Մատչելիության հղումներ

Գերմանիայի արդարադատության նախարարը խոստանում է ձերբակալել Պուտինին իր երկիր նրա այցի դեպքում


Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշման, արխիվ
Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշման, արխիվ

Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը խոստացել է հետևել Միջազգային քրեական դատարանի օրդերին և ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր երկիր նրա այցի դեպքում, հաղորդում է գերմանական Die Zeit պարբերականը:

«Ակնկալում եմ, որ Միջազգային քրեական դատարանն արագ կկապվի Ինտերպոլի և անդամ պետությունների հետ ու կպահանջի օրդերի կատարումը: Այնուհետև Գերմանիան պարտավոր կլինի ձերբակալել Պուտինին, երբ նա մուտք գործի գերմանական տարածք, և հանձնի նրան Միջազգային քրեական դատարանին», - ասել է Բուշմանը Bild am Sonntag պարբերականին:

Ի տարբերություն քրեական հետապնդման ազգային մարմինների, Միջազգային քրեական դատարանը կարող է նաև միջոցներ ձեռնարկել պետությունների ղեկավարների դեմ՝ իր նախադեպային իրավունքի համաձայն, հավելել է Բուշմանը:

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է իրավական գնահատական տալ «Գերմանիայի տարածքում ՌԴ քաղաքացու ձերբակալության՝ Միջազգային քրեական դատարանի ապօրինի պահանջը կատարելու մասին» Գերմանիայի արդարադատության նախարարի հայտարարություններին, հաղորդում է ՌԴ ՔԿ-ն:

Հաագայում տեղակայված դատարանը ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահին և նրան կից Երեխաների իրավունքների հանձնակատարին ձերբակալելու օրդեր է տվել: Դատարանը հայտարարել է, որ որոշման հիմքում ուկրաինացի հարյուրավոր երեխաների ապօրինի տեղահանումն է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից։

Կրեմլը «վրդովեցուցիչ և իրավունքի տեսակետից համար առոչինչ» է որակել Միջազգային քրեական դատարանի որոշումը:

XS
SM
MD
LG