Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ ռուսական օդուժն այս գիշեր 32 թևավոր հրթիռ է արձակել, որոնցից 14-ը խոցվել է, հրթիռներից մի քանիսը հասել են նպատակակետերին՝ հարվածելով կենսական նշանակության ենթակառուցվածքներին:
Ուկրաինայի պաշտոնական տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ քաղաքում զոհվել է 79-ամյա կին, 7 մարդ վիրավորվել է, վնասվել են բնակելի տներ, արդյունաբերական ձեռնարկություններ։
Հաղորդվում է նաև Պոլտավայի, Լվովի, Կիրովոգրադի շրջաններին հասցված հարվածների մասին։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ ռուսական օդուժն այս գիշեր 32 թևավոր հրթիռ է արձակել, որոնցից 14-ը խոցվել է, հրթիռներից մի քանիսը հասել են նպատակակետերին՝ հարվածելով կենսական նշանակության ենթակառուցվածքներին:
Ուկրաինայի պաշտոնական տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ քաղաքում զոհվել է 79-ամյա կին, 7 մարդ վիրավորվել է, վնասվել են բնակելի տներ, արդյունաբերական ձեռնարկություններ։
Հաղորդվում է նաև Պոլտավայի, Լվովի, Կիրովոգրադի շրջաններին հասցված հարվածների մասին։
Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցներով սահմանափակումներ են մտցվում բազմաթիվ արդյունաբերական ապրանքատեսակների նկատմամբ, որոնց կարիքը Ռուսաստանն ունի և չի կարողանում ներկրել երրորդ երկրներից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ներկայացնելով Մոսկվայի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի մանրամասները:
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրամիությունը մասնավորապես կարգելի Ռուսաստան արտահանել էլեկտրական սարքավորումներ, մասնագիտացված մեքենաներ, մեքենաների դետալներ, բեռնատարների և ռեակտիվ շարժիչների պահեստամասեր: Բացի այդ, ցանկում ներառվել են շինարարության ոլորտի համար նախատեսված ապրանքներ, որոնք կարող են կիրառվել նաև Ռուսաստանի զինված ուժերի կարիքների համար՝ ալեհավաքներ, վերամբարձ կռունկներ։
Միացյալ Նահանգների կառավարության Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովը, որը հայտնի է նաև որպես Հելսինկյան հանձնաժողով, Ավստրիայի արտգործնախարարությանը կոչ է արել վիզաներ չտրամադրել Ռուսաստանի պատվիրակությանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու համար, որն անցկացվելու է հաջորդ շաբաթ Վիեննայում։
Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը, նրա տեղակալ, սենատոր Բեն Քարդինը և կոնգրեսական Սթիվ Քոենը նամակ են ուղարկել Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգին՝ խնդրելով վերանայել ռուսական պատվիրակությանը վիզաների տրամադրման հարցը։
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը համընկնում է Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման տարեդարձին և լինելու է պատերազմի սկզբից ի վեր Խորհրդարանական վեհաժողովի առաջին դեմ առ դեմ հանդիպումը Ռուսաստանի և Բելառուսի մասնակցությամբ:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարն այսօր կայցելի Էստոնիա։
Լլոյդ Օսթինը հանդիպումներ կունենա իր էստոնացի գործընկերոջ և երկրի վարչապետի հետ: Կողմերը կքննարկեն Ուկրաինային աջակցության, երկկողմ պաշտպանական համագործակցության և ՆԱՏՕ-ի գործունեության հետ կապված հարցեր:
Նախատեսվում է, որ պաշտպանության նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Այսօր Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցած բրիֆինգում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է դաշնակիցների կողմից Ուկրաինային նոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ ժամանակը էական նշանակություն ունի։
«Ողջունում եմ ՆԱՏՕ-ի դաշնակիցների աջակցության խոստումները, ներառյալ ավելի ծանր սպառազինություններն ու ռազմական ուսուցումը։ Դա շատ կարևոր է։ Ուկրաինան կշեռքի նժարը թեքելու հնարավորության պատուհան ունի, և ժամանակn էական է»,- ասել է Ստոլտենբերգը։
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպմանը քննարկվել են Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակելու հարցերը և դաշինքի ռազմական ծախսերը։
Ռուսական ուժերը հրթիռակոծել են ուկրաինական Պոկրովսկը, Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ առնվազն 12 մարդ է վիրավորվել, երկու մարդ դեռևս գտնվում է փլատակների տակ։
Տելեգրամի իր էջում նա գրել է, որ այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում Պոկրովկսի «Սոլնեչնի» բնակելի միկոշրջանը ռուսական ուժերը հրթիռակոծել են «Սմերչ» համակարգով։
«Ռոյթերսի» տեսանյութում փրկարարները հրշեջ մեքենայի սանդուղքով հրետակոծված շենքի վերջին հարկից տարհանում են տուժածներին։
Ոստիկանության խոսնակ Օլեքսանդրա Հավրիլկոն ասել է, որ փրկարարները բնակելի շենքի հինգերորդ հարկից փլատակների տակից դուրս են բերել մի տղամարդու։
«Փառք Աստծո, նա ողջ է, նույնիսկ կարողացել է ինքնուրյուն իջնել սանդուղքով։ Մեր բուժաշխատողները նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց»,-ասել է նա։
Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն ռադայում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով պետք է չեղյալ հայտարարվեն մարտի 8-ի, մայիսի 1-ի և մայիսի 9-ի տոները:
Օրինագիծը հեղինակել են տարբեր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մարտի 8-ի Կանանց միջազգային օրվա փոխարեն փետրվարի 25-ին՝ բանաստեղծուհի Լեսյա Ուկրաինկայի ծննդյան օրը, նշել Ուկրաինուհու օրը, իսկ մարտի 9-ին նշել բանաստեղծ Տարաս Շևչենկոյի ծննդյան օրը:
Առաջարկվում է նաև չեղարկել մայիսի 1-ի Աշխատավորների օրը և մայիսի 9-ի Հաղթանակի օրը: Փոխարենը, օրինագծի հեղինակների համոզմամբ, պետք է մայիսի 8-ը սահմանել որպես Հիշատակի և հաշտության օր, իսկ մայիսի երկրորդ կիրակին դարձնել Մոր օր:
Կրեմլը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների առաջնորդած ՆԱՏՕ-ն թշնամական կառույց է, որը հետզհետե ավելի է ներգրավվում ռուս-ուկրաինական հակամարտությանը:
«Նախևառաջ ՆԱՏՕ-ն մի կազմակերպություն է, որը թշնամաբար է տրամադրված մեր նկատմամբ և դա ամեն օր է ապացուցում: Բնականաբար, մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է Ուկրաինային արևմտյան արդիական սպառազենի նոր խմբաքանակ տրամադրելու մասին ՆԱՏՕ-ի ղեկավարների հայտարարություններին:
«Գաղտնիք չէ, որ մեր զինծառայողներն առաջնագծում օտարերկրացի վարձկանների լեզուներ են լսում: Արդյոք սա կփոխի՞ իրադարձությունների ընթացքը: Ոչ, չի՛ փոխի: Կրկնում ենք՝ սա կարող է միայն երկարաձգել հակամարտությունը և ուկրաինացի ժողովրդի տառապանքները, բայց իրադարձությունների ընթացքը փոխել չի կարող»,- ասել է Պեսկովը:
Ուկրաինային հրատապ կարգով նոր սպառազեն է անհրաժեշտ, այսօր Բրյուսելում ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը: Նա հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս երկրները կօգնեն Ուկրաինային:
«Շփման խումբը վերահաստատել է, որ կօգնի Ուկրաինային գարնանային հակահարձակման ընթացքում առաջ գնալ: Միասնական ջանքերով և հրատապ կարգով մենք կտրամադրենք այն աջակցությունը, որը խոստացել ենք»,- ասել է Օսթինը:
Նրա խոսքով, Կրեմլը տակավին հուսով է, որ Արևմուտքը կհոգնի այդ պատերազմից, իսկ մատակարարումները կսպառվեն:
«Բայց արդեն մեկ տարի է մենք միասնական ենք առավել, քան երբևէ: Մենք միավորվել ենք պաշտպանելու աշխարհը, որը ղեկավարվում է օրենքներով, որտեղ հարգում են ինքնիշխանությունը և պաշտպանում են խաղաղ բնակիչներին»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: