Սպիտակ տան համոզմամբ՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման պայմաններ այսօր չկան:
Այդ մասին մարտի 2-ին ասել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Կարծում եմ՝ մի քանի ամիս առաջ, երբ այստեղ էր {Ուկրաինայի նախագահ Վլադիմիր} Զելենսկին, նախագահ Ջո Բայդենն այդ մասին խոսել է, ասելով, որ եթե Պուտինն իսկապես անկեղծ և լուրջ ցանկանա բանակցել խաղաղության շուրջ, ապա նախագահը կքննարկի դրա հնարավորությունը», - ասել է Քիրբին՝ նշելով, որ այդ մոտեցումը չի փոխվել:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Ուկրաինային մարտական օդանավերի տրամադրումը և Լեհաստանում դրանց սպասարկման ու նորոգման կենտրոնի տեղակայումը կնշանակի ՆԱՏՕ-ի ուղիղ ներքաշում Ռուսաստանի դեմ պատերազմում:
«Այդ որոշումը կայացնող բոլոր անձանց Ռուսաստանը կհամարի օրինական ռազմական թիրախներ», - Տելեգրամ ալիքում գրել է Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ դեռ 1920-ական թվականներին միջազգային ասպարեզում ճանաչում է ստացել թեզը, որի համաձայն երկիրը կարող է պատերազմի մասնակից համարվել, եթե սպառազեն տրամադրելուց զատ նաև իր տարածքում թշնամու զորակազմի ուսուցում է կազմակերպում:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր ասել է, թե չնայած ռազմավարական հարձակողական սպառազենի պայմանագրին մասնակցությունը սառեցնելու որոշմանը` Ռուսաստանը չի լինի առաջին երկիրը, որը կխախտի միջուկային փորձարկումների արգելման համաձայնագիրը:
«Եթե Միացյալ Նահանգները միջուկային փորձարկում չիրականացնի, մենք էլ դա չենք անի, բայց պետք է պատրաստ լինել վատթարին», - ասել է Ռյաբկովը:
Այդ մասին փոխնախարարը խոսել է Ժնևում ապառազմականացման հարցով տեղի ունեցած համաժողովից հետո:
«Ռուսաստանը 2000 թվականին վավերացրել է Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման պայմանագիրը, իսկ դրան նախորդել է միջուկային փորձարկումների երկարատև մորատորիում»,- ասել է Ռյաբկովը՝ նշելով, որ Մոսկվան չի ցանկանում դա խախտել:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Լոնդոնում անցկացվող Փափուկ ուժի համաշխարհային գագաթնաժողովի մասնակիցներին հասցեագրված տեսաուղերձում խոսել է սոցիալական ցանցերում հաղթանակի տեսլականն առաջ տանելու կարևորության մասին:
Նրա համոզմամբ` Ուկրաինայի հստակ հաղթանակի հայեցակարգի հաստատումը սոցիալական ցանցերում կօգնի բարձր մակարդակի վրա պահել դաշնակիցների աջակցությունը և վնասազերծել բացասական ազդեցությունը, որ կարող են հանրային կարծիքի վրա գործել ռազմաճակատից ստացվող լուրերը:
«Ե՛վ շարքային մարդիկ, և՛ քաղաքական գործիչները ներկա են սոցցանցերում: Հենց այդ պատճառով էլ սոցցանցերն ունեն շատ մեծ նշանակություն: Սոցիալական մեդիան մի յուրօրինակ առանձին ռազմաճակատ է, որտեղ պարտավոր ես շատ լուրջ կռվել: Ընդ որում Facebook-ը, Instagram-ը և TikTok-ը միմյանցից տարբերվում են: Սա շատ կարևոր հարց է», - ասել է Կուլեբան:
«Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարները Նյու Դելիում գումարված համաժողովում չեն համաձայնեցրել ամփոփիչ հայտարարությունը, քանի որ իրարամերժ մոտեցումներ են դրսևորվել Ուկրաինայի խնդրում:
«Մեծ քսանի» համաժողովի մասնակիցների գերիշխող մեծամասնությունը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, սակայն, ըստ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից առարկություններ են ներկայացվել:
«Կային հարցեր, որոնք, անկեղծ կասեմ, առնչվում էին Ուկրաինային, դրանց շուրջ եղել են տարաձայնություններ, որոնք մենք չկարողացանք հաղթահարել», - ասել է Ջայշանկարը:
Նյու Դելիում «Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքին մասնակցող Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովըկարճ զրույց են ունեցել: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան:
«Բլինքենը խնդրել է շփման մասին, նրանք ոտքի վրա են շփվել, բանակցություններ կամ հանդիպում չի եղել», - ասել է Զախարովան:
Ըստ անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի՝ կարճ զրույցի ընթացքում Բլինքենն անդրադարձել է երեք թեմաների:
Նա ռուսաստանցի պաշտոնակցին ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցությունն Ուկրաինային:
Պետքարտուղարը հորդորել է Մոսկվային վերանայել ռազմավարական հարձակողական սպառազենի պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու որոշումը:
Բացի այդ, Բլինքենը կոչ է ռուսական կողմին ազատ արձակել Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով դատապարտված ամերիկացի Փոլ Ուիլանին:
Նյու Դելիում «Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքին մասնակցող Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովըկարճ զրույց են ունեցել: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան:
«Բլինքենը խնդրել է շփման մասին, նրանք ոտքի վրա են շփվել, բանակցություններ կամ հանդիպում չի եղել», - ասել է Զախարովան:
Ըստ անանուն բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի՝ կարճ զրույցի ընթացքում Բլինքենն անդրադարձել է երեք թեմաների:
Նա ռուսաստանցի պաշտոնակցին ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցությունն Ուկրաինային:
Պետքարտուղարը հորդորել է Մոսկվային վերանայել ռազմավարական հարձակողական սպառազենի պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու որոշումը:
Բացի այդ, Բլինքենը կոչ է ռուսական կողմին ազատ արձակել Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով դատապարտված ամերիկացի Փոլ Ուիլանին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցով որևէ լուրջ առաջարկ մեկ տարի է՝ չի ստացվել:
Այդ մասին Լավրովն այսօր ասել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գումարված «Մեծ քսանի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովում:
«Պարկեշտ չէ մեզ ուղղել բանակցելու կոչեր: Մենք երբեք լուրջ բանակցություններից չենք հրաժարվել: Լուրջ առաջարկներ անցյալ տարվա մարտ ամսից չենք ստացել»,- ասել է Լավրովը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իր հերթին, հայտարարել է. - «Մենք պետք է շարունակենք կոչ անել Ռուսաստանին՝ վերջ տալ ագրեսիայի իր պատերազմին և դուրս գալ Ուկրաինայից՝ հանուն միջազգային խաղաղության և տնտեսական կայունության»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն «ահաբեկչական հարձակում» է անվանել Բրյանսկի շրջանում ուկրաինացիներին վերագրվող այսօրվա զինված հարձակումը:
«Դա հերթական հանցագործությունն է, տեսել են, որ քաղաքացիական մեքենա է, սովորական «Նիվա», որում քաղաքացիական անձինք են, երեխաներ, և կրակ են բացել», - ասել է Պուտինը:
Այդ մեկնաբանությամբ նա հանդես է եկել «Դաստիարակների դպրոց» պիլոտային կրթական ծրագրի մասնակիցների հետ առցանց հանդիպման ընթացքում:
Մոսկվան ուկրաինացիներին է վերագրում գրոհը: Մինչդեռ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Բրյանսկի շրջանում հարձակմանն ուկրաինացիների առնչության մասին Մոսկվայի լուրն անվանել է «կեղծիք»:
«Ռուսաստանում ուկրաինացի դիվերսանտների մասին պատմությունը դասական միտումնավոր սադրանք է: Դուք ձեր պարտիզաններից վախեցեք», - Թվիթերում գրել է Պոդոլյակը:
«Ազատություն»-ը և այլ միջազգային լրատվամիջոցներ կողմերից որևէ մեկի պնդումները հաստատող տեղեկություններ դեռ չունեն։
Ուկրաինայի հետ սահմանակցող Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն ասել է, որ այսօր առավոտյան ուկրաինացի դիվերսանտները ներխուժել են շրջան:
Անվտանգության դաշնային ծառայությունը փոխանցել է, որ «այս պահին սահմանամերձ շրջանում ընթանում է սահմանախախտներին վնասազերծելու գործողությունը»:
Բոգոմազի փոխանցմամբ, «դիվերսանտները հայտնվել են Բրյանսկի շրջանի Կլիմովսկի ենթաշրջանի Լյուբեչանե գյուղի տարածքում»:
Նահանգապետն ասել է, որ ուկրաինացիները կրակ են բացել մի ավտոմեքենայի վրա, մեկ մարդ զոհվել է, մի երեխա վիրավորվել է: Սուշանի գյուղն էլ ԱԹՍ-ի գրոհի է ենթարկվել:
Այլ մանրամասներ Բրյանսկի շրջանից դեռ չկան:
«Ազատություն»-ը և այլ միջազգային լրատվամիջոցներ այս պնդումները հաստատող տեղեկություններ դեռ չունեն։