Գերագույն ռադան Ուկրաինայի ներքին գործերի նախարար նշանակեց Իգոր Կլիմենկոյին։ Իշխող ուժի խմբակցության պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը սոցցանցում գրել է, որ Կլիմենկոյին ներկայացրել է վարչապետը, 321 պատգամավոր պաշտպանել է նրա առաջարկը։
2023 թվականի հունվարի 18-ին ուղղաթիռի աղետի հետևանքով զոհվեցին Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Դենիս Մոնաստիրսկին ու նախարարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Իգոր Կլիմենկոն մինչ այս ղեկավարում էր Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։
Գերագույն ռադան այսօր հաստատեց Ուկրաինայի նախագահի առաջարկը՝ անվտանգության ծառայության ղեկավար նշանակվեց գեներալ Վասիլի Մալյուկը։
Շուրջ յոթ ամիս նա փաստացի ղեկավարում էր այդ կառույցը՝ 2022-ի հուլիսից կատարելով անվտանգության ծառայության ղեկավարի պարտականությունները։
Այսօր վաղ առավոտյան Մոսկվայից 120 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարք է պայթել։ Այս մասին սոցիալական ցանցերում արված գրառմամբ տեղեկացրել է Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան։
Պաշտոնյայի խոսքով՝ ԱԹՍ-ն պայթել է մարզի անտառներից մեկում՝ 50 մետր բարձրության վրա։ Դրոնի պատկանելության մասին ռուսական աղբյուրները չեն հաղորդում։
Սա Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարքի ի հայտ գալու երկրորդ դեպքն է։ Առաջին անգամ մարզի տարածքում հարվածային դրոններ խոցվել էին հոկտեմբերի 12-ին՝ «Շայովկա» ավիաբազայի մերձակայքում։ Այստեղ տեղակայված է Ռուսաստանի ԶՈւ 52-րդ գվարդիական ավիացիոն գունդը։
Ռուսաստանը և Իրանը ծրագրում են Ռուսաստանի տարածքում ձեռնարկություն բացել՝ արտադրելու իրանական անօդաչու թռչող սարքեր՝ նման այն դրոններին, որոնք ռուսական բանակն օգտագործում է Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ հրապարակման զրուցակիցների՝ հունվարի 5-ին իրանական պատվիրակությունը ժամանել է Ռուսաստանի Թաթարստան հանրապետության Ելաբուգա քաղաք, այցելել դատարկ տեղանք, որտեղ ապագայում նախատեսվում է գործարան կառուցել:
Տեղեկության համաձայն՝ նոր ձեռնարկությունը կկարողանա արտադրել առնվազն 6 հազար անօդաչու թռչող սարք։ Երկու երկրները նախատեսում են նաև արտադրել ավելի արագաշարժ անօդաչու թռչող սարք, որը նվազ խոցելի կլինի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար, հայտնում է WSJ-ը:
Նախագիծը երկու երկրների միջև 1 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի մի մասն է:
Ռուսաստանցի և իրանցի պաշտոնյաները չեն արձագանքել թերթի խնդրանքներին՝ մեկնաբանել այս տեղեկությունները, նշում է The Wall Street Journal-ը:
Կիևում հերքում են պաշտպանության նախարար Ալեքսեյ (Օլեքսիյ) Ռեզնիկովի մոտալուտ հրաժարականի մասին տեղեկությունները։
«Կառավարության պաշտպանական բլոկում այս շաբաթ փոփոխություններ չեն լինի», - Telegram-ում այսօր գրել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան՝ հերքելով նախօրեին իր իսկ հնչեցրած հայտարարությունները։
Դրանց համաձայն՝ Ռեզնիկովին պաշտպանության նախարարի պաշտոնում պետք է փոխարիներ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլո Բուդանովը։ Այդ նույն տեղեկատվության համաձայն՝ Ռեզնիկովը պետք է զբաղեցներ ռազմական արդյունաբերության նախարարի պաշտոնը։
Օրերս մամուլում հրապարակվել են հոդվածներ ուկրաինական բանակի համար պարենն ուռճացված գներով ձեռք բերելու մասին: Դրանից հետո պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը և պետգնումների վարչության փոխտնօրեն Բոհդան Խմելնիցկին հրաժարականներ են ներկայացրել: Այժմ նրանք մեղադրվում են կոռուպցիայի և Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունը խոչընդոտելու համար:
Financial Times պարբերականի փոխանցմամբ, General Dynamics ամերիկյան ընկերությունը M1 Abrams տեսակի հրասայլեր է արտադրելու Ուկրաինայի համար:
Օհայո նահանգի Լիմա ավանում ընկերության մասնաճյուղն ամեն ամիս այդ տեսակի 12 հրասայլ է արտադրում և սպասում է նախևառաջ Ուկրաինայի համար պատվերները կատարելու կարգադրության:
Financial Times-ի փորձագետները նշել են, որ Abrams տեսակի հրասայլերի սպասարկումը բավական բարդ է և վառելիքի մեծ սպառման պատճառով լուրջ նյութատեխնիկական աջակցություն է պահանջում:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուկրաինան Abrams-ներ կստանա ամենաշուտը 2023-ի տարեվերջին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորության հարցը ուսումնասիրության փուլում է։
«Զենքի մատակարարման հարցը դիտարկվել և մերժվել է Իսրայելի նախորդ կառավարության կողմից, ես կուսումնասիրեմ այս թեման և կտամ պատասխան, որը ընդունելի եմ համարում»,- ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ որոշումը կընդունվի՝ «հաշվի առնելով Իսրայելի ազգային շահերը»։
Նա հավելել է, որ Երուսաղեմը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
Ուկրաինան հայտնել է, որ պատերազմի ընթացքում մոտ 131 հազար 300 ռուսաստանցի զինծառայող է զոհվել, նրանցից 700-ն՝ անցած երկու օրում:
Ըստ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի՝ ռուսները կորցրել են 3220 հրասայլ, 6405 զրահամեքենա և 2226 հրետանային համակարգ:
Ընթացող պատերազմի պայմաններում անկախ աղբյուրները չեն կարող հերքել կամ հաստատել այդ տվյալները: Արևմուտքի փորձագետների տվյալներով՝ Ուկրաինայում զոհված և վիրավորված ռուսաստանցի զինծառայողների ընդհանուր թիվը մոտեցել է 200 հազարի:
Ռուսական հրթիռները հարվածներ են հասցրել Խարկովի կենտրոնին, հարձակման է ենթարկվել քաղաքի Կիևի շրջանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կա չորս տուժած։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ հրթիռներից մեկն ընկել է բնակելի թաղամասի վրա։
Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը ենթադրել է, որ Խարկովը հարձակման է ենթարկվել երկու С-300 հրթիռներով։ Նա հաստատել է, որ մեկ հրթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա։ Երկրորդ հարվածի արդյունքում ավերվել է տեղի համալսարանի շենքը։
Կանադան շաբաթ օրը Ուկրաինա է ուղարկել առաջին Leopard 2 տանկը, ասել է պաշտպանության նախարար Անիտա Անանդը։
Նա հավելել է, որ Օտտավան կշարունակի Կիևին տրամադրել «անհրաժեշտ սարքավորումներ»:
Հունվարի վերջին պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարեց, որ Կանադան ծրագրում է Ուկրաինային մատակարարել Leopard 2 չորս տանկ։ Կանադական Toronto Star թերթը նշել է, որ Օտտավան այդ տեխնիկայի հետ միասին կփոխանցի պահեստամասեր և զինամթերք, ինչպես նաև կսովորեցնի ուկրաինացի զինվորականներին դրանք օգտագործել։