Մատչելիության հղումներ

Ուկրաինան հաստատում է, որ ռուսները որոշակի հաջողություն են արձանագրել Բախմուտում, և պատրաստվում է հակահարձակման


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ շնորհակալություն է հայտնել Բախմուտ քաղաքն արդեն մի քանի ամիս կատաղի մարտերում պաշտպանող զինվորներին։

«Բախմուտ։ Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր անում են ամեն ինչ այնտեղ հակառակորդի կորուստները մեծացնելու համար։ Բրավո՛, տղերք», - ասել է նա։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ եթե ռուսներին հաջողվի գրավել Բախմուտը, Պուտինը այդ հաղթանակը «կօգտագործի Ուկրաինային զիջումներ պարտադրելու համար»։

Ուկրաինան հաստատում է, որ ռուսական ուժերը որոշակի հաջողություն են արձանագրել Բախմուտում, որտեղ թեժ բախումները շարունակվում են հինգ ամսից ավելի։

Միաժամանակ երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ ուկրաինական ուժերը մնում են քաղաքում և պատրաստվում են հակահարձակման։

Ու թեև վերջին շաբաթներին ռուսական կողմը ակտիվ հարձակողական գործողություններ է իրականացնում Ուկրաինայի արևելքում միանգամից մի քանի ուղղություններով, Ուկրաինայի ղեկավարությունը արդեն խոսում է սպասվող հակահարձակման ժամկետների մասին։

Երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբը նախատեսում է հակահարձակումը սկսել գարնանը, հավանաբար դա տեղի կունենա ապրիլ-մայիս ամիսներին, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը էստոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հավելելով, թե ուկրաինական հարձակումը ծրագրված է մի քանի ուղղություններով։

Ուկրաինայում պատերազմը շարունակվում է ավելի քան մեկ տարի, և Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի և հատկապես Միացյալ Նահանգների հետ պատերազմի պատճառով աննախադեպ սրվել են։ Չնայած այդ վատ հարաբերություններին, շատ արևմտյան լրագրողներ դեռևս հնարավորություն ունեին աշխատելու Ռուսաստանում։ Սակայն այսօր հայտնի է դարձել, որ Եկատերինբուրգում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանում հավատագրմված The Wall Street Journal-ի լրագրող, ամերիկացի Էվան Գերշկովիչը։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության, Գերշկովիչը, «գործելով ամերիկյան կողմի ցուցումներով, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին»։

Ամերիկացի լրագրողին արդեն մեղադրանք է ներկայացվել, որով նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

WSJ-ը հերքում է իր լրագրողի հասցեին մեղադրանքները և պահանջում անհապաղ նրան ազատ արձակել:

Ընդ որում, սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանում լրտեսության համար ամերիկացի լրագրող է ձերբակալվում։

Պատրեազմը և հատկապես Ուկրաինայի գարնանային սպասվող հակահարձակումը է'լ ավելի են սրել ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Վերջին շաբաթներին Արևմուտքի ուշադրության կենտրոնում են նաև ռուս-չինական հարաբերությունները։

Ամեիրկյան Foreign Affairs պարբերականն այսօր գրել է, թե Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը հորդորել է պատրաստվել պատերազմի: Այս մասին Չինաստանի առաջնորդը ասել է վերջին օրերին իր ելույթներից մեկի ժամանակ։ Թե ում դեմ է որոշել պատերազմել Չինաստանը, ամերիկյան մեդիան չի հայտնում։

«Դեռ վաղ է ասել, թե ինչ են նշանակում այս իրադարձությունները։ Ամեն դեպքում, եթե Սի Ծինպինն ասում է, թե պատրաստվում է պատերազմի, հիմարություն կլինի լուրջ չընդունել նրա հայտարարությունը»,- գրում է Foreign Affairs-ը։

Միևնույն ժամանակ, Արևմուտքը հայտարարում է, թե իր հարաբերությունները Չինաստանի հետ կախված են լինելու Ուկրաինայում պատերազմի նկատմամբ Պեկինի դիրքորոշումից։

Այսօր այս մասին Չինաստան կատարելիք այցից առաջ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ շեշտելով, որ Չինաստանը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա Ուկրաինայում արդար խաղաղության հասնելու համար, և նրա դերը հակամարտությունում էական կլինի Եվրամիության հետ հարաբերությունների համար․ - «Չինաստանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, պարտավոր է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հիման վրա խաղաղության հասնելու և նրա տարածք ներխուժած ռուսական ուժերի դուրս բերման գործում»։

Եվրոպացի առաջնորդի կարծիքով, ակնհայտ է, որ Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները փոխվել են։ Այսօր այդ հարաբերություններում առաջին ջութակի դերում է Պեկինը, և Արևմուտքը ցանկանում է, որ Չինաստանը ճիշտ օգտագործի իր ազդեցությունը Ռուսաստանի վրա։

Մինչդեռ Մոկսվայի համար Ուկրաինա ներխուժելուց հետո Պեկինն է դարձել հիմնական քաղաքական և տնտեսական գործընկերը։ Սի Ծինպինը Մոսկվա էր այցելել և հանդիպել Պուտինի հետ այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահին կասկածում է պատերազմական հանցագործության մեջ, և նրան ձերբակալելու օրդեր էր դուրս գրել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG