Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:18 24.2.2023

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նիստում բանաձև ընդունեց՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս հանել իր զորքերը։

141 երկիր կողմ է քվեարկել, 32-ը` ձեռնապահ, այդ թվում` Հայաստանը։ Ձեռնպահների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՊՀ անդամ Կենտրոնական Ասիայի երկրները։ Ընդամենը 6 երկիր է կանգնել Ռուսաստանի կողքին՝ նրա հետ դեմ քվեարկելով բանաձևին` Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Մալին, Էրիթրեան ու Նիկարագուան։

Մի քանի երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, բացակայել են՝ քվեարկությանը չեն մասնակցել։

Մինչ քվեարկությունը ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ այս քվեարկությունը կմնա պատմության մեջ։ «Հակամարտության մեկամյա տարելիցին մենք կտեսնենք, թե աշխարհի ժողովուրդները որտեղ են կանգնած Ուկրաինայի խաղաղության հարցում», - նշել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը։

Ծավալված քննարկումներում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, թե արևմտյան ճամբարի համար շատ ավելի դժվար է դարձել մոբիլիզացնել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ աջակցելու Ռուսաստանի դեմ իրենց «խաչակրաց արշավանքին»: Նա պնդել է, որ քվեարկության դրվող բանաձևը հակառուսական է և վնասակար։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ՄԱԿ-ի ամբիոնից ասել է, որ նորագույն պատմության մեջ երբեք այսքան հստակ չի եղել բարու և չարի սահմանը. - «Մի երկիր պարզապես ցանկանում է հեռանալ, մյուսն ուզում է սպանել ու ոչնչացնել»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ասել է, որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու տարելիցը մռայլ հանգրվան է Ուկրաինայի ժողվորդի և միջազգային հանրության համար: Նրա խոսքով՝ ռուս - ուկրաինական պատերազմը նաև հրահրում է տարածաշրջանային անկայունություն, գլոբալ լարվածություն և տարաձայնություններ, ուշադրությունն ու ռեսուրսները շեղում մյուս ճգնաժամերից ու հրատապ գլոբալ խնդիրներից։

«Մինչդեռ մենք լսել ենք միջուկային զենք օգտագործելու անուղղակի սպառնալիքներ։ Միջուկային զենքի այսպես կոչված տակտիկական կիրառումը բացարձակապես անընդունելի է։ Ժամանակն է նահանջել եզրագծից», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

15:05 23.2.2023

«Ղրիմի կամուրջն ամբողջովին բաց է ավտոմոբիլային երթևեկության համար», - այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը։

Ռուսաստանը Ղրիմին կապող կամուրջը պայթեցվել է անցած աշնանը` հոկտեմբերի 8-ին, զոհվել էր 5 մարդ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն՝ պնդելով, որ պայթյունը կազմակերպել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։

Կիևը բազմիցս հայտարարել է, որ կամուրջը համարում է օրինական ռազմական թիրախ, սակայն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։

Ռուսաստանում պայթյուն նախապատրաստելու մեղադրանքով 8 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացի 37-ամյա Արթուր Տերչանյանը, ում հետաքննությունը կասկածում է կամուրջը պայթեցնելուց առաջ պայթուցիկներ տեղափոխելու մեջ։ Եվս երկու հայ՝ Գեորգի Ազատյանը և նրա կրտսեր եղբայրը՝ Արտյոմ Ազատյանը մեղադրվում են պայթուցիկ նյութեր պահելու մեջ։

15:03 23.2.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարության օդանավ է կործանվել Բելգորոդի շրջանում, այսօր իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Վալույսկի քաղաքային շրջանում Պաշտպանության նախարարության ինքնաթիռ է կործանվել, այժմ տեղում աշխատում են քննչական խումբը և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները»,- գրել է նա։

Գլադկովի փոխանցմամբ՝ միջադեպի պատճառները պարզվում են: ՏԱՍՍ-ին ուժային կառույցից հայտնել են, որ Սու-24-ի օդաչուն կատապուլտի է դիմել:

15:02 23.2.2023

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակը երեկ «զարհուրելի» և «է՛լ ավելի անպատասխանատու» է անվանել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին իր մասնակցությունը սառեցնելու Մոսկվայի որոշումը՝ ասելով, որ պայմանագիրը միջուկային տերությունների միջև փոխգործակցության «կենսական գործիք» էր և հիմք է հանդիսացել միջուկային զենքի գլոբալ չտարածման համար:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը որպես միջուկային տերություններ պատասխանատվություն են կրում իրենց ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ աշխարհի մարդկանց առջև:

«Մենք շատ ուշադիր հետևելու ենք, թե իրականում ինչ կանի Ռուսաստանը հայտարարությունից հետո», - ասել է Փրայսը՝ խոստանալով, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, եթե «Ռուսաստանի կողմից ձեռնարկվեն ինչ-որ քայլեր, որոնք կպահանջեն մեր դիրքորոշման որոշակի փոփոխություն»:

18:47 22.2.2023

Վարշավայում հյուրանոցի դիմաց, որտեղ իջևանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մի խումբ լեհ և ուկրաինացի ակտիվիստներ այսօր ակցիա են կազմակերպել՝ նրան կոչ անելով F-16 կործանիչներ տրամադրել Ուկրաինային։

«Մենք նրանից միայն մեկ բան ենք խնդրում ՝ F-16, քանի որ կարծում ենք՝ դա միակ բանն է, որը կարող է խաղաղություն վերադարձնել աշխարհին», - ասել է լեհ ակտիվիստ Նատալիա Պանչենկոն։

15:41 22.2.2023

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր ասել է, որ Ուկրաինայում պատերազմը «անհեթեթ է ու դաժան», և կրակը դադարեցնելու ու բանակցությունների կոչ է արել։

Երկու օրից լրանում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու մեկ տարին։ Հռոմի Պապն ասել է, որ դա «տխուր տարելից» է, և ինքը «մոտ է Ուկրաինայի նահատակ ժողովրդին»։

Ֆրանցիսկոսն ասել է, որ իրական հաղթանակը Ուկրաինայում չի կարող կառուցվել ավերակների վրա։

09:09 22.2.2023

«Արդեն այս շաբաթ Միացյալ Նահանգներն ու դաշնակից պետությունները կհայտարարեն Ռուսաստանի դեմ սահմանվող նոր պատժամիջոցների մասին», - երեքշաբթի երեկոյան Վարշավայում, դիմելով քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում հավաքված հազարավոր մարդկանց, հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը։

«Մեկ տարի առաջ աշխարհը սպասում էր Կիևի անկմանը։ Ես, սակայն, նոր եմ վերադարձել Կիևից և կարող եմ ձեզ զեկուցել՝ այն կանգուն է, հպարտ է և ամենակարևորը՝ այն ազատ է», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը։

Ջոզեֆ Բայդենի խոսքով` Ռուսաստանի նախագահի նախապատերազմական հաշվարկներից որևէ մեկն այդպես էլ չարդարացավ՝ նախևառաջ ուկրաինացիների համառ դիմադրության և Հյուսիսատլանտան դաշինքի միասնության շնորհիվ։

«Պուտինն այլևս որևէ կասկած չունի մեր կոալիցիայի ուժի մեջ։ Նա, սակայն, դեռևս կասկածում է, թե որքանո՞վ ենք մենք նվիրված այս գործին, արդյո՞ք Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակական կլինի, և արդյո՞ք ՆԱՏՕ-ն միասնական կմնա։ Կասկածները, սակայն, անհիմն են։ Ուկրաինային ցուցաբերվող մեր աջակցությունն անսասան է, ՆԱՏՕ-ն չի պառակտվի, մենք էլ չեն հոգնի», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը։

«Ավտոկրատ առաջնորդին չի կարելի խաղաղեցնել, հակառակը՝ նրանց հարկավոր է ընդդիմանալ։ Այդպիսի առաջնորդները միայն մեկ բառ են հասկանում՝ ոչ։ Այնպես որ, Ռուսաստանը Ուկրաինայում հաղթանակի չի հասնի», - ասում էր Բայդենը։

Ընդհանուր առմամբ, ըստ Ջո Բայդենի, Ռուսաստանի նախագահն իր առջև դրված գլոբալ խնդիրներին ևս չի կարողացել հասնել։ «Նրան թվում էր, թե Ուկրաինայի դեմ հարձակմամբ Արևմուտքը թուլանալու է, սակայն տեղի ունեցավ հակառակը», - համոզված է Միացյալ Նահանգների նախագահը։

22:56 21.2.2023

Միացյալ Նահանգներն իր անսասան աջակցությունն է հայտնում Ուկրաինային և հանձնառությունն՝ ամրապնդելու ՆԱՏՕ-ի արևելյան թևը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Միացյալ Նահանգների առաջնորդի Լեհաստանում ունեցած ելույթը հաջորդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Դաշնային ժողովին հղած ուղերձին, որում նա հայտնեց՝ Մոսկվան սառեցնում է մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին։

Բայդենն իր ելույթում նաև արձանագրեց՝ Ուկրաինան ամուր կանգնած է ռուսական ներխուժումից մեկ տարի անց, և Մոսկվան երբեք չի հաղթի իր հարևանին։ Միաժամանակ նա մերժեց Մոսկվայի պնդումները, թե Արևմուտքը ծրագրում է հարձակվել Ռուսաստանի վրա:

«Եվս մեկ անգամ ասում եմ՝ ԱՄՆ-ն և Եվրոպայի ազգերը չեն ձգտում վերահսկողության տակ վերցնել կամ ոչնչացնել Ռուսաստանը։ Միացյալ Նահանգները չի ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա», - ընդգծեց Բայդենը։

Լեհաստան Ջոզեֆ Բայդենը մեկնել էր Կիևից։

19:11 21.2.2023

Ռուսական բանակը շարունակում է գրոհներն Ուկրաինայում: Խերսոնում այսօր հրետակոծվել է հանրային շուկան և հասարակական տրանսպորտի կանգառներից մեկը: Զոհվել է առնվազն 6 բնակիչ, ևս 12 մարդիկ վիրավորվել և հիվանդանոց են փոխադրվել:

«Ռուսական կառավարությունը ծանր հարվածների է ենթարկում Խերսոնը, նորից անխնա սպանվում են խաղաղ մարդիկ»,- Տելեգրամ-ալիքում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ, ռուսները «Գրադ» տեսակի հրթիռներով են հարվածել Խերսոնին: Քաղաքն ամիսներ շարունակ գրեթե մշտապես գրոհների է ենթարկվում:

15:11 21.2.2023

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատների՝ Դաշնության խորհրդի և Պետական դումայի օրենսդիրներին, հրավիրված բարձրաստիճան քաղաքական ու հանրային գործիչներին հասցեագրված ամենամյա ուղերձում այսօր հայտարարել է, թե Արևմուտքն է սանձազերծել ներկայիս պատերազմը:

«Ռուսաստանը չի պատերազմում Ուկրաինայի ժողովրդի դեմ, Ուկրաինայի ժողովուրդը դարձել է կիևյան ռեժիմի և դրա արևմտյան տերերի պատանդը»,- հայտարարել է Պուտինը:

Նա պնդել է, թե Ռուսաստանն ամեն բան արել է ուկրաինական ճգնաժամը խաղաղ եղանակով կարգավորելու համար, «սակայն նրա թիկունքում բոլորովին այլ սցենար է մշակվել»:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG