Պեկին այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինին հորդորել է օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ օգնելու դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:
«Ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել Ձեզ վրա՝ խելքի բերելու Ռուսաստանին և բոլորին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Մակրոնը։
Ի պատասխան՝ Չինաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան հնարավորինս շուտ խաղաղ բանակցություններ սկսել։
Մակրոնի խոսքով՝ ներկայիս ճգնաժամը սպառնում է, որ համաշխարհային խոշոր տերությունները կբաժանվեն պատերազմող միությունների։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Պեկինում ասել է, թե Չինաստանը համաձայն է, որ միջուկային զենքը չպետք է կիրառվի ռուս-ուկրաինական պատերազմում: Մակրոնը նախագահ Սի Ծինպինի հետ քննարկել է այդ պատերազմի դադարեցմանը Չինաստանի ջանքերն ուղղելու հարցը:
«Կայուն և ապահով Եվրոպա երբեք չի լինի, եթե մեր մայրցամաքում մի երկիր գրավի մյուսի տարածքը»,- ասել է Մակրոնը:
Այսօր Պեկինում Սի Ծինպինն անցկացրել է նաև եռակողմ հանդիպում, որին Մակրոնից զատ ներկա է եղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Չինաստանի ղեկավարը խոստովանել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ բարդ խնդիր է, որը դժվար է կարգավորել:
Նա ասել է նաև, թե պատրաստ կլինի զրուցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, «երբ ստեղծվեն դրա համար պատեհ պայմաններ»:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցը համարվող գործարար Եվգենի Պրիգոժինն այսօր վագներականների գերեզմանոցից ուղերձով դիմել է ռուսաստանցիներին:
Նա ասել է, թե այստեղ՝ Կրասնոդարի երկրամնասի Բակինսկայա գյուղակի տարածքում գտնվող գերեզմանատանը կստեղծվի համալիր զոհերի հիօշատակին:
«Այո, զինվորները պատերազմներում երբեմն զոհվում են, այդպիսին է կյանքը»,- ասել է Եվգենի Պրիգոժինը:
Նա իր ուղերձում նաև նշել է, որ ուկրաինացիները դեռ չեն հեռանում Բախմուտից, իսկ երբ հեռանան՝ անպայման պաշտպանական դիրքեր կստեղծեն քաղաքի մոտակայքում:
Պրիգոժինը կոչ է արել Ուկրաինայում հաջողության հասնելու համար զենքով ու զինամթերքով սատարել վագներականներին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ուկրաինայի հետ խաղաղություն հաստատելու հեռանկար հիմա չկա, ուստի «հատուկ ռազմական օպերացիան» պետք է շարունակվի:
«Ուկրաինայի պարագայում իրավիճակը դեռ բարդ է, Ուկրաինայի ոչ պաշտոնական և պաշտոնական դիրքորոշումը վկայում է, որ խաղաղության հեռանկար չկա, և հիմա այլ ուղի, քան հատուկ ռազմական գործողության շարունակումը, մենք չունենք», - ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը նաև անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությանն այն մասին, որ Չինաստանը կարող է ազդել Ռուսաստանի վրա և ապահովել Մոսկվայի վերադարձը բանակցություններին:
«Անշուշտ, Չինաստանն ունի միջնորդության արդյունավետ և տպավորիչ լծակներ, և Չինաստանի վերջին դիվանագիտական նվաճումները դրա վառ ապացույցն են», - ասել է Պեսկովը:
Միաժամանակ, նա նշել է, որ Ուկրաինան խաղաղ կարգավորման պատրաստակամություն դեռևս չի դրսևորում:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդագրության համաձայն, Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Պեկինում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին:
Բարձրաստիճան հյուրին պետական պատիվներով դիմավորելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ժողովրդական համագումարների (խորհրդարանի) շենքի մոտ:
Նախքան Պեկին մեկնելը Մակրոնն ասել է, որ չինացի պաշտոնակցի հետ մտադիր է ի շարս այլ հարցերի քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղիները:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր և վաղը աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով:
Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովում քննարկվել է պաշտպանական ծախսերն ավելացնելու անհրաժեշտությունը:
Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, թե մոտ ապագայում յուրաքանչյուր անդամ երկիր պետք է իր համախառն ներքին արդյունքի առնվազն 2 տոկոսը տրամադրի զինված ուժերի հզորացմանը:
Պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսին հասցնելու որոշումը պետք է ընդունվի այս տարվա հուլիսին Լիտվայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Երեկվա հավաքում Ստոլտենբերգը վերստին խոսել է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ու, մասնավորապես, Բելառուսի տարածքում մարտավարական նշանակության միջուկային զենք տեղակայելու որոշման մասին, հիշեցնելով, որ այդ հայտարարությունից ընդամենն օրեր առաջ Ռուսաստանը և Չինաստանը հրապարակել են համատեղ հռչակագիր, որով պարտավորվել են միջուկային զենք չտեղակայել իրենց սահմաններից դուրս:
«Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու մասին հայտարարությունը հրապարակվել է ռուս-չինական համաձայնության ընդունումից հետո: Սա ընդամենն ապացուցում է, որ Ռուսաստանը դատարկ խոստումներ է տալիս, մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք Ռուսաստանի քայլերին», - ասել է Ստոլտենբերգը:
Միացյալ Թագավորությունն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի տեսահեռարձակումը, որի ընթացքում այսօր Ռուսաստանի հրավերով պետք է ելույթ ունենար երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։
Ռուսաստանցի պաշտոնյան, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետախուզվում են Միջազգային քրեական դատարանի կողմից:
«Մարիա Լվովա-Բելովան, ենթադրաբար, պատասխանատվություն է կրում ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման ռազմական հանցագործությունների համար: Նրան ՄԱԿ-ի հարթակ պետք չէ տրամադրվել ապատեղեկատվություն տարածելու համար: Եթե Մարիա Լվովա-Բելովան ցանկանում է պատմել իր գործողությունների մասին, նա կարող է դա անել Հաագայում», - հայտարարել է բրիտանական պատվիրակությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը այսօր պաշտոնական հանդիպում է կազմակերպել «հակամարտության գոտուց երեխաների տարհանման» թեմայով և Լվովա-Բելովային հրավիրել ելույթ ունենալու։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին «Թվիթեր»-ում գրել է, որ Մոսկվան Լվովա-Բելովայի ելույթը կկազմակերպի այլընտրանքային հեռարձակմամբ։
Առաջին պաշտոնական այցով Լեհաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Սա Զելենսկու երրորդ արտասահմանյան ուղևորությունն է պատերազմի մեկնարկից ի վեր։
Լեհաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ, Վարշավայում Զելենսկին կհանդիպի լեհ պաշտոնակից Անջեյ Դուդայի, վարչապետ Մատեուշ Մորավեցկիի, մի շարք նախարարների հետ, ինչպես նաև ուղերձով կդիմի լեհերին և հարևան այդ երկրում ապաստանած ուկրաինացի փախստականներին։
Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցող ևս երկու վրացի է սպանվել։ Զոհվածների անուններն ու մահվան հանգամանքները դեռևս չեն հաղորդվում։
Անցած շաբաթ հայտնի դարձավ Բախմուտում 29-ամյա Միխայիլ Մազանաշվիլիի մահվան մասին, որը նույնպես որպես կամավոր միացել էր ուկրաինական զինված ուժերին։
Վրացական աղբյուրների համաձայն, Ուկրաինայում, պատերազմի մեկնարկից ի վեր, զոհվել է 41 վրացի։