Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:38 14.2.2023

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է լարված: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«Իրավիճակը, դժբախտաբար, լարված է, հիմնական մարտահրավերը ՀԱՊԿ-ի և դրա առանձին անդամ երկրների ներքին կացության քայքայմանն ուղղված արևմտյան որոշ էլիտաների ապակայունացնող գործունեությունն է», - ասել է գեներալ-գնդապետը:

Նրա փոխանցմամբ` ուշադրության կենտրոնում են մնում ընդհուպ Բելառուսի և Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի հարձակողական ենթակառուցվածքի մոտեցումը և ուկրաինական ճգնաժամի պայմաններում Բալթյան երկրների ագրեսիվ հռետորաբանությունը:

«Այդ պայմաններում՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտության վտանգի բարձր աստիճանը, Կովկասում Հավաքական անվտանգության շրջանում ճգնաժամի սրմանը նպաստում են այդ տարածքում ամրապնդվելու, Կասպյան պաշարներին հասնելու և Կենտրոնական Ասիա ուղիղ մուտք ապահովելու առանձին երկրների փորձերը», - հայտարարել է Սիդորովը:

14:36 14.2.2023

ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային փոխանցել ժամանակակից F-16 կործանիչներ կամ թույլտվություն տալ դրանց վերաարտահանման համար, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները Վաշինգտոնում։

Ըստ պարբերականի՝ Միացյալ Նահանգների պաշտոնյաները խոստովանում են, որ հավանաբար Կիևին կտրամադրեն «ավելի առաջադեմ ավիացիան, քանի որ պատերազմը ձգձգվում է, կամ գոնե կանաչ լույս կտան այլ երկրներից F-16-երի տեղափոխմանը»:

Հրատարակության տվյալներով՝ ինքնաթիռների տրամադրման հարցը կքննարկվի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։

Կիևի համար կործանիչների մատակարարման հարցը «ոչ պակաս կարևոր» է, քան զինամթերքի մատակարարման հարցը, նշել են FT-ի զրուցակիցները։

18:52 13.2.2023

«Ուկրաինայի կողմից զինամթերքի ծախսման ներկայիս տեմպերը մի քանի անգամ գերազանցում են դրանց արտադրության առկա տեմպերը», - այսօր Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ սպառազինության ծախսման նման ծավալների հետևանքով՝ «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմարդյունաբերական համալիրները լուրջ ճնշման ներքո են հայտնվել»։

Չնայած դրան, Ստոլտենբերգը պնդում է, որ դաշինքը շարունակելու է աջակցել Ուկրաինային։

«Սպառազինությունը, վառելիքը, պահեստամասերը պետք է Ուկրաինա հասնեն մինչև այն պահը, երբ նախաձեռնությունը ռազմի դաշտում կանցնի Ռուսաստանին», - Ստելտենբերգի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը։

16:59 13.2.2023

Ուկրաինայի Խերսոնի և Սումիի շրջանները կիրակի օրը հրետակոծվել են ռուսական զորքերի կողմից, հաղորդում են տեղական իշխանությունները:

Խերսոնի քաղաքային խորհրդի տվյալներով՝ օրվա ընթացքում ռուսական բանակը 20 անգամ հրետակոծել է քաղաքը, մեկ մարդ վիրավորվել է և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

Սումիի շրջանի վարչակազմը հաղորդում է Ռուսաստանին սահմանակից շրջանների վրա մի քանի հրետանային և ականանետային հարձակումների մասին: Տուժածների մասին տվյալներ չկան։

16:32 13.2.2023

«Եթե ես վարչապետ լինեի, երբեք չէի հանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ», - կիրակի օրը երեկոյան Միլանում հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ, երկրի իշխող կոալիցիայի անդամ «Ֆորցա Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բերլուսկոնին։

«Մենք տեսնում ենք այն ավերածությունները, որ կան Ուկրաինայում, այն զոհերը, որ արձանագրվում են ուկրաինացի զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս ամենը տեղի չէր ունենա, եթե դադարեցվեին Դոնբասի երկու ինքնավար հանրապետությունների դեմ հարձակումները։ Այնպես որ, ես Զելենսկու պահվածքը շատ-շատ բացասական եմ գնահատում», - հայտարարում էր Բերլուսկոնին։

Իտալիայի նախկին վարչապետը նաև կոչ է արել պաշտոնական Վաշինգտոնին դադարեցնել սպառազինության առաքումները Ուկրաինա։

«Կարծում եմ, որ ԱՄՆ նախագահը պետք է մի կողմ քաշի Զելենսկուն և ասի՝ «ես մտադիր եմ պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի վերականգնման նպատակով «Մարշալի պլան» նախաձեռնել։ Պատրաստ եմ 6, 7, 8, 9 միլիարդ դոլար տրամադրել, բայց մի պայմանով՝ եթե վաղը հրադադար հայտարարեք։ Հակառակ դեպքում մենք ձեզ այլևս ոչ գումար կտրամադրենք, ոչ էլ զենք»։ Միայն նման պահվածքն է, որ կստիպի [Զելենսկուն] համաձայնել հրադադարի կնքմանը», - համոզված է Բերլուսկոնին։

15:54 13.2.2023

ՀԱՊԿ անդամները պետք է ի վերջո հստակեցնեն իրենց դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում, այսօր Մինսկում, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ զրույցում, նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Եթե որևէ մեկին թվում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը մեր հակամարտությունը չէ և կարելի է հանգիստ ինչ-որ տեղ նստել և սպասել, թե ինչ կլինի, ապա այդ մարդիկ սխալվում են, նման բան չի լինի», - հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ ՀԱՊԿ անդամ երկրները այդ ընտրությունը ստիպված լինեն կատարել արդեն մոտ ապագայում՝ «բառացիորեն վաղը»։ Դիմելով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարին՝ Բելառուսի նախագահը նաև կոչ է արել ջանքեր գործադրել դաշինքի սահմանների երկայնքով առկա հակամարտությունները լուծելու ուղղությամբ։

«Դուք լավ գիտեք Կովկասը և Կենտրոնական Ասիան։ Այնտեղ մենք խնդիրներ ունենք։ Եկեք փորձենք լուծել դրանք և հնարավորության սահմաններում միավորենք կազմակերպությունը», - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ զրույցում նշում էր Բելառուսի նախագահը։

09:11 13.2.2023

Ուկրաինայում գերեվարված երկու ռուսներ, ովքեր պնդում են, թե հավաքագրվել էին «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության կողմից կալանավայրում, ամերիկյան CNN հեռուստաընկերությանը պատմել են մարտերում ռուսական զորքերի զանգվածային կորուստների մասին:

Ռուսները գերի էին ընկել անցյալ տարվա վերջին։ Երկուսն էլ նախկինում կրել են երկարաժամկետ ազատազրկում, մեկը դատապարտված էր 20 տարվա բանտարկության՝ սպանության համար:

Բանտարկյալները նկարագրել են Լուգանսկի շրջանում Բելոգորիվկայի վրա կատարված հարձակումը։ Ըստ նրանց՝ իրենց ջոկատում գտնվող 90 հոգուց 60-ը զոհվել են հրետանային կրակի տակ: «Վագներ»-ի մարտիկները պնդել են, թե ծանր կորուստները չեն խանգարում հարձակման շարունակությանը։

Գերի ընկած վարձկաններն ասում են, որ նրանք, ովքեր նահանջում են առանց առաջադրանքը կատարելու, գնդակահարվում են տեղում։ CNN-ի զրուցակիցներից մեկը պատմել է մի դեպքի մասին, երբ հարձակման գնալուց հրաժարված մարտիկին գնդակահարել են. նրան ստիպել են փորել սեփական գերեզմանը։ Միաժամանակ, ըստ բանտարկյալների, մարտադաշտից վիրավորների տարհանումն ապահովված չէ:

Բանտարկյալները պատմել են, որ իրենց գաղութում հավաքագրումն իրականացրել է անձամբ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը` խոստանալով ներում վեց ամիս ռազմաճակատում գտնվելուց հետո, ինչպես նաև դրամական պարգևներ և վարկերի մարում:

18:33 12.2.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով ուժի մեջ է մտել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի հետ կապված 200 անձանց նկատմամբ։ Նրանց թվում են ՌԴ նախագահի օգնականներ Յուրի Ուշակովը և Լարիսա Բրիչևայան, «Ռոսատոմի» բարձրագույն ղեկավարությունը։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։ Պատժամիջոցները կիրառվում են ֆիզիկական անձանց, ներառյալ՝ որոշ ռուս քաղաքական գործիչների, քաղաքագետների, պետական ձեռնարկությունների ղեկավարների և աշխատակիցների նկատմամբ 50 տարի ժամկետով։

Ցուցակում ընդգրկված են նաև ՌԴ կառավարության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախկին ղեկավարը՝ նախարարների կաբինետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Բորովկովը, «Ռոստեխնաձորի» ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ֆերապոնտովը։

Պատժամիջոցների ենթարկված անձանց մի զգալի մասը «Ռոսատոմի» ներկայացուցիչներ են։

18:32 12.2.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը չեն դադարում։

«Մենք ուղղակիորեն լսել ենք Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները այս թեմայով: Նրանց նպատակն էր բացել «երկրորդ ճակատը», - ասել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով՝ այդ նպատակով Ուկրաինայից Վրաստան է ուղարկվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Եվ բազմաթիվ սադրանքներ կան, որոնք, ցավոք, հիմա էլ չեն դադարում»,- հավելել է վարչապետը։

Մինչդեռ Ղարիբաշվիլին կարծում է, որ, չնայած մարտահրավերներին, Վրաստանի իշխանություններին հաջողվել է խուսափել պատերազմից։

«Մեր հիմնական խնդիրը եղել է, կա և կլինի պաշտպանել մեր ժողովրդի շահերը: Մենք կկայացնենք միայն այն որոշումները և կանենք այն աշխատանքը, որն անհրաժեշտ է մեր երկրին և մեր ժողովրդին», - ընդգծել է Ղարիբաշվիլին:

18:31 12.2.2023

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հեռախոսով քննարկել են Արևմուտքի կողմից Կիևին հրետանու և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր, հայտնում են Պենտագոնից։

Այդ հարցերն, իրենց հերթին, կբարձրացվեն հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հետ քննարկման ժամանակ։

Նշվում է նաև, որ Ռեզնիկովը տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG