Ռուսաստանյան տասնյակ քաղաքներում փետրվարի 24-ին հայտնվել են պատերազմի դեմ բողոքի բովանդակությամբ հուշատախտակներ, լուսանկարներ, գրություններ ու պաստառներ: Դրանք նվիրված են ռուս - ուկրաինական պատերազմի առաջին տարվան:
Կազանում հայտնաբերվել է հուշատախտակ՝ Լենինյան այգում Քաղաքական հալածանքների զոհերի արձանի մոտ տեղադրվել են Բուչայի, Մարիուպոլի և Դնեպրի (նախկին անունը՝ Դնեպրոպետրովսկ) իրադարձությունների մասին վկայող լուսանկարներ և պաստառ՝ «Ո՛չ պուտինյան պատերազմին» գրությամբ:
Հակապատերազմական բովանդակությամբ հուշատախտակներ են հայտնվել նաև Տոմսկում, Նովոսիբիրսկում, Մուրմանսկում և այլ մեծ ու փոքր բնակավայրերում:
Խաբարովսկում բերման են ենթարկել պատերազմի դեմ բողոքող տեղացի ակտիվիստին, Վլադիվոստոկում ձերբակալել են «Մի՛ պատերազմեք» պաստառով պիկետի դուրս եկած բնակիչներից մեկին: Այդ երկու քաղաքացիներին ոստիկանները հետագայում ազատ են թողել առանց արձանագրություն կազմելու:
Իրավապահները հերթապահում են տեղերում և անմիջապես հեռացնում են հուշատախտակներն ու գրությունները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմրի Զելենսկուն առաջարկել է մասնակցել ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովին, որը նախատեսված է Վիլնյուսում:
«Զելենսկուն հրավիրել եմ Վիլնյուսում հուլիսին գումարվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- այսօր տեղեկացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:
Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահն ի զորու կլինի ոչ թե առցանց, այլ առկա մասնակցել հավաքին, միաժամանակ նշելով, թե, իհարկե, ընդունում է, որ կախված կլինի կոնկրետ իրավիճակից:
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ՆԱՏՕ-ի 30 անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը պետք է տեղի ունենա այս տարվա հուլիսի 11-ից 12-ը:
Լեհաստանն այսօր Ուկրաինա կուղարկի Leopard 2 տեսակի գերմանական արտադրության հրասայլերից մի քանիսը: Վարշավան խոստացել է ընդհանուր հաշվով 14 այդօրինակ տանկ տրամադրել Կիևին:
Ենթադրվում է, որ տանկերի առաքումը սկսելու լուրը կհրապարակի Կիև մեկնած Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
Հունվարի 25-ին Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինա կուղարկի 14 հրասայլ և մյուս երկրներին թույլ կտա դա անել:
Ուկրաինային արևմտյան արտադրության հրասայլեր տրամադրելու խոստումներ են տվել Բրիտանիան, Նորգվեգիան, Սլովակիան, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան:
Կիևը հուսով է առաջին խմբաքանակով ստանալ արևմտյան արտադրության մոտ 140 հրասայլ 12 երկրներից:
Փետրվարի 23-ից 26-ը մոլորակի տարբեր երկրներում տեղի են ունենում Ուկրաինայի հետ համերաշխության ակցիաներ, որոնց նշանաբանն է «Լույսը կհաղթի խավարին»՝ #LightWillWinOverDarkness:
Այդ համաշխարհային ակցիաների ընթացքում նախատեսված են ցույցեր, պիկետներ, երթեր, համերգներ, ինստալյացիաներ և պերֆորմանսներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ:
Ակտիվիստները դատապարտում են Ուկրաինայի վրա 2014 թվականից սկսված Կրեմլի հարձակումը:
Ակցիաների կազմակերպիչներն են աշխարհի տարբեր երկրներում գործող ուկրաինական սփյուռքի կենտրոնները, համակարգողի դերում է Communities Army of Ukraine՝ «Ուկրաինայի համայնքների բանակը» կազմակերպությունը:
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը El Periodico իսպանական օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե միությունը չի ցանկանում Ռուսաստանի քայքայում:
«Մենք չենք սատարում Ուկրաինային Ռուսաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու համար և, անկեղծ ասած, Ռուսաստանի քայքայում չենք ուզում», - ասել է Բորելը:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին այսօր ժամանել է Կիև, որտեղ կմասնակցի Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի նիստին, հայտնել է «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կշիշտոֆ Սոբոլևսկին:
Նրա խոսքով՝ վարչապետը Գերագույն ռադայի հատուկ նիստում (այն նվիրվելու է պատերազմի առաջին տարելիցին) Ուկրաինայի ժողովրդին կհավաստիացնի լիակատար աջակցության մասին:
Բացի այդ, նա Ուկրաինայի ղեկավարներին կներկայացնի Լեհաստան Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կատարած վերջին այցի արդյունքները:
Մեծ Բրիտանիան ընդլայնել է ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ընդգրկելով Պուտինի շրջապատի ներկայացուցիչների և 34 խոշոր մենեջերների, որոնք կապված են «Ռոստեխ» և «Ալմազ-Անթեյ» պետական ընկերությունների հետ: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Ռոսատոմ»-ի և «Գազպրոմ»-ի ղեկավարները: Ընդհանուր առմամբ նոր պատժամիջոցներ են սահմանվել 92 անձի նկատմամբ։
Մասնավորապես, պատժամիջոցների տակ է հայտնվել Ալինա Կաբաևայի մայրը, ով, ըստ լրատվամիջոցների, միլիոնավոր ռուբլիների անշարժ գույք ունի, Տուլայի նահանգապետ Ալեքսեյ Դյումինը, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և թվային զարգացման նախարար Մաքսուտ Շադաևը:
Մեծ Բրիտանիան նաև արգելք է սահմանում այն բոլոր բաղադրիչների արտահանման վրա, որոնք Ռուսաստանը մինչ օրս օգտագործել է մարտի դաշտում։ Սա ներառում է ավիացիոն մասեր, ռադիոսարքավորումներ և էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք կարող են օգտագործվել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կողմից, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։
Չինաստանն այսօր հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ դիրքորոշումը։ Փաստաթղթի տեքստը տեղադրված է Չինաստանի ԱԳՆ կայքում, այն ներառում է 12 կետ։
Պաշտոնական Պեկինը հրապարակած հայտարարությունում կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և սկսել բանակցային գործընթացը։
«Բոլոր կողմերը պետք է պահպանեն ռացիոնալությունը և զսպվածությունը, կրակի վրա յուղ չլցնեն, չսրեն հակամարտությունները, խուսափեն ուկրաինական ճգնաժամի հետագա սրումից կամ նույնիսկ իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալուց», - ասված է փաստաթղթում։
Չինաստանը երկխոսությունն ու բանակցություններն անվանում է «ուկրաինական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը» և կոչ անում բոլոր կողմերին աջակցել Մոսկվային և Կիևին «միմյանց ընդառաջ շարժվելու» և ուղիղ երկխոսությունը հնարավորինս շուտ վերսկսելու հարցում։
Ընդգծվում է, որ համաշխարհային հանրությունը պետք է պայմաններ և հարթակ ստեղծի բանակցությունների վերսկսման համար։
«Երկխոսությունն ու բանակցությունները ուկրաինական ճգնաժամի լուծման միակ հնարավոր ճանապարհն են», - ընդգծում է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր առցանց հանդիպում կանցկացնի Մեծ յոթնյակի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է Սպիտակ տունը:
Հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից ուղիղ մեկ տարի անց, արևմտյան առաջնորդները ծրագրում են վաղը հայտարարել նոր պատժամիջոցների մասին նրանց դեմ, ովքեր օգնում են ռուսական ռազմական մեքենային, ասված է հաղորդագրությունում:
«Մեծ յոթնյակը դարձել է Ռուսաստանին մեր ուժեղ և միասնական պատասխանի հենակետը», - հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան-Պիերը: Նրա խոսքով՝ այսօր առաջնորդները կքննարկեն Ուկրաինային աջակցության շարունակականությունը և Ռուսաստանի վրա ճնշումների ավելացումը:
Պատժամիջոցները կվերաբերեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, որոնք կապված են ռուսական բանկերի, տեխնոլոգիական և պաշտպանական ոլորտների գործունեության հետ։
ԱՄՆ-ը նաև կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի տնտեսական, անվտանգության և էներգետիկ ոլորտներում աջակցություն, հավելել է Սպիտակ տան խոսնակը։
Ավստրալիայի կառավարությունն այսօր հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինա, և հայտնել է նոր ֆինանսական պատժամիջոցների մասին՝ 90 ֆիզիկական և 40 իրավաբանական անձանց նկատմամբ: