, գրում է WP-ն։
Ենթադրվում է, որ Մալիի ժամանակավոր նախագահը հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է Թուրքիայից զենք գնել «Վագների» անունից։
Փաստաթղթերից հայտնի չէ, թե ինչպես են ավարտվել բանակցությունները, և արդյոք Թուրքիայի իշխանությունները որևէ բան գիտեն դրանց մասին։