Ճապոնիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ արգելելով անօդաչու թռչող սարքերի, պողպատի և ալյումինի արտահանումը։ Այս մասին հայտնում է երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Արգելքն ուժի մեջ կմտնի ապրիլի 7-ից։
Անցյալ շաբաթ Ուկրաինա էր այցելել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Նա հայտարարել է Կիևին 5,5 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասին։ Գումարը կհատկացվի Ուկրաինայի էներգետիկայի վերականգնման, գյուղատնտեսության և տարածքների ականազերծման համար։ Տոկիոն նաև 30 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայի համար ոչ մահաբեր զենքին ձեռքբերմանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ շնորհակալություն է հայտնել Բախմուտ քաղաքն արդեն մի քանի ամիս կատաղի մարտերում պաշտպանող զինվորներին։
«Բախմուտ։ Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր անում են ամեն ինչ այնտեղ հակառակորդի կորուստները մեծացնելու համար։ Բրավո՛, տղերք», - ասել է նա։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ եթե ռուսներին հաջողվի գրավել Բախմուտը, Պուտինը այդ հաղթանակը «կօգտագործի Ուկրաինային զիջումներ պարտադրելու համար»։
Ուկրաինան հաստատում է, որ ռուսական ուժերը որոշակի հաջողություն են արձանագրել Բախմուտում, որտեղ թեժ բախումները շարունակվում են հինգ ամսից ավելի։
Միաժամանակ երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ ուկրաինական ուժերը մնում են քաղաքում և պատրաստվում են հակահարձակման։
Ու թեև վերջին շաբաթներին ռուսական կողմը ակտիվ հարձակողական գործողություններ է իրականացնում Ուկրաինայի արևելքում միանգամից մի քանի ուղղություններով, Ուկրաինայի ղեկավարությունը արդեն խոսում է սպասվող հակահարձակման ժամկետների մասին։
Երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբը նախատեսում է հակահարձակումը սկսել գարնանը, հավանաբար դա տեղի կունենա ապրիլ-մայիս ամիսներին, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը էստոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հավելելով, թե ուկրաինական հարձակումը ծրագրված է մի քանի ուղղություններով։
Ուկրաինայում պատերազմը շարունակվում է ավելի քան մեկ տարի, և Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի և հատկապես Միացյալ Նահանգների հետ պատերազմի պատճառով աննախադեպ սրվել են։ Չնայած այդ վատ հարաբերություններին, շատ արևմտյան լրագրողներ դեռևս հնարավորություն ունեին աշխատելու Ռուսաստանում։ Սակայն այսօր հայտնի է դարձել, որ Եկատերինբուրգում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանում հավատագրմված The Wall Street Journal-ի լրագրող, ամերիկացի Էվան Գերշկովիչը։
Չինաստանի հետ Եվրամիության հարաբերությունները կախված են այն դիրքորոշումից, որը Պեկինը կորդեգրի Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
«Եկեք անկեղծ լինենք՝ Չինաստանի վերաբերմունքը Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին կդառնա որոշիչ գործոն Եվրամիության ու Չինաստանի միջև հարաբերությունների համար», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան միաժամանակ ընդգծել է, որ Միությունն ուզում է դիվանագիտական կայունություն հաստատել Պեկինի հետ հարաբերություններում:
«Չինաստանի հետ կապերը խզելը ճիշտ չէ, դա չի բխում Եվրոպայի շահերից», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ տեղեկացնելով, որ մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահի հետ կայցելեն Պեկին՝ «անկեղծ ու բաց բանակցությունների»։
Ուկրաինան հաստատում է, որ ռուսական ուժերը որոշակի հաջողություն են արձանագրել Բախմուտում, որտեղ թեժ բախումները շարունակվում են հինգ ամսից ավելի։
Միաժամանակ Գլխավոր շտաբը պնդում է, որ ուկրաինական ուժերը մնում են քաղաքում և պատրաստվում են հակահարձակման։
Թե կոնկրետ որտեղ և ինչ հաջողությունների են հասել ռուսական ուժերը, պաշտոնական հաղորդագրությունը չի հստակեցնում։
Արևմտյան փորձագետների ուսումնասիրություններով՝ ռուսներին հաջողվել է օկուպացնել Բախմուտի հարավային ու հարավարևմտյան շրջանները։
Նախօրեին պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը հայտարարել է, թե, իրենց հաշվարկներով, ռուսական մասնավոր «Վագներ» ընկերության զինյալները գրավել են քաղաքի մոտ երկու երրորդը, որտեղ մինչ պատերազմը մոտ 70 հազար մարդ էր ապրում։
Եկատերինբուրգում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է The Wall Street Journal-ի լրագրող, ամերիկացի Էվան Գերշկովիչը, այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հանրային կապերի կենտրոնը։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ՌԴ ԱԳՆ-ում հավատարմագրված ամերիկյան The Wall Street Journal թերթի մոսկովյան բյուրոյի թղթակից՝ ԱՄՆ քաղաքացի, 1991 թվականին ծնված Էվան Գերշկովիչի անօրինական գործունեությունը, ով կասկածվում է ամերիկյան կառավարության շահերի օգտին լրտեսության մեջ», - հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։
Ըստ հաղորդագրության՝ Գերշկովիչը, «գործելով ամերիկյան կողմի ցուցումներով, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին»։
Նախօրեին Եկատերինբուրգում մի քանի լրատվամիջոցներ հաղորդել էին, որ լրագրող Էվան Գերշկովիչն անհետ կորել է: Գործընկերները հայտնել էին, որ նա Եկատերինբուրգ էր մեկնել` հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին` Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար:
WSJ-ը հերքում է իր լրագրողի հասցեին մեղադրանքները և պահանջում անհապաղ նրան ազատ արձակել:
Մինսկում բերման են ենթարկել Ալեքսեյ Մոսկալյովին՝ հակապատերազմական նկարի հեղինակ աշակերտուհու հորը։ Ռուսաստանում նրան երկու տարվա ազատազրկման են դատապարտել ռուսական բանակը բազմիցս «վարկաբեկելու» մեղադրանքով։
Անցյալ տարվա ապրիլին Մոսկալյովի դուստրը՝ Մաշան, դպրոցում արվեստի դասին նկարել էր Ուկրաինայի դրոշի մոտ կանգնած և երեխային Ռուսաստանից թռչող հրթիռներից պաշտպանող կնոջ։ Դպրոցի տնօրենը ոստիկանություն էր կանչել, հաջորդ օրը աղջկան դասից դուրս էին բերել և հոր հետ տարել բաժին։
Հայրը տնային կալանքի տակ էր հայտնվել: Մարտի 28-ին Ալեքսեյ Մոսկալյովը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, դատարանը նաև որոշել է, որ նրա դուստրը տեղափոխվելու է սոցիալական ծառայությունների խնամքի տակ։ Դատավճռի հրապարակման ժամանակ Մոսկալյովը ներկա չէր դատարանի դահլիճում, քանի որ մարտի լույս 28-ի գիշերը փախուստի էր դիմել տնային կալանքից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press գործակալության հետ զրույցում ասել է, որ եթե Բախմուտ քաղաքն անցնի Ռուսաստանի վերահսկողությանը, Պուտինն այդ հաղթանակը «վաճառելու է» Արևմուտքին, Չինաստանին, Իրանին և իր հասարակությանը՝ ուժի դիրքերից Կիևի վրա ճնշումն ավելի մեծացնելու համար։
Հարցազրույցում Զելենսկին նաև պատրաստակամություն է հայտնել Կիևում ընդունել Չինաստանի նախագահին, որը նախորդ շաբաթ Մոսկվայում էր։ «Ես ուզում եմ նրա հետ խոսել․ մենք շփվել ենք միայն պատերազմի մեկնարկին», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Պեկինը մշակել է ռուս-ուկրաինական կարգավորման իր պլանը, Արևմուտքը, սակայն, թերահավատ է դրա իրագործման հարցով՝ Չինաստանին զգուշացնելով որևէ կերպ չաջակցել Ռուսաստանին։
Ռուսական զորքերի կողմից բռնազավթված ուկրաինական Մելիտոպոլում այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել, ինչից հետո քաղաքի մի մասը և հարակից մի քանի գյուղեր հոսանքազրկվել են։
RIA Melitopol հրատարակության տվյալներով՝ պայթյունները լսվել են քաղաքի հյուսիսային մասում և ռազմական օդանավակայանի տարածքում, տեղի բնակիչները հաշվել են ընդհանուր առմամբ մինչև տասը պայթյուն։
Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ մեկ պայթյուն է տեղի ունեցել լոկոմոտիվային դեպոյի ենթակայանի մոտ։
«Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովն ասել է, որ քաղաքը գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Նա նաև հաստատել է, որ հարվածներ են հասցվել ենթակայանին և քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքի այլ օբյեկտների։ Նրա խոսքով՝ պայթյունների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Ռուսաստանին սահմանակից Սումիի մարզ։
2022 թվականի փետրվարին Սումիի մարզը ռուսական հարձակման հիմնական ուղղություններից մեկն էր, սակայն Մոսկվան այստեղ լուրջ հաջողությունների չէր կարողացել հասնել՝ մոտ մեկ ամիս տևած մարտերից հետո ստիպված լինելով նահանջել։
«Այստեղից ոչ շատ հեռու է գտնվում պետական սահմանը՝ սահման, որ չի կարող ջնջել և ոչ մի բռնապետ։ Ուկրաինացիները շարունակելու են ապրել այստեղ՝ գյուղերում ու քաղաքներում, որոնք մենք կվերականգնենք պատերազմից հետո», - Ախտիրկա քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Զելենսկին։
«Բրիտանական արտադրության Challenger 2 մակնիշի տանկերն արդեն արդեն մեր երկրում են», - այսօր հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Ուկրաինական ռազմական գերատեսչության ղեկավարն այդ մասին գրել է Тwitter-ի իր օգտահաշվում՝ ընդգծելով, որ «այդ ֆանտաստիկ մեքենաները մոտ ապագայում կսկսեն մարտական առաջադրանքներ կատարել»։
Բրիտանական արտադրության զրահատեխնիկայի մատակարարման մասին Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել էր փետրվարի սկզբին։ «Challenger 2 տանկերին կցված ուկրաինական անձնակազմերը վերջին մի քանի շաբաթներին վարժանքներ էին իրականացնում Մեծ Բրիտանիայի տարածքում և հայրենիք են վերադարձել օրերս», - տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։ Լրատվամիջոցը հիշեցնում է,որ Challenger 2 թվով 14 տանկերից բացի Լոնդոնը Ուկրաինա է առաքում նաև Bulldog մակնիշի 20 զրահամեքենա և АS-90 տեսակի հրանոթներ։