Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:49 21.3.2023

Ճապոնիայի վարչապետն անակնկալ այցով ժամանել է Կիև, ճիշտ այն ժամերին, երբ Չինաստանի ղեկավարը Մոսկվայում է հանդիպումներ անցկացնում։

Տոկիոն այժմ նախագահում է Մեծ յոթնյակում, և ակնկալվում է, որ Ֆումիո Կիշիդան իր աջակցությունը կհայտնի Ուկրաինային ու կդատապարտի Ռուսաստանի հարձակումը հարևանի դեմ։

«Վարչապետը բացարձակ կերպով կմերժի ներխուժմամբ ու ուժով ստատուս քվոն փոխելու Ռուսաստանի քայլերը և իր հավատարմությունը կհայտնի միջազգային իրավունքին ու նորմերին», - հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարարությունը։

Մեծ յոթնյակի հաջորդ գագաթնաժողովն անցնելու է մայիսին Հիրոսիմայում։ Ըստ ճապոնական լրատվամիջոցների՝ գերտերությունները մտադիր են այդ հավաքին հրավիրել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

15:46 21.3.2023

Շարունակվում է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի այցը Մոսկվա։

Երեկ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Չինաստանի առաջնորդը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահին այս տարի հրավիրել է Պեկին։

Պուտինը երեկ ասել է, որ հարգանքով է վերաբերվում ռուս - ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու՝ Չինաստանի միջնորդական ջանքերին։

Միացյալ Նահանգները, մինչդեռ, բազմիցս է կոշտ հետևանքներով զգուշացրել, եթե Պեկինն աջակցի Մոսկվային։

15:45 21.3.2023

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ են լսվել, այդ թվում, տեղական Տելեգրամ ալիքների տվյալներով, ռազմական օդանավակայանի տարածքում: Վարկածներից մեկն այն է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են քաղաքի վրա։

Տեղական ռուսական իշխանությունները հայտարարել են հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի մասին։

Ըստ Ջանկոյի ռուսական իշխանությունների ներկայացուցիչների՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են մի քանի քաղաքացիական օբյեկտներ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ Ջանկոյում ոչնչացվել են ռուսական «Կալիբր» թևավոր հրթիռներ՝ երկաթուղով փոխադրելու ժամանակ։ Այդ տեղեկատվությունը հերքել է բռնակցված Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։ Նրա խոսքով՝ երկաթուղին ու ենթակառուցվածքները վնասված չեն, գնացքները շարժվում են ըստ չվացուցակի։ Նա նաև ասել է, որ «Ղրիմի հյուսիսում խոցված բոլոր անօդաչուների նպատակը քաղաքացիական օբյեկտներն էին»։

Ղրիմի ռուսական վարչակազմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ Ջանկոյ շրջանում հակաօդային պաշտպանության համակարգ է աշխատել։ Նախնական տվյալներով՝ բեկորները վնասել են տուն ու խանութ, մեկ մարդ տուժել է։ Ջանկոյ քաղաքի 33-ամյա բնակիչը միջին ծանրության վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

15:42 21.3.2023

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 8 հազար 317 խաղաղ բնակիչ, մոտ 14 հազարը վիրավորվել են:

Հաղորդագրությունում նշված է, որ իրական թվերը շատ ավելին են, քանի որ որոշ տեղերից, որտեղ ինտենսիվ մարտեր են, տեղեկություններ դեռ չեն կարող ստացվել, կամ դրանք չեն հաստատվել։

20:52 20.3.2023

«Առաջիկա մեկ տարում ԵՄ նախատեսում է Ուկրաինային շուրջ մեկ միլիոն հրետանային արկ մատակարարել», - հաղորդում է գերմանական DPA գործակալությունը՝ ԵՄ ղեկավար մարմիններին մոտ կանգնած իր աղբյուրները վկայակոչելով։

Այս տեղեկությունները սկսել են շրջանառվել ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների Բրյուսելում շարունակվող համաժողովի ֆոնին։

Դրա ընթացքում ԵՄ ներկայացուցիչները պետք է համաձայնեցնեն Ուկրաինային շուրջ 2 միլիարդ եվրոյի սպառազինության տրամադրման նոր փաթեթը։ Հունգարիան, սակայն, հայտարարել է, որ ուկրաինական բանակի համար սպառազինության գնմ

20:46 20.3.2023

Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունները։

Հանդիպման մեկնարկին Ռուսաստանի նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Սի Ծինպինին Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամի կարգավորման՝ պաշտոնական Պեկինի կողմից ներկայացված առաջարկներին, Ռուսաստանի նախագահը նշել է. - «Մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք կարգավորման չինական ծրագիրը և մեծ հարգանքով ենք վերաբերում դրան»:

20:44 20.3.2023

«Հունգարիան չի մասնակցի ԵՄ կողմից Ուկրաինայի համար նախատեսված զենքի գնման ծրագրին», - այսօր Բրյուսելում հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Հունգարական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը հնչել է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հավաքի ֆոնին։ Դրա ընթացքում դաշինքի անդամները պետք է ընդհանուր հայտարարի գային Ուկրաինային ևս 2 միլիարդ եվրոյի տրամադրման շուրջ։

Այդ գումարով նախատեսվում է ուկրաինական բանակի համար հրետանային արկեր և ականներ գնել։

18:25 19.3.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկինհայտարարել է հարյուրավոր անհատների, նրանց թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և «Շահիդ» անօդաչու թռչող սարքերի արտադրությանն առնչություն ունեցող իրանցիների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Զելենսկին երեկ հայտնել է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված 400-ից ավելի անհատների և ընկերությունների մեծ մասը ռուսաստանցի կամ ռուսաստանյան են և ընդգրկված են ռազմական արդյունաբերությունում, բայց «ահաբեկչությանն օգնող» իրանցիները և սիրիացիները նույնպես հայտնվել են «սև ցուցակում»:

Համաձայն Ուկրաինայի նախագահի հրամանագրի՝ Ասադի դեմ պատժամիջոցները սահմանվում են 10 տարով: Նոր պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև Սիրիայի վարչապետը և արտգործնախարարը:

Պատժամիջոցների ցանկում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հրամանատարը, այլ իրանցիներ:

18:23 19.3.2023

Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը խոստացել է հետևել Միջազգային քրեական դատարանի օրդերին և ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր երկիր նրա այցի դեպքում, հաղորդում է գերմանական Die Zeit պարբերականը:

«Ակնկալում եմ, որ Միջազգային քրեական դատարանն արագ կկապվի Ինտերպոլի և անդամ պետությունների հետ ու կպահանջի օրդերի կատարումը: Այնուհետև Գերմանիան պարտավոր կլինի ձերբակալել Պուտինին, երբ նա մուտք գործի գերմանական տարածք, և հանձնի նրան Միջազգային քրեական դատարանին», - ասել է Բուշմանը Bild am Sonntag պարբերականին:

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է իրավական գնահատական տալ «Գերմանիայի տարածքում ՌԴ քաղաքացու ձերբակալության՝ Միջազգային քրեական դատարանի ապօրինի պահանջը կատարելու մասին» Գերմանիայի արդարադատության նախարարի հայտարարություններին, հաղորդում է ՌԴ ՔԿ-ն:

13:19 19.3.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դոնբասի Մարիուպոլ քաղաք, որը ռուսական զինված ուժերն անցած տարվա գարնանն են վերցրել վերահսկողության տակ:

Այսօր վաղ առավոտյան Կրեմլի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը ժամանել է ուղղաթիռով, ապա ավտոմեքենայով շրջել է քաղաքի շրջաններով, ղեկին ինքն է եղել: Նա դիտել է մի շարք օբյեկտներ, զրուցել տեղացիների հետ:

Փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը ներկայացրել է Մարիուպոլի և արվարձանների շինարարության ու վերականգնման աշխատանքների ընթացքը: Խոսք է եղել, մասնավորապես, նոր բնակելի թաղամասերի, կրթական և սոցիալական օբյեկտների շինարարության մասին:

Խուսնուլինը հայտնել է նաև, որ Մարիուպոլը Դոնեցկին կապող ավտոմայրուղու շինարարությունն արդեն ավարտվել է:

Բացի այդ, Պուտինը Դոնի Ռոստովում «հատուկ ռազմական գործողության» հրամանատարական կետում խորհրդակցություն է անցկացրել, լսել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և այլ հրամանատարների զեկույցները, փոխանցում է Կրեմլը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG